Փորձել ենք քաղաքացիներին ներշնչել, որ գիտակցված ընտրություն կատարեն

FotorCreatedՍահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը ՀՅԴ-ն ամփոփում է իր աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ քարոզչական խմբերը անց են կացրել մոտ 60 հանդիպում՝ Երևանում ու մարզերում: Եղել են հանդիպումներ մինչև 650 մարդու ներկայությամբ Կապանում, 350 մարդու ներկայությամբ՝ Վանաձորում, Աշտարակում, և հանդիպումներ 200,150,100, նույնիսկ Երևանում, 2-3 տեղում 30-40 մարդու հետ հանդիպում: ՀՅԴ քարոզչական խմբերը փորձել են ներկայացնել սահմանադրական փոփոխությունների իրենց հիմնավորումները, փաստարկները, ամեն հանդիպման ժամանակ պատասխանել են 10-15 քաղաքացիների հարցերին:

«Մենք մեզանից կախված ամեն ինչ արեցինք բարեխղճորեն : Իսկապես լարված աշխատանք ենք կատարել, չհաշված լրատվամիջոցներով ու հեռուստատեսությամբ մեր քարոզչական նյութերի տարածումը, 60 շտաբներում կազմակերպական աշխատանքները: Ցավոք այս ընթացքում մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք «ոչ»-ի ճամբարի հետ բովանդակային քննարկումներ կատարել: Իրենք հրաժարվում են այդ տեսակ քննարկումներից: Եթե մենք հիմնավորում էինք մեր տեսակետները, ապա մյուս ճամբարը ուներ երկու հիմնական ասելիք. քանի որ ինքն է նախաձեռել, ուրեմն վատ բան է,կարծես սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու այլ տարբերակ կար:Երկրորդ փաստարկը, քանի-որ ինքն է նախաձեռնել, ուրեմն նպատակը վերարադրվելն է»,-ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ ՀՅԴ համոզմամբ, հակառակը, խորհրդարանական համակարգը էապես նվազեցնում է որևէ ուժի վերարտադրվելու հավանականությունը:

Նրա խոսքով` «ոչ» ասողների հիմնական մասը «ոչ» էր ասում նաև 2005թ-ի սահմանադրական փոփոխություններին, ինչը նշանակում է, որ այս փոփոխություններին ոչ ասելով, նրանք «այո» են ասում իրենց «ոչ»ասած 2005թ-ի Սահմանադրությանը: Աղվան Վարդանյանը նշեց, որ երկրում խնդիրները շատ են, մարդկանց դժգոհությունը `ամենուրեք, կա նաև հիասթափություն ու անտարբերություն մարդկանց մոտ, բայց դա չի նշանակում, որ եթե պատասխանատու քաղաքական ուժը ունի իր պատկերացումը և ծրագիրը երկրի զարգացման վերաբերյալ, ուրեմն չպետք է ամեն ինչ անի, որ հասարակության մեջ մեծանա մասնակցելու ցանկությունը:

«Միշտ ասել ենք, Հայաստանում երևի մի 10-15 հոգուց բացի մարդ չկա, որը փոփոխություն չի ցանկանում: Մեր պատկերացրած փոփոխությունը հենց համակարգայինն է, ինչը մեխանիզմներ կձևավորի և նոր քաղաքական կյանքի հնարավորություն կստեղծի: Մեր նպատակները երբեք չեն եղել ինչ-որ անձանց բացառելը, անձանց տեղավորելը, այլ այնպիսի համակարգ ստեղծելը, որի պարագայում մեր պետությունը հնարավորինս կկենսագործվի: Վստահ ենք, որ նոր Սահմանադրությունը այդ հնարավորությունը կտա մեր հանրությանը: Մենք նաև շեշտել ենք, որ ամենավատ բանը, որ անում են ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, մարդկանց հուսահատեցնելն ու անտարբերության մղելն է, թե իբր իրենցից ոչինչ կախված չէ:Մենք, հակառակը, փորձել ենք մեր քաղաքացիների մեջ վստահություն և ինքնահարգանք ներշնչել, որ իրենք գիտակցված կատարեն իրենց ընտրությունը, գիտակցեն, որ իրենք կարող են բան փոխել այս երկրում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե պետք է քաղաքացիները գիտակցեն դեկտեմբերի վեցին անցկացվող հանրաքվեի կարևորությունը: «Մենք դեկտեմբերի վեցին պատմական ջրբաժանի առաջ ենք կանգնած: Երկու դեպքում էլ՝ «այո»-ի և «ոչ»-ի դեպքում էլ մեր ճշմարտությունը ապացուցվելու է»,-ասաց նա և նշեց, թե «այո»-ի դեպքում ապացուցելու են, որ իրավիճակը փոխվելու է և երկիրը ժողովրդացման ճանապարհի վրա կդնեն՝ խորքային փոփոխություններ իրականացնելով, որն ամեն մեկի տունը կմտնի,ավելի արդար Հայաստանի Հանրապետություն կունենանք, իսկ «ոչ»-ի դեպքում էլ պետք է հաստատվի, բայց պեսիմիզմը, այսինքն՝ շարունակվելու է այն մղձավանջը, որի մեջ գտնվում ենք:

«Լռության օրը լավ մտածել և հաջորդ օրը գնալ դուռ բացել սերունդների և նոր Հայաստանի համար: Կողմնորշվել և վճռական «այո» ասել», – խոսքի վերջում Արմեն Ռուստամյանը սթափության կոչ արեց։

Տպել Տպել