Ավստրալիայի Հայ դատի տարեկան ճաշկերույթին հանգանակվել է 100.000 ավստրալիական դոլար

FotorCreatedԴեկտեմբերի 4-ին Սիդնեյի Միրամար ճաշասրահում տեղի է ունեցել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթը: Ինչպես տեղեկացնում է Armenia Media-Armenian news from Australia ֆեյսբուքյան էջը՝ ավելի քան 200 հայերի կողքին տարեկան ճաշկերույթին ներկա էին նաեւ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ավստրալիայի ֆինանսների նախկին նախարար, հայազգի Ջո Հոգին, Նոր Հարավային Ուելս նահանգի ֆինանսների նախարար, հայազգի Կլադիս Պերեճիքլյանը, Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրը, Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության հանձնախմբի նախագահ Ջոնաթան Օտեյը, Քրիստոնյա ժողովրդավար կուսակցության նախագահ Ֆրեդ Նայլը, Ավստրալիայիում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը, ինչպես նաեւ Ավստրալիայի եւ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամներ:

Ավստրալիայի Հայ դատի տարեկան ճաշկերույթին ներկա էր նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Հայ Դատի հանձնախմբի գործավար Արին Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին, խորհրդարանի անդամներին, ովքեր հայության համար այս կարևոր տարում՝ Ցեղասպանության 100 ամյակին, կանգնեցին հայ ժողովրդի կողքին ու Ավստրալիայի խորհրդարանում պաշտպանեցին հայության իրավունքները:

Հայ Դատի հանձնախմբի խնամակալ կազմի անդամ Կարինե Թորոսյանը երախտագիտություն է հայտնել ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությանը՝ որպես Հայ դատի ու հայ ժողովրդի արդար պահանջի պաշտպան միության:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Գահրամանյանն էլ իր խոսքում նշել է. << Ժամանակը եկել է, որ ջահը հանձնեմ ուրիշին այնպես, ինչպես տարիներ առաջ ջահը հանձնվեց ինձ: Ձեր աջակցությամբ եւ Ձեր քաջալերանքով է, որ, սիրելի ներկաներ, Հայ դատի հանձնախումբը արձանագրեց այն նվաճումները, որոնց մասին ամեն տարի հպարտորեն անդրադառնում ենք այս բեմից>>:

Դավիթ Իշխանյանն իր հերթին երախտագիտության խոսք է ուղղել Ավստրալիայի հայ համայնքին, խորհրդարանի անդամներին այս տարիներին տարված աշխատանքների համար, որոնց շնորհիվ Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը: «Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը եւ հակամարտության կագավորման արդյունքը պետք է հանդիսանան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացումը, որը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից,- ասել է Դ. Իշխանյանը եւ ավելացրել,- ուզում եմ այս հարթակից մեկ անգամ եւս բարձրաձայնել , որ որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում Ղարաբաղը չի կարող լինել: Սա է Արցախի ժողովրդի որոշումը: Մենք հավատարիմ ու հաստատակամ ենք այն սկզբունքներին, որոնց համար նահատակվեցին մեր հազարավոր ընկերներն ու եղբայրները»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի խնամակալ կազմի ատենապետ Գոգո Սողոմոնյանը ներկայացրել է հանձնախմբի՝ գալիք շրջանի ծրագրերն ու նախատեսված աշխատանքները:

Ապա Վաչե Գահրամանյանը եւ Գոգո Սողոմոնյանը Ավստրալիայի ֆինանսների նախկին նախարար, հայազգի Ջո Հոգիին հանձնել են Հայ դատի հանձնախմբի «Ազատության հուշանվեր»-ը՝ Հայ դատի պայքարում իրականացրած աշխատանքների համար:

Երեկոյի ընթացքում Ջո Հոգին ՀՀ Սփյուռքի նախարարության հատուկ հրամանագրով պարգեւատրվել է Սփյուռքի նախարարության ոսկե շքանշանով եւ ՀՀ նախագահի հատուկ հրամանագրով արժանացել «Մխիթար Գոշ» շքանշանի:

2015 թվականի Հայ դատի հանձնախմբի բարեկամի պարգեւը շնորհվել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրին՝ Հայ դատի աշխատանքներին ի նպաստ գործունեության համար:

Երեկոյի ընթացքում տեղի են ունեցել նվիրատվություններ, որոնց շնորհիվ հանգանակվել է 100,000 ավստրալիական դոլար:

aparaj.am

Տպել Տպել