Դաշնակցությունը ձևավորվեց այն պահին, երբ հրապարակված էր հայ ժողովրդի մահապատիժը

FotorCreatedՀՅԴ 125-ամյակին նվիրված` «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովի մասնակից ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց կուսակցության գործունեությանը: «Դաշնակցության 125-ամյա պատմությունը մեր ժողովրդի պատմության անքակտելի մասն է: Իբրև պատասխանատու կուսակցություն` մեր ժողովրդի վերջին` 100-150 տարվա պատմության բոլոր դրվագներում Դաշնակցության դերն ու ձեռագիրը կա»,- ասաց Մկրտչյանը` հավելելով. «Դեռևս 18-20 թվերին էր, որ մենք ընտրեցինք եվրոպական պետականաշինության ձևաչափը` պառլամենտական հանրապետությունը: Դեռևս 90-ականների սկզբին մենք հանդես եկանք մի նախագծով, որտեղ ամրագրվում էր պառլամենտական ընտրական համակարգը»:

Անդրադառնալով ՀՅԴ-ի պատմության լավ և վատ էջերին` Մկրտչյանն ընդգծեց, որ ինչպես մարդու կյանքում չի կարելի ասել ամենալավն ու ամենավատը, նույն էլ, ժողովրդի ու կուսակցության կյանքում: «Դաշնակցությունը ձևավորվեց այն պահին, երբ հրապարակված էր հայ ժողովրդի մահապատիժը: Սուլթան Համիդի ժամանակ սկսվեց Հայոց ցեղասպանությունը, և Դաշնակցությունը փորձ կատարեց և կարողացավ ղեկավարել մահվան դատապարտված ժողովրդի հուսահատ պայքարը»,- նշեց Լևոն Մկրտչյանը:

Նա խոսեց նաև սահմանադրական հանրաքվեի մասին: «Ես, որպես մարդ, ով 90-ականների սկզբից քաղաքական դաշտում է, կարող եմ ասել, որ մենք, վեցյակի նախագիծի շրջանակներում պառլամենտական կառավարման ձևաչափն էինք պատկերացնում: Մենք գտնում ենք, որ իշխանության ցրման և հավասարակշռման պառլամենտական համակարգն է արդյունավետ: Սա մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս ամենը ներմուծել քաղաքական շահերի դաշտ, վերածել ընտրապայյքարի, մեզ համար ընդունելի չէ, քանի որ մենք լուծում ենք մեր երկրի հիմնական օրենքի խնդիրը»,- ասաց ՀՅԴ-ականը:

Տպել Տպել