Հավատալ և գործել

Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը ՀՅ Դաշնակցության 125 ամյակի տոնակատարությանը

FotorCreatedՍիրելի’ բարեկամներ, ընկերներ, Դաշնակցության՝ երեք դարերի վրա երկարող էպիկական ներկայությունը մեկ բացատրություն ունի: Այն մեր ինքնության, մեր տեսակի, մեր հայկականության հարազատ արտացոլումն է: Իբրև գաղափար և իբրև կառույց: Այլ գաղտնիք գոյություն չունի:

Մեր մշակույթի, մեր հոգևոր կյանքի, մեր ռազմիկի ու գյուղացու ազնվականության արդյունք ինքնությունից, հայկականությունից ցանկացած օտարում դաշնակցության վախճանը կլինի: Մեր աշխարհիկ կյանքի Աստվածաշունչը սա է՝ մեր հայկականությունը:

Ցավոք, Դաշնակցության ընկալումը հաճախ միակողմանի է: Այդ ընկալման մեջ ուժը, մարտունակությունը երբեմն գերակշռում են հոգևոր-մշակութային խորքին: Մինչդեռ Դաշնակցության, նրա էության, ճանաչողության համար նույն դերակատարությունն ունեն մի կողմից Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Սողոմոն Թեհլերյանը, մյուս կողմից՝ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Հովհաննես Թումանյանը: Որքան դաշնակցական է «Մենք անկեղծ զինվոր ենք» երգը, նույնքան դաշնակցական է «Ամպի տակից ջուր է գալիս»-ը:

Եվ մեր ժողովրդի, հայկականության հարազատ այս ցոլացման պատճառով է, որ Դաշնակցությունը մշտապես թիրախ է եղել ոչ միայն հայության կազմակերպված, ինքնուրույն ուժ դառնալը բացառող օտարների, այլ հաճախ նաև՝ մեր ներսի հարմարվող-պատեհապաշտների համար:

Քննադատությունը չի սպանում: Ուժեղացնում է, եթե դու վստահ ես քո ճանապարհին, եթե հավատարիմ ես քո էությանն ու սկզբունքներին:

Եվ միշտ դժվար է Դաշնակցության գործը: Դժվար էր երեկ, դժվար է այսօր, դժվար է լինելու վաղը:

Դժվար, անասելի դժվար էր մեր նախնիների գործը, երբ երկու հսկա կայսրությունների միջև հայկական ինքնուրույն կազմակերպված ուժի ստեղծումը հղացան և, սարսափների միջով անցնելով, անկախ պետականություն կերտեցին: Դժվար, անասելի դժվար էր նրանց գործը, երբ հարկադիր տարագրության մեջ կազմակերպեցին սփյուռքը, ողնաշար պահեցին, Հայ դատը աշխարհի քաղաքական օրակարգ բերեցին:

Նրանք այդ արեցին, որովհետև հավատում ու աշխատում էին: Հավատում էին Հայաստանին: Գործում էին պատասխանատվությամբ:

Այդ նրանք են արել՝ մեր նախնիները:

Դաշնակցության պատմության դափնիները մեր սերնդինը չեն: Ու մենք ամենավերջին անարժանը կլինենք, եթե մսխենք նրանց թողածը, եթե չկարողանանք մեր բաժին բեռը պատվով տանել:

Եթե ժամանակին համաքայլ չլինենք, եթե էությունը, խորքը պահելով՝ անընդհատ չարդիականանանք: Եթե մեզանից հետո եկողներին չփոխանցենք ազատ, ուժեղ, բարեկեցիկ Հայաստան ունենալու հաստատակամությունը:

Արդեն 25 տարի Դաշնակցությունը սեփական հայրենիքում, սեփական անկախ պետականության մեջ լիարժեք գործող քաղաքական կուսակցություն է:

Այո’, մենք հետևողական ենք եղել, ամբոխավարությամբ չենք զբաղվել, այսօր չենք ասել մի բան, երկու օր հետո՝ հակառակը: Շարունակել ենք հավատարիմ մնալ ազգային և համամարդկային արժեքներին: Վճռական ենք եղել ազատ, ժողովրդավարական, արդար պետություն կառուցելու ջանքում:

Այո’, քաղաքական առումով մեծ սխալներ, կարծես, չենք գործել: Ե’վ իշխանության, և’ ընդդիմության մեջ պահել ու չենք զիջել մեր կուսակցության անկախությունն ու ինքնուրույնությունը:

Բայց որքան քիչ բան ենք արել:

Անկախ պետականության պայմաններում չենք կարողացել հայ հանրությանը կազմակերպել, գիտակից, իր իրավունքները պաշտպանող քաղաքացի, համերաշխ հասարակություն, վստահության միջավայր ձևավորել:

Չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունը, չարությունը նվազեցնել:

Չենք կարողացել քիչ, թե շատ արդար համակարգ ստեղծել, սեփական իշխանության ու սեփական ժողովրդի միջև անջրպետը վերացնել, քիչ, թե շատ առողջ, հոգևոր, բարոյական, մշակութային մթնոլորտ ստեղծել:

Չենք կարողացել ազգային միևնույն արժեչափերով առաջնորդվող քաղաքական, տնտեսական, ռազմական, հոգևոր-մշակութային էլիտա ստեղծել:

Չենք կարողացել սփյուռքը կազմակերպված, հնարավորինս միասնական ուժի վերածել, որ ոչ միայն ինքն իրեն, այլև Հայաստանին ու Արցախին, մեր բանակին հենարան կդառնար:

Չենք կարողացել Դաշնակցության ներսում ազատ մտքի, բանավեճի, նորացնող ինքնաքննադատության մշակույթ ձևավորել:

Չենք կարողացել, ի վերջո, Դաշնակցության էությունը, ժողովրդավարական բնույթը, նպատակները, գործելակերպը պարզ, մատչելի մեր ժողովրդի լայն հատվածներին, նոր՝ անկախության սերնդին ներկայացնել ու իբրև կառույց՝ ուժեղանալ նրանցով:

Ահա թե ինչքան բան չենք արել:

Ահա թե ինչ վիթխարի անելիք ունենք:

Սիրելի’ հայրենակիցներ, ընկերներ,

Տոնական օրվա իմ այս խոսքը այլ կերպ չէի կարող կառուցել: Չարածի գիտակցումը, դաշնակցականի պատիվը մեզ պարտադրում են նայել առաջ և աշխատել ու աշխատել:

Դաշնակցությունը արժանապատիվ կյանքի վճռական կուսակցություն է: Մենք շատ գործ ունենք: Եվ միասին անելու ենք այդ:

Անելու ենք՝ հավատալով Հայաստանին, գործելով պատասխանատվությամբ: Անելու ենք հանուն մեր բարձրագույն արժեքների:

Հանուն հայ մարդու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Հանուն Հայաստանի անկախ պետականության, հանուն Արցախի:

Հանուն հայկականության:

Տպել Տպել