ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը ՀՅԴ 125-ամյակի առթիվ

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Մեծահարգ պարոն Մարգարյան,
ՀՅԴ Կուսակցության պատվարժան անդամներ,
ուղեկից կառույցների հարգարժան ղեկավարներ

Լրացավ ՀՅԴ կուսակցության հիմնադրման 125-ամյա հոբելյանը, որը յուրաքանչյուրիս հնարավորություն է ընձեռում մեկ անգամ եւս անդրադառնալու կուսակցության անցած ուղուն, հայրենանվեր գործունեությանը եւ Հայ դատի արդարացի լուծմանն ուղղված նրա ջանքերին:

ՀՀ սփյուքի նախարարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՅԴ բոլոր անդամներին այս փառավոր հոբելյանի առթիվ:

Կուսակցության անցած ճանապարհը լի է եղել բարդություններով, խոչընդոտներով ու հաջողություններով: Այն կարողացել է համախմբել ազգային հեղափոխական ուժերը` դառնալով մեր ազգային-ազատագրական պայքարի դրոշակիրը:

ՀՅԴ-ն անցյալի, ներկայի եւ ապագայի կուսակցություն է: Անուրանալի է նրա դերը Հայաստանի առաջին Հանրապետության կերտման, աշխարհասփյուռ հայության ազգապահպանման եւ Հայ դատի արդար լուծման գործում: Կուսակցության հետեւողական պայքարի արդյունքում վերականգնվեց դարերով կորսված պետությունը` ստեղծելով առաջին Հանրապետությունը:

Սփյուռքյան իր բազմաթիվ տեղական մարմինների եւ քույր կառույցների ջանքերով 125 տարի ի վեր Սփյուռքի հայկական համայնքներում այն իրականացնում է հայ ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծմանն ուղղված շնորհակալ աշխատանքներ:

ՀՀ անկախության հռչակումից հետո վերահաստատվելով Հայրենիքում` ՀՅԴ-ն շարունակում է իր կարեւորագույն դերակատարությունն ունենալ հայկական երկու հանրապետությունների կայացման եւ առաջընթացի գործում` պահպանելով իր բնորոշ դիմագիծն ու կեցվածքը երկրի թե՝ ներքին, թե՝ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում:

Այսօր էլ ՀՅԴ-ն իր բեղուն գործունեությամբ ու քաղաքական ծրագրերով մեծ դերակատարում ունի մեր երկրի քաղաքական խճանկարում. պետության եւ մյուս կուսակցությունների հետ ձեռք ձեռքի տված` իրականություն դարձան սահմանադրական բարեփոխումները, որոնք, անշուշտ, կնպաստեն` խորացնելու ժողովրդավարությունը, պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները, նպաստելու հզոր Հայաստանի կերտմանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այս տարում միավորվեց ողջ ազգը, բռունցքվեց եւ կարողացավ մի նոր հանգրվանի հասցնել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման հիմնահարցը: Ակնառու էր կուսակցության գործունեությունը Հայ դատն առաջ տանելու, աշխարհի տարբեր անկյուններում նպատակային, կազմակերպված բազմաբնույթ միջոցառումներ նախաձեռնելու ու անցկացնելու ուղղությամբ:

Ինչպես շնորհակալ չլինել Հայ դատի մեր գրասենյակներին, մեր նվիրյալ հայորդիներին, որոնք ջանք չեն խնայում հայոց պահանջատիրությունն առաջ տանելու հարցում: Եվ, վստահ եմ, որ մենք հաղթելու ենք , քանի որ մեր հետեւից գալիս է ակտիվ, հզոր, կազմակերպված, գրագետ ու մրցունակ հայ երիտասարդությունը, որը շարունակելու է ավագ սերնդի ` հանուն արդարության ու ճշմարտության մղվող պայքարը, եւ առավել համախմբված շարունակելու ենք 100+1, 100+2…պայքարը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտապես համագործակցում է ՀՅԴ բոլոր կառույցների հետ եւ զգում նրանց աջակցությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված իր նախաձեռնություններում:
Սիրելի՛ բարեկամներ, ուրախ եմ, որ դուք կաք, ուրախ եմ, որ դուք ձեր քաղաքական ամուր ողնահարով պահում եւ պահպանում եք ձեր էությունը, ձեր գործունեությամբ օգնում` դիմագրավելու մեր ազգի առջեւ հառնված մարտահրավերներին:

Ուզում եմ կրկին շնորհավորել ձեզ այս նշանակալի հոբելյանի առթիվ եւ վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքով էլ ավելի կամրապնդենք Հայաստան-Սփյուռք գործակցությունը:
Թող ձեր երազանքները, որոնք հայ ժողովրդի երազանքներն են, ամբողջությամբ իրականություն դառնան:

Հարգանքով`
Հրանուշ Հակոբյան

11/12/2015hranush

hranush 2

Տպել Տպել