Թող մի քիչ զսպեն իրենց եւ հակադաշնակցական թույն էդքան չթափեն

ռեստՍահմանադրական փոփոխությունը հանգեցնելու է ընտրակեղծարարության մեքենայի ջարդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով հանրաքվեի ժամանակ արձանագրված ընտրակեղծիքներին:

Դիտարկմանը, թե շատերն են նշում, որ հանրաքվեն կեղծիքներով է անցել, այդ դեպքում՝ ինչպե՞ս պետք է ընտրակեղծիքներով ամրագրած Սահմանադրությունը ապահովի ընտրակեղծիքի մեքենայի ջարդը, Ռուստամյանը կրկին շեշտեց, որ ողջ խնդիրը ներկայումս գործող համակարգի մեջ է: Իսկ ընտրակեղծարարների գործոնին անդրադառնալով՝ նշեց, որ դա չի լինի, երբ իշխանությունը հավասար բաշխված լինի: Այսինքն՝ իշխանության կենաց մահու պայքարի խնդիրը նոր Սահմանադրությամբ լուծվելու է:

«Մենք դրա համար ենք աշխատում, որ փոխենք իրավիճակը, որ ընտրական այս մեքենան, ընտրակեղծարարության մեքենան ջարդվի: Այս ճանապարհով պիտի փոխվի, ոչ թե ամեն անգամ գնա բախվի պատին: Կառավարման, ընտրական համակարգը իրար հետ միասին պետք է փոխվեն այնպես, որ նախ իշխանության գալու խնդիրը կյանքի մահու հարց չդառնա: Ընտրակեղծարարությունը, երբ որ անում ես իշխանությունը ստանալու համար, մի կրքով մեքենա ես դրա համար օգտագործում, իսկ եթե գիտես՝ անես ու չանես այդ իշխանությունը հավասար է բաշխված , հավասարակշռված լինելու, այդ ընտրակեղծարարության իմաստն էլ է կորում, այդ կապը շատերը չտեսան»:

Արմեն Ռուստամյանը պնդեց, թե ընտրական հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներն էլ են պայքարել ընտրակեղծիքների դեմ: Մեր հիշեցմանը, որ կեղծիքի մասին ահազանգել է ընդամենը մեկ դաշնակցական վստահված անձ՝ Իվան Արդհալջյանը, որը Այգեձոր թաղամասի ընտրատեղամասերից մեկում, քվեարկությունից հետո հաշվարկի ընթացքում արձանագրել է, թե ինչպես է գողացվել ընտրողների 404 «ոչ» քվեն: Ռուստամյանը հակադարձեց, թե դա պատահականություն չէ:

«Եթե ձեզ թվում է՝ դա պատահականություն է, չարաչար սխալվում եք: Եթե այդ մեկն էլ չլիներ, կասեիք՝ ինչու այդ մեկն էլ չհայտնեց: Ասում են՝ ամեն պատահականություն անհրաժեշտության դրսեւորում է:Սա նշանակում է, որ բոլոր ասածները մինչեւ էդ սուտ էր, որ դաշնակցականները չեն պայքարել ընտրակեղծիքներ դեմ: Ովքեր, որ այդ մասին են խոսում, թող իմանան, որ ահա մեկ հատ էլ օրինակ կա, եւ գոնե մի քիչ զսպեն իրենց ու էդ հակադաշնակցական թույնն էդքան չթափեն»:

news.am

Տպել Տպել