ՀՅԴ-ն այսքան ժամանակ որեւէ մեկի պարտադրանքով որեւէ բան չի արել

FotorCreatedԴաշնակցական պատգամավորները չեն ստացել Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու ՀԱԿ-ի հիմնավորումները եւ քանի որ այս կապակցությամբ դեռեւս համոզմունք չունեն, չեն միանալու ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը, որի համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստոորագրություն։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Եթե որեւէ փաստաթղթի միանաս, պետք է ծանոթ լինես բովանդակությանը։ Պատրաստ չենք հրապարակային հնչեցված բարձրագույն մաթեմատիկայի ու թվաբանության մոտեցումները հիմք ընդունել, քանի դեռ չենք տեսել այդ փաաստաթուղթը։ Ինքներս պիտի համոզվենք, որ դրանում ներկայացված թվային վերլուծությունները, հաշվարկները գոնե մոտ են ճշմարտությանը, որպեսզի համոզմունք ձեւավորվի՝ միանանք»,-ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ նախաձեռնության նկատմամբ իրենց անտարբերությունը պայմանավորված է նաեւ ՀԱԿ-ի պահվածքով․ «Էդ կազմակերպության մենտորական ոճը որեւէ քաղաքական մշակույթում ընկալելի չէ։ Նրանց մոտեցումը, որ շանտաժի, կեղծ տեղեկությունների ու իրենց բարոյականությունից բխող հայտարարությունների միջոցով փորձում են դիմացի քաղաքական ուժին ենթարկել այնպիսի վիճակի, որ պարտադրված լինես այդպիսի քայլ կատարես, մեզ համար մերժելի է։ Եթե կա քաղաքական քննարկման անհրաժեշտություն, կարող ենք քննարկել, բայց երբեք չենք ընդունում պարտադրանքի ոճը։ Դաշնակցությունն այսքան ժամանակ որեւէ մեկի պարտադրանքով որեւէ բան չի արել»,-ասաց Մինասյանը։

Նա կարծում է, որ ՍԴ դիմելիս՝ ՀԱԿ-ը պետք է ուսումնասիրի նախադեպային որոշումները։ «Գոյություն ունի նախադեպային որոշում։ Եթե որեւէ մեկը հայտարարում է՝ Սահմանադրական դատարան է դիմելու, բարի լինի ուսումնասիրի համապետական ընտրությունները, որոնք որ բողոքարկվել են Սահամանադրական դատարանում, ինչ եզրակացություններ ու վերլուծություններ կան։ Եթե վերցնեն ու նայեն, էնտեղ կտեսնեն, որ փաստական հանգամանքները չեն կարող Սահմանադրական դատարանի համար քննության առարկա լինել ի սկզբանե, եթե դրանց ապացուցողական նշանակությունն արդեն իսկ հաստատված փաստեր չեն»։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե այդ փաստերը լինեն ու հիմնավորումները տեսնելով՝ համոզվեն, կմիանան նախաձեռնությանը։ Բայց շարունակեց պնդել, որ իրենց համար համոզիչ են հանձնաժողովներում դաշնակցական ներկայացուցիչների արձանագրած փաստերը։

«Մենք վստահում ենք մեր հանձնաժողովի անդամների ու դիտորդների տեսակետներին, որոնց բերած ինֆորմացիան բավարար եզրակացություն չի տալիս մեզ ասելու, որ «այո»-ն չի անցել»,-ասաց դաշնակցական պատգամավորը։

news.am

Տպել Տպել