ՀՅԴ-ն չի միացել ստորագրահավաքին

FotorCreatedԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները բողոքարկելու հիմնավորումներին ծանոթացել է եւ որոշել չմիանալ այդ նպատակով նախաձեռնած ստորագրահավաքին։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ասաց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Փաստաթուղթը ամբողջական չէ եւ նկատի առնված չէ Սահմանադրական դատարան ներկայացված լինելու նախկին փորձը՝ չնայած փաստաթղթում բազմաթիվ լավ շեշտադրումներով դրույթներ կան, որոնք օգտակար են լինելու օրենսգիրքը մշակելու համար։ Փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ սխալներ՝ այդ թվում հանձնաժողովներում ՀՅԴ վստահված անձանց նկատմամբ, անհիմն մեղադրանքներ կան, դրա համար չենք կարողանում միանալ։ Օրինակ, նշված է, որ 30/05 տեղմասում ՀՅԴ վստահված անձը վիրավորել է դիտորդին, արգելել աշխատել, բայց մենք ճշտել ենք՝ նման բան չի եղել, եւ էդ փաստաթուղթը, որը որ պիտի գնա դատարան ու որտեղ մեղադրանք է ներկայացված դաշնակցության վստահված անձին, մենք չենք կարող նման տեղեկատվությունը առաջ մղել»,-ասաց Միանսյանը։

Պատգամավորին մասնավորապես դուր է եկել գործող Ընտրական օրենսգրքի վերլուծությունը, որն անպայման հաշվի կառնեն օրենսդրական փոփոխությունների ժամանակ։

«Բազմաթիվ դրվագներով կան հիմնավորումներ ներկայիս գործող օրենսդրական գրքի վերաբերյալ, տեղին վերլուծություններ կան, որոնք սակայն ոչ թե սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները բողոքարկելու առումով կարող են ծառայել, այլ օրենսդրական նոր գիրքը մշակելիս լավ փաստաթուղթ կարող է լինել»,-ասաց Մինասյանը։

Ասաց, որ իր տպավորությամբ՝ փաստաթղթում նշված շատ ընտրախախտումներ հիմնավորված չեն։

«Գործող օրենդրությունը պահանջում է, որպեսզի այդ նկարագրված բոլոր գործողությունները կամ անգործությունները համապատասխան փաստաթղթավորված լինեն, որովհետեւ ՍԴ-ն իրավունքի դատարան է, եւ պետք է հաստատված ապացույցներ ընդունի, այլ բան որ դրանց հետ կապված, դրանց հետ համադրման շրջանակներում կարող են դիմել այլ մարմինների լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար։ Դիմումը պետք է լինի հիմնավորված։ Եւ վերջինը, քանի օր է, մենք ասում ենք՝ տվեք մանրամասն ծանոթանանք այդ փաստաթղթին, երեկ ժամը 18։00-ին են փոխանցել մեզ, չենք հասցրել ամողջությամբ նայել»,-հիմնավորեց Արծվիկ Միանսյանը։

Մեր հարցին, թե ամեն դեպքում չի՞ տեսել ընտրախախտումների մասին այնպիսի արձանագրություններ, որոնք ամբողջությամբ հիմնավորված են ու փաստում են հանրաքվեի արդյունքները կեղծված լինելու մասին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Կան փաստեր, արձանագրված խախտումներ, որոնք, այո, ապացուցում են առանձին դրվագներում խախտումները, բայց դրանք բավարար չեն կարող լինել որպեսզի արդյունքները դառնան անվավեր։ Մենք չենք կարող միանալ»,-ամփոփեց դաշնակցական պատգամավորը։

Նշենք, որ այսօր՝ ժամը 18։00-ին լրանում է Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը։ ՀԱԿ-ի նախաձեռնությանը միացել է ընդամենը 17 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 27 ստորագրություն։ ԲՀԿ-ից միացել է միայն Վարդան Օսկանյանը։

news.am

Տպել Տպել