Հալեպում սով չկա, կա գնաճ և կենցաղային ծանր պայմաններ

FotorCreatedՀալեպում սով չէ, առավել ևս մարդիկ շուն ու կատու չեն ուտում, պարզապես ահռելի գնաճ է և ծանր պայմաններ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` անդրադառնալով տեղեկությունը, որ Սիրիայում մարդիկ ստիպված են խոտ, շուն, կատու ուտել՝ ողջ մնալու համար:

«Այլ շրջաններում ինչպես է, չեմ կարող ասել, սակայն Հալեպում նման վիճակ չկա, խանութներից ամեն սնունդ էլ կարելի է գնել, եթե թիվը կարողանաս վճարել»,-ասաց Ժիրայր Ռեյիսյանը` հստակեցնելով, որ Սիրիայում սարսափելի գնաճ կա, ժողովրդի դժվար տնտեսական պայմաններ:

«Եվ այդ պատճառով բարեսիրական բազմաթիվ կազմակերպություններ իրենց օգնությունը չեն զլանար»,-ասաց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվում էին սովյալ սիրիացիների սահմռկեցուցիչ լուսանկարներ և տեղեկություններ, և խոսքը մասնավորապես Մադայա քաղաքի մասին է, որն անցած տարվա հուլիսից պաշարման մեջ է և որտեղ արդեն զոհեր են գրանցվել:

Ի պատասխան հարցի, թե ռուսական ավիառմբակոծություններից հետո ինչ տրամադրություններ են տիրում 5-ամյա քաղաքացական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի հայության շրջանում, շարունակո՞ւմ են լքել գաղութը, թե՞ վերադառնում են, Ժիրայր Ռեյիսյանն ասաց, որ ամեն մեկն ինքն է որոշում՝ կան մարդիկ, որոնք վերադարձել ու վերադառնում են, կան, որ լքում են նույնիսկ հիմա:

tert.am

Տպել Տպել