ՀՅԴ-ն իշխանությունների հետ ստորագրելու է համագործակցության համաձայնագիր, որտեղ ներկայացված կլինի նաև ճանապարհային քարտեզ, թե ինչպես են ուժերը պատկերացնում պետության, ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել նաև այսօր:
– Ե՞րբ է ստորագրվելու իշխանություն-Դաշնակցություն համագործակցության փաստաթուղթը:
– Կարծում եմ, որ առաջիկա ժամանակահատվածում, և դա շատ ուշ չի լինի, կստորագրվի այդ հուշագիրը կամ համաձայնագիրը, որը, ըստ էության, հիմնված է մեր մոտեցումների, հանրապետության նախագահի՝ հատկապես վերջին ելույթում բարձրացված հարցերի ընդհանրության վրա: Մնացյալ գործընթացները կպաշտոնականացվեն:
– Մամուլում անընդհատ ժամկետներ են նշվում, որ այսօր կամ վաղը կլինի, բայց հետաձգվում է: Դեռևս հարցե՞ր կան, որոնք հստակեցվում են:
– Հասկանում եմ մամուլի մի մասին, անհամբեր սպասում են, որպեսզի իրենց համար քննադատության նոր թիրախ բացեն: Խորհուրդ կտամ մի քիչ համբերություն ցուցաբերեք, կտեսնեք նաև համաձայնագրում առկա այնպիսի ձևակերպումներ, որոնք երկրի, պետության, ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ են։ Նաև պատասխանատվությունը, որը ստանձնելու են կողմերն ապագա զարգացումների հետ կապված: Ճանապարհային քարտեզ է լինելու ոչ թե ժամկետների, այլ՝ գործողությունների առումով, թե որ ոլորտներն են, որոնք կարիք ունեն փոփոխությունների, ինչ խորքային փոփոխություններ են սպասվում բոլորիս, ինչպես Հայաստանը պետք է ինքնիշխան պետություն լինի:
– Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ փաստաթուղթն այսօր է ստորագրվելու:
– Չեմ բացառում, նաև չեմ հաստատում:
– Մամուլում գրվում է նաև այն մասին, որ Դաշնակցությունում ներքին խմորումներ կան՝ Շիրակի մարզի պաշտոնը ստանձնել ցանկացողների միջև: Այդպե՞ս է:
– Դաշնակցության ներսում պրոբլեմ մի փնտրեք, մեր ներսում չի կարող խնդիր լինել: ՀՅԴ-ն իր կանոնագրին համաձայն ունի այդ դրությունից դուրս գալու մեխանիզմ, այդ թվում, եթե առանձին դեպքերում՝ հակակուսակցական վարքագծի համար, պետք լինի, պատժի տեսակներ: Փառք Աստծո, մենք չունենք նման մոտեցումներ: Առողջ քննարկում կա:
Մենք միշտ ասել ենք, որ կադրերի հարցը մեզ համար երրորդական է: Երկրի ապագայի ու սահմանադրական բարեփոխումներից բխող փոփոխությունների մասին է խոսքը: Ցանկացած անձ, ով պաշտոնի է նշանակվելու, նա պատասխանատվության գիտակցումով է գնալու: Դա ոչ թե առավելություն է, անձի դիրքն է բարձրացնում, հնարավորություններն է ընդլայնում, այլ՝ պատասխանատվության բեռն է մեծացնում: Դաշնակցության ներսում նման առճակատումներ լինել չեն կարող:
– Հանրային հեռուստատեսությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ խոսքը գնում է կրթության-գիտության, տարածքային կառավարման, էկոնոմիկայի նախարարությունների և Շիրակի ու Արագածոտնի մարզերի մասին: Սա այն պաշտոնների վերջնական հստակեցված ցա՞նկ է, որը տրվելու է ՀՅԴ-ին:
– Խնդրում եմ, սպասեք մի քիչ էլ: Ամեն ինչ կպաշտոնականացվի: Ոչ նշանակողն եմ ես, ոչ ազատողը: Կիմանաք անուն ազգանուններն էլ, պաշտոններն էլ, ոլորտներն են:
tert.am







