Դաշնակցության դիմանկարը և նրա ուժը հայկական ազգային ոգին է

«Մտորումներ Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-րդ տարեդարձի կապակցությամբ

FotorCreatedԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ, այժմ Երասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մտորումները ՀՅԴ-ի մասին

Նվիրում եմ իմ ընկեր Վահան Հովհաննեսյանի հիշատակին

Հայ հասարակության վերաբերմունքը ՀՅԴ- ին երբեք չի եղել միանշանակ, և ակնհայտ է, որ հարուստ և հակասություններով լի կենսագրություն ունեցող ազգային կառույցի անցած ուղուն գնահատականներ տալը անշնորհակալ գործ է: Հատկապես, որ կարծիքները խիստ իրարամերժ են, և գնահատականների բազմազանության պակաս չկա նույնիսկ ժամանակակից հայ քաղաքական պատմության արդի փուլում, որի ակտիվ մասնակիցներն ենք և վկաները:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ իմ որոշ գնահատականներով կիսվել ընկերներիս հետ: Եվ երևի թե 125 տարվա պատմությունը հեշտացնում է ընդհանրական պատկերը տեսնելու գործը:

Ա. ՀՅԴ -ի ամենամեծ ավանդը Հայ ժողովրդի պատմության մեջ դա ազգային շահի արտահայտման ու իրացման համար կոլեկտիվ կամքի հավաքագրումը և այն քաղաքական դաշտում ակտիվ ներկայացումն էր: Ազգի քաղաքական մտքի ձևավորման և զարգացման բնականոն պոռթկում, համարձակ հայտ, քանի որ լռելյայն հանդուրժելը թե ինչպես են աշխարհի հզորները որոշելու քո ճակատագիրը այլևս անընդունելի էր: Այդ պոռթկումը հասունացել էր, և Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերով «նկատելի է, որ դաշնակցությունը ճշմարիտ առումով տեսաբան չունի և դրա կարիքն էլ նա չէ զգացած։ Նրա տեսաբանը ժողովուրդն է… Մենք ականջ կը կախենք զանգվածի բանավոր թելադրանքին։ Կը ջանանք հասկանալ զայն և մեր ծրագիրը յարմարեցնել ժողովրդին և ոչ թե ժողովուրդը յարմայացնել մեր ծրագրին»: Ռուբեն փաշայի այս խոսքերը, մի կողմից, վկայում են քաղաքական կամքի դրսևորման հասունացած լինելու մասին, մյուս կողմից՝ ի ցույց են դնում ժողովրդավարական ավանդույթների ներդրման գիտակցումը: Ապագայում էլ կուսակցությունը, անցնելով վայրիվերումներով, փոխվում ու զարգանում է ժողովրդի հետ:

Բ. ՀՅԴ-ն միշտ եղել է գործի կուսակցություն: Արևելյան Հայաստանի ազատության համար զինված պայքարի իրականացնող, զանազան վայրերում հայկական համայնքների ինքնապաշտպանության կազմակերպիչ, ապստամբությունների և հեղափոխական շարժումների հրահրիչ, վրեժխնդրության և ահաբեկչական պատժիչ գործողությունների պատասխանատու, պահանջատիրության քաղաքականության հռչակող, առաջին Հանրապետության առաջատար քաղաքական ուժ, սփյուռքում հայապահպանության և հայության ամրապնդման բազմազան կառույցների ստեղծող, Հայ դատի գործի նվիրական զինվոր և այլն: Եթե չլիներ ՀՅԴ-ի այսպիսի առարկայական և կազմակերպված պայքարը հայկակակն շահերի համար, եթե չլինեին նրա հազարավոր նվիրյալ ազգային հերոսների անձնվեր և անձնազոհ քայլերը, իմ խորին համոզմամբ, մենք այսօր չէինք ունենա անկախ պետություն:

Գ. ՀՅԴ-ն այսօր մեր համաշխարհային ազգի հարաբերական առավելություններից մեկն է: Կուսակցության համաշխարհային ցանցի և ինքնակազմակերպման բարձր մակարդակի շնորհիվ հնարավոր է դառնում բազմապատկել մեր փոքրաթիվ ազգի կարողությունները և ուժը: Լինելով խիստ կանոնակարգված, կազմակերպված և կարգապահ կուսակցություն՝ Դաշնակցությունը միևնույն ժամանակ ապակենտրոնացված է, բազմազան և բազմաբովանդակ: Նրան բնորոշ է ներկուսակցական ժողովրդավարությունը, տարբեր տեսակետների և մոտեցումների մարտնչման և բախման ճանապարհով որոշումների կայացումը, որը հենց հավաքական քաղաքական կամքի դրսևորման երաշխիքն է: Միևնույն ժամանակ, հատկապես սփյուռքում, կուսակցությանը բնորոշ է գործունեության ոլորտների բազմազանությունը. ցանկացած հարց, որն առնչվում է ազգային խնդիրների, հայապահպանության, հայկական շահի պաշտպանության հետ գտնվում է Դաշնակցության ուշադրության կենտրոնում: Հայ դատի գրասենյակների ցանցից և բարեգործական կառույցներից մինչև դպրոցների և սկաուտական շարժումների գործնեությանն օժանդակելր ազգային գաղափարներով է տոգորված: Հաջողության բանալին տվել է Հովհաննես Քաջազնունին՝ կապելով իր և կուսակցության բախտը Հայ ժողովրդի ճակատագրի հետ, խոստովանելով իր սերը Հայ ժողովրդի հանդեպ. «Սիրում եմ, որովհետև ինքս նրա անբաժան մասն եմ զգում ինձ, ոսկրե ոսկրից և արյունե արյունից, կապել եմ իմ անձնական բախտը նրա հավաքական բախտի հետ»:

Դաշնակցության դիմանկարը և նրա ուժը հայկական ազգային ոգին է:

Տիգրան Սարգսյան
Վաշինգթոն, 14 հունվարի 2016թ»:

Տպել Տպել