Իրան-Հայաստան հարաբերություններում արդեն իսկ երկու ոլորտներում ակտիվություն է նկատվում

FotorCreatedԸստ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի իրանահայ պատգամավորի թեկնածու Կարեն Խանլարյանի՝ Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների վերացմամբ հայ-իրանական հարաբերություններն ավելի կսերտանան՝ ինչի մասին վկայում են նախարարների և պաշտոնյանների փոխայցելությունները:

Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ արդեն իսկ երկու բնագավառում ակտիվություն է նկատվում:

«Մեկը կապված է ճանապարհների հետ, երկրորդը՝ տուրիզմի: Ինչպես գիտեք, վերջերս ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էր Իրանում ու բանակցություններ ունեցավ Իրանի համապատասխան պաշտոնայների հետ՝ տարանցիկ ճանապարհների ակտիվացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա նշեմ, որ տուրիզմը փոխադարձաբար զարգացնելու բանակցություններ են ընթանում: Վերջերս Իրանում էր ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանը, ով ներկայացրեց հեռանկարային ծրագիր տուրիզմի զարգացման ուղղությամբ»,-ասաց նա:

Կարեն Խանլարյանը վստահություն հայտնեց, որ առաջիկայում շոշափելի արդյունքներ կգրանցվեն նաև առևտրային ոլորտում:

«Կարծում եմ, որ առաջիկայում կլինեն նաև առավել բարձր մակարդակի փոխայցելություններ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Հայաստանը բարձր մակարդակի այցելությունների հարցում հետ չի մնում իր հարևան երկրներից, մասնավորապես՝ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր այցելել Իրան, Կարեն Խանլարյանը պատասխանեց. «Ալիևի այցելությունը չի խոսում մեր պարտվողականության մասին, սրանք տեխնիկական հարցեր են, կարծում եմ, որ քաղաքական ենթատեքստեր չկան այստեղ: Իրանի դիվանագիտական կուրսում առկա են բոլոր հարևանների հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը, այս իմաստով մենք, իհարկե, զարգացումներ կնկատենք Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում, բայց չեմ կարծում, որ դրանք կխաթարեն Իրան-Հայաստան փոխհարաբերությունները:

Սրանք գրեթե անկախ դիվանագիտական ջանքեր են և ես կարծում եմ, որ այս առիթով մտահոգվել պետք չէ»:

tert.am

Տպել Տպել