ԱՄՆ Կոնգրեսում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ ոճրագործությունները բնութագրվել են որպես ցեղասպանություն

Ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է համար 75 օրինագիծը, որով Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ ծավալվող ոճրագործությունները բնութագրվել են որպես ցեղասպանություն:

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ «Հայ դատի» հանձնախումբը, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի առաջարկած փոփոխությունից հետո 75 համարի օրինագծում ցեղասպանության ենթարկվող ժողովուրդների թվում նշվել է նաև հայերի անունը:

Կոնգրեսական Ռոյսի առաջարկով` պարբերությունը ստացել է հետևյալ վերջնական ձևակերպումը. «Այսպես կոչված Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը և նրանց հետ գործակցող ահաբեկիչները ծայրահեղ ջարդարարություններ են իրականացնում Սիրիայի և Իրաքի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների` ասորիների, հայերի, քաղդեացիների, ինչպես նաև եզդիների հանդեպ: Քրիստոնյաների, եզդիների և այլ էթնիկ փոքրամասնությունների սպանդը պատերազմական հանցագործություն է, ոճիր մարդկության դեմ և ցեղասպանություն»:

«10 ամիս առաջ ես կոնգրեսականների հետ առաջին անգամ այցելեցի Երևան` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես տեսա, թե որքան շատ են սարսափելի ջարդարարության վկայություններն ու հուշերը` անգամ մեր օրերում: Հայոց ցեղասպանության օրինագիծը մենք չհաստատեցինք: Եվ այժմ պետք է զգոն լինել, որպեսզի նույն սխալը չկատարենք Արևելքում տեղի ունեցող ցեղասպանության փաստի հանդեպ»,-ասել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Դևիդ Թրոթը:

armenpress.am

Տպել Տպել