Հարցազրույց Ընկերվարական երիտասարդների միջազգային միության փոխնախագահ Կարո Շատոյանի հետ
– Առաջին անգամ է, որ ՀՅԴ Երիտաարդականի ներկայացուցիչը ընտրվում է Ընկերվարական երիտասարդների միջազգային միության փոխնախագահ։ Կխնդրեի ընթերցողին ներկայացնել կազմակերպությունը։
– Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը (International Union Of Socialist Youth) երիտասարդական քաղաքական կառույց է, որը հիմնադրվել է 1907 թվականին։ Կառույցին անդամակցում են ավելի քան 100 երկրի 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական և աշխատավորական կուսակցությունների երիտասարդական միություններ: Կազմակերպության հիմնական ուղություններն են՝ ժողովրդավարական և ընկերվարական արժեքների տարածումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ընկերային, hատկապես երիտասարդական խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծմանը նպաստելը։ Այն կազմակերպում է միջազգային քաղաքական համաժողովներ, բանավեճեր, դիտորդական այցեր, որոնց արդյունքում տեղական և համընդհանուր հարցերի կապակցությամբ ճշտվում են տեսակետներ և դիրքորոշումներ:
– Ինչո՞վ է պայմանավորված Ձեր՝ փոխնախագահի պաշտոնում ընտրվելը։
-Վերջին տարիների ընթացքում, ՀՅԴ Երիտասարդականը ցուցաբերում է աշխույժ գործունեություն Ընկերվարական երիտասարդների միջազգային միության մեջ,՝ առաջ քաշելով հայությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային նշանակության հարցեր։
Հատկանշական է, որ 2015 թ. մայիսին Հայաստանում անցակացվեց վերոհիշյալ կազմակերպության Համաշխարհային խորհրդի ժողովը, որը ինչպես Հայաստանի և Սփյուռքի, այնպես էլ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության տարբեր շրջանակներում մեծ արձագանք ստացավ: ՀՅԴ Երիտասարդական կառույցը տասնամյակներ շարունակ ԸԵՄՄ-ի անդամ է, սակայն առաջին անգամ է, որ մենք տեղ գտանք նախագահության կազմում: Սա մեծ հնարավորություն է Հայաստանը և հայությունը աշխարհին ճիշտ կերպով ներկայացնելու, և ինչպես նշվեց, միջազգային հարցերի քննարկմանը մասնակցելու համար։
Այս հաջողությունն իրականություն դարձավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի Արտաքին-հարաբերական հանձնախմբի, շուրջ երեք տարվա հետևողական աշխատանքի, արդյունքում։
– Ի՞նչ աշխատանքներ եք հաջողել իրականացնել անցած տարիների ընթացքում։ Արդյո՞ք ձեր սպասումները արդարացվել են։
-ՀՅԴ Երիտաարդականը, արդեն իսկ, մի շարք կարևոր բանաձևեր է առաջադրել Ընկերվարական երիտասարդների միջազգային միության ժողովներում, որոնք միաձայն ընդունվել են։ Նշենք, որ Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը 2004 թ. բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման, 2007թ․՝ Հրանտ Դինքի սպանության դատապարտման և, 2015 թ՝. Հայոց ցեղասպանության դատարապարտման և հատուցման պահանջով։ Երևանում 2009 թ. հյուրընկալել ենք Սևծովյան տարածաշրջանի ժողովը և 2015 թ. Համաշխարհային խորհրդի ժողովը։ Վերոնշյալից բացի այլ կազմակերպությունների հետ համատեղ ներկայացրել ենք բանաձևեր երեխաների իրավունքների պաշտպանության, կլիմայի փոփոխության և, փախստականներին օժանդակություն ցուցաբերելու հետ կապված, որոնք ևս ընդունվել են։
Մեր ներկայության արդյունքում մենք ձեռք ենք բերել միջազգային ամուր հարաբերություններ և անձնական կապեր, որոնք ավելի են խորացել, հատկապես վերջին տարիներին:
– Ի՞ նչ բնույթի հարցեր են քննարկվել Ընկերվարական երիտասարդների միջազգային միության Համաշխարհային համագումարում:
-Քննարկաման առարկա դարձած առանցքային հարցերից էին փախստականների ճգնաժամը, եվրոպական երկրների փակ սահմանները և այդ երկրների մեջ ազատ տեղաշարժվելու իրավունքի հարցերը: Կարևորվեցին նաև երկու հիմնական կոնֆլիկտների՝ Արևմտյան Սահարայի և Մարրոկոյի, Պաղեստին-իսրաելական հակամարտության վերաբերյալ քննարկումները :
ՀՅԴ երիտաարդականը այլ կազմակերպությունների հետ միասին քննարկմանը առաջադրեց մի շարք բանաձևեր՝ երեխաների պաշտպանությանը և կլիմայական փոփոխություններին վերաբերող :
-Դուք այժմ ստանձնում եք Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունում Սևծովյան տարածաշրջանի պատասխանատվությունը: Որն է Ձեր գործառույթը:
– Ընկերվարական երիտասարդական միջազգային միության կանոնադրության համաձայն, փոխնախագահները առանձնացված չեն ըստ տարածաշրջանների: Սակայն այս բաժանումը գործում է, որպեսզի ավելի արդյունավետ դարձնի աշխատանքները բոլոր շրջաններում: Ընտրությունից հետո նախագահության անդամներն են որոշելու, թե ով որ տարածաշրջանի պատասխանատվությունն է ստանձնելու: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետւթյունը մտնում է Սևծովյան տարածաշրջանի կազմի մեջ ՝ ես ստանձնում եմ նշված տարածաշրջանի պատասխաանատվությունը: Սևծովյան տարածաշրջանը կազմված է 10 երկրներից և Եվրապական կոմիտեի ենթակոմիտեն է: Նկատի ունենալով այս տարածաշրջանի իրադրությունը, մասնավորապես Արցախյան եւ Ուկրաինական հակամարտությունը, որոշ երկրների ընկերային ու տնտեսական ծանր վիճակը և մի շարք նմանատիպ հարցեր՝ այն ինքնին արդեն մեծ պարտավորվածություն է ենթադրում։ Իմ պարտականությունն է լավ հասկանալ իրավիճակը և երիտասարդական դաշտում նպաստել խնդիրների լուծմանը։
Այս պատասխանատվությունը նաև մեզ պարտավորեցնում է ավելի տեղեկացված լինել համաշխարհային մակարադակով երիտասարդական խնդիրներին, ուսումնասիրել դրանք և հասնել դրանց արդարացի լուծմանը։ Այն մեզ թույլ կտա լինել դերակատար այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական արժեքների տարածումը, կրթության որակի բարելավումը, հասանելիությունը բոլորին և այլն:
-Ուրիշ ի՞նչ կուզեիք ավելացնել։
– Ընկերվարական երիտասարդների միջազգային միության համագումարից հետո վերադառնալով իրենց երկրներ՝ երիտասարդ քաղաքական գործիչներն իրենց մայր կուսակցություններում ներկայացնելու են ընդունված բանաձևերը, անշուշտ դրանք իրագործելու նպատակով: Մասնավորապես, մի քանի կազմակերպություններ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևի կապակցությամբ, իրենց ելույթներում անդրադառնալով խնդրին, նման միտք են արտահայտել:
Կարծում եմ, որ սա նաև խթան է հանդիսանում ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների համար իրենց շրջաններում զարկ տալ արտաքին-հարաբերական աշխատանքներին։
Հարցազրույցը՝ arfd.am







