Այցելություն Արագածոտնի մարզ

FotorCreatedԴավիթ Լոքյանը շրջայց կատարեց Արագածոտնի մարզում. գյուղացիները բարձրաձայնեցին խնդիրների մասին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն մարտի 25-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց մարզի Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար գյուղերում, տեղում ծանոթացավ համայնքների խնդիրներին:

Ի դեպ, ընտրվել էին մարզկենտրոնից համեմատաբար հեռու գտնվող և առավել ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող համայնքները: Նախարարի հետ զրույցում համայնքների բնակիչները և գյուղապետերը բարձրաձայնեցին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին:

Թաթուլ համայնքի բնակիչների խոսքով՝ գյուղում առաջնահերթ է կաթի համար նախատեսված հատուկ սառնարանների ձեռքբերումը:

Գյուղացիները բարձրաձայնեցին նաև անասնակերի բարձր գնի մասին: Նախարարը խոստացավ քննարկել և հնարավորության դեպքում գյուղին գոնե երկու սառնարան տրամադրել, իսկ ինչ վերաբերում է անասնակերի (թեփ) բարձր գնին` Դավիթ Լոքյանը նշեց, որ խնդիրն առկա է այլ գյուղերում ևս, և այժմ իրենք փորձում են պարզել անասնակերի ներկրման հետ կապված խնդիրները ու լուծում տալ դրանց:

Քննարկվեց նաև մի քանի գյուղերի համար ալրաղաց կառուցելու, ինչպես նաև Թալինում սպանդանոց հիմնելու հարցը, ինչը որոշ չափով կթեթևացնի գյուղացիների բեռը: Թալինի տարածաշրջանի գյուղերի բնակիչները հրատապ լուծում պահանջող խնդիրներից առանձնացրին ճանապարհների հիմնանորոգման հարցը:

Որոշ գյուղերում անմխիթար ճանապարհների պատճառով չի գործում տրանսպորտը, իսկ կաթի մթերում իրականացնողները հրաժարվում են հասնել գյուղեր:

Մարզկենտրոնում համայնքապետերի հետ ունեցած հանդիպման ժամանակ նախարար Դավիթ Լոքյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ ծրագրերի անհրաժեշտություն կա` ելնելով տվյալ համայնքի կարիքներից: «Մեր խնդիրն է շրջել գյուղ առ գյուղ, ուսումնասիրել, թե տվյալ գյուղում ինչ պոտենցիալ կա՝ բնական ռեսուրսներ, գյուղատնտեսական, արդյունաբերական հնարավորություններ և այլն, ինչի հիման վրա մենք կկարողանանք որոշ համայնքներում արտադրական ձեռնարկություններ հիմնել: Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք իրագործել այդ խնդիրները»,- հանդիպման ժամանակ նշեց նախարարը:

Դավիթ Լոքյանն այցելեց նաև մարզում գտնվող «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի գործարան, ծանոթացավ գործարանի արտադրանքին և հնարավորություներին: Նախարարը եղավ նաև Աշտարակի բժշկական կենտրոնում, ծանոթացավ հիվանդանոցի շենքային պայմաններին և խնդիրներին: Բժշկական կենտրոնի տնօրենի և մարզպետի հետ քննարկվեց հիվանդանոցն օպտիմալացնելու հարցը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մտահոգված է, որ գյուղացուց 100 դրամով կաթ են գնում: «Դա անխղճություն է, բայց եթե 150-170 դրամի սահմաններում լինի՝ նորմալ է»,- Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` անդրադառնալով գյուղացիների բարձրացրած այն խնդրին, որ իրենց խաբում են և կաթ մթերում շատ ցածր գներով:

«Սխալ է մտածել, որ կաթի գինը Հայաստանում պետք է միշտ 200 դրամ լինի: Միջազգային շուկայում կաթը, ինչպես նավթը, ոսկին, իր գինն ունի՝ 0.26 ցենտ: Եթե կաթի գինը Հայաստանում ամբողջ տարին 200 դրամ լինի, Հայաստանում պանիր արտադրելն ու արտահանելը կդառնա ոչ մրցունակ, քանի որ դրսի պանիրն ավելի էժան է: Մարդիկ կգնան Բելառուսից կամ Վրաստանից պանիր կբերեն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իրենք պետք է մտածեն շատ կաթ արտադրելու մասին:

Թաթուլի բնակիչները հայտնեցին, որ գյուղում 400-ից ավելի կով կա, և կաթը պահելու համար երկու հատուկ սառնարան է անհրաժեշտ:

Նախարարը խոստացավ առաջիկայում օժանդակել, որպեսզի գյուղին սառնարաններ տրամադրվեն, ինչից հետո եթե գյուղացի լինի, ով իրենց օգնությամբ կփորձի վերամշակման կետ հիմնել, շատ լավ կլինի: «Ամբողջ գյուղով կարելի է վերամշակման կետը կոոպերատիվ հիմնել»,- առաջարկեց նախարարը:

yerkir.am

Տպել Տպել