Միակ ելքը մեր միասնականությունն է

FotorCreatedԱյսօր` ապրիլի 2-ին, լրանում է ՀՅԴ-ական ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության երրորդ տարին: Պռոշյանի գյուղապետարանի մոտից Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամները, ընկերները, համայնքի բնակիչները, նրա մարտական ընկերները երթով շարժվեցին «Զորաց պանթեոն»՝ խնկարկելու Հրաչ Մուրադյանի հիշատակը:

Մուրադյանի մարտական ընկերները հիշեցին նրա անցած ուղին և նշեցին, որ նա ողջ կյանքը նվիրել է Հայաստանին ու Արցախի ազատագրմանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ երեկվանից լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել Արցախում: «Թշնամին հարձակվել է բոլոր ուղղություններով, և միակ ելքը մեր միությունն է, մեր տղամարդկությունն է, միասնականությունը: Հիշելով մեր նահատակներին և դավադրաբար սպանվածներին` գիտակցենք, որ բոլորիս գործը մեկն է` լինել կողք կողքի, լինել ամուր, պահպանել Արցախը, որովհետև Արցախը զիջելը` կնշանակի զիջել Հայաստանը: Հրաչ Մուրադյանը և մյուս ընկերները եզակի տեսակ են: Նրանք մեր վերջին 100-ամյակներին կորցրած արժանապատվությունը վերականգնեցին, այդ արժանապատվությունը մենք չենք կարող տանուլ տալ, մենք պարտավոր ենք մինչև վերջ հետամուտ լինել և ամեն ինչ անել, որ իսկապես այս դավադիր սպանությունը բացահայտվի»,- ասաց նա և ընդգծեց` Դաշնակցությունը շարունակում է հետևել գործի քննությանը, շարունակում է կապի մեջ լինել իրավապահների հետ:

«Աշխարհում ոչ մի բան թաքուն չի մնում, և վստահեցնում եմ, որ, ի վերջո բացահայտվելու է, և ես ուզում եմ, որ այսօր մեր նահատակների, մեր զոհերի հոգիները խաղաղ լինեն այն վստահությամբ, որ այս փորձությունը ևս անցնելու ենք և պահպանելու ենք նրանց ազատագրած Արցախը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մինչև օրս Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված չէ:

yerkir.am

Տպել Տպել