Մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք

FotorCreatedԱյսօր ԱԺ քառօրյա նիստում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիայի մասին, նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին, անսպասելի չէր, և բոլորին հայտնի էր, որ Ադրբեջանը մի օր դիմելու է նման արկածախնդրության:

«Սա նորություն չէ մեր պատմության մեջ: Նորություն չէ նաև այն, որ մենք արձանագրեցինք այն համախմբումը, որը հայ ժողովուրդը միշտ դրսևորել է ծանր պահերին՝ մի կողմ թողնելով և երկրորդական համարելով բոլոր տարաձայնությունները: Մենք համախմբվել ենք, որովհետև, ի տարբերություն ադրբեջանական զինվորի, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մենք մեր հայրենիքի համար ենք կռվում և կռվելու ենք մինչև վերջ` մինչև մեր հայրենիքը ամբողջ աշխարհին փաստի իր գոյության իրավունքը, եթե դա ապացուցելու կարիքը կար: Մենք ապրել ենք այն տրամաբանությամբ, որ եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Ուրեմն այն, ինչ այսօր մենք հաջողությամբ հետ ենք մղում, հենց այդ պատրաստվածությունն է, որ մենք միշտ եղել ենք զգոն, որովհետև գիտենք` ում հետ գործ ունենք: Ուրախ եմ, որ համախմբումը համահայկական բնույթ ունի. ամբողջ Սփյուռքն արձագանքում է նույն կերպ, ինչ Հայաստանում ապրող ամեն հայ: Մենք վաղուց պաշտպանում էինք այն գաղափարը, որ մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք, մենք վաղուց էինք արծարծում ռազմաքաղաքական դաշինքի գաղափարը: Ուրախ ենք, որ ամենաբարձր մակարդակով այդ ուղղությամբ քայլ է կատարվում: Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ ամբողջ հայությունը մեկ բռունցք է և մեկ ուժ, և ոչ ոք չի կարող կասկածի տալ առնել նրա գոյությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել