Խափանարար գործունեությամբ զբաղվելը մեր ձեռագիրը չէ

«Հայոց աշխարհ» - ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ

FotorCreated– Հայաստանը պե՞տք է մասնակցի ԵԱՏՄ վարչապետերի խորհրդի նիստին, որ բացարձակապես անհիմն պատճառաբանությամբ՝ հակամարտող կողմերից մեկին իբր չաջակցելու նկատառումով, Երեւանից Մոսկվա տեղափոխվեց, թե՞ սա այն դեպքն է, երբ արժե «բնավորություն ցույց տալ»՝ չգնալ այդ միջոցառմանը։

-ԵԱՏՄ-ն աշխարհաքաղաքական մեծ ծրագիր է, որը այսպիսի պարզունակ ձեւերով չի կարելի խափանել։ Դա մեր գործելաոճը չէ։ Կարծում եմ, մենք պետք է շարունակենք մեր կառուցողական ներգրավվածությունը բոլոր այն ձեւաչափերում, որտեղ ներկայացված ենք։

Հակառակը, հիմա ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու, եւ մեր հիմնական խնդիրը պիտի լինի՝ ամեն ինչ անել, որ Ղարաբաղը դուրս չմնա այն համակարգերից, որոնց Հայաստանը անդամակցում է։ Խոսքը վերաբերում է նախ եւ առաջ ՀԱՊԿ անվտանգության համակարգին։

-Այս օրերին շատերը մտահոգությամբ արձանագրում են՝ ո՞ւմ է պետք Հայաստանի ներգրավվածությունը մի կառույցում, որտեղ երրորդ երկրի՝ Ադրբեջանի շահերը, ըստ էության, ավելի պաշտպանված են, քան Հայաստանի։

-Նախ, Հայաստանը լավ կյանքից չէ, որ մտել է Եվրասիական միություն։ Մենք ժամանակին բացատրել ենք, թե ինչու ենք կողմ քվեարկել ԵԱՏՄ մտնելուն եւ չենք զղջում դրա համար, որովհետեւ դրա այլընտրանքը չենք տեսնում։ Այսօրվա դրությամբ չկա տնտեսական այլ համակարգ, մեխանիզմներ, որոնց շրջանակներում կարող ենք իրացնել մեր հնարավորությունները։ Ուրիշ բան, որ գոյություն ունեցող մեխանիզմները պետք է լիարժեք ծառայեցնենք իրենց նպատակին, եւ այդ առումով լուրջ անելիքներ ունենք։

Մյուս կողմից, պետք է հստակեցնենք՝ իսկ որտե՞ղ է Ղարաբաղի տեղը ինտեգրացիոն այդ գործընթացներում՝ նույն տնտեսական, անվտանգության, այլ խնդիրների հետ կապված։ Սրանք հարցեր են, որոնք դիվանագիտական ճանապարհով լուծելի են։

-Մեր չափից ավելի կառուցողական լինելու պատճառով չէ՞, որ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մեր գործընկերները առանց «ձեւականությունների» ոտնահարում են մեր շահերը՝ երբեմն անտեսելով քաղաքական էթիկայի տարրական նորմերը։

-Կառուցողականությունը չի ենթադրում շահերի ոտնահարում։ Ճիշտ հակառակը՝ նշանակում է կառուցել այնպիսի միջավայր, որտեղ դու կարող ես քո շահերը հետապնդել ավելի արդյունավետ կերպով։ Բնականաբար այդ կառույցներում ամեն երկիր իր շահն է հետապնդում, եւ եթե խոսելու լինենք Ղազախստանի մասին, այդ երկիրն առաջին անգամ չէ, որ նման կեցվածք է դրսեւորում՝ հանդես գալով որպես միջնորդ տվյալ կառույցի եւ այլ երկրների միջեւ, որոնք ընդգրկված չեն այդ ձեւաչափում։

Այսինքն՝ կառուցողական ասելով՝ մենք հասկանում ենք համապատասխանեցնել այդ կառույցը մեր շահերին՝ չխափանելով այն նպատակները, որոնց շուրջ միավորվել ենք։ Սա բոլորովին չի նշանակում զիջող լինել եւ ամեն ինչի հետ համաձայնել։

-Դուք խոսում եք Ղարաբաղը, մասնավորապես, անվտանգության միասնական համակարգի մաս դարձնելու մասին, մինչդեռ ՀԱՊԿ պատասխանատուները, հատկապես Արցախի դեմ ձեռնարկած Ադրբեջանի լայնածավալ հարձակման համատեքստում, ավելի հստակ տարանջատեցին Ղարաբաղը Հայաստանից՝ ասելով, որ այդ կառույցը պարտավորություններ ունի Հայաստանի, բայց ո՛չ Ղարաբաղի նկատմամբ։

-Դրա համար էլ վաղուց ասում ենք՝ դե ֆակտո իրավիճակը, որ գոյություն ունի Ղարաբաղ-Հայաստան տանդեմում, պետք է ամրագրվի դե յուրե։ Հիմա այդ ուղղությամբ ճիշտ քայլ է կատարվում՝ բարձրացվում է ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք՝ ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրելու հարցը։

Սրանով երկու կարեւոր հարց է լուծվում՝ նախ, հստակեցվում է Հայաստանի դերը այս հակամարտության մեջ, որպես ԼՂ անվտանգության եւ անկախության երաշխավորի, երկրորդ՝ դե յուրե արձանագրվում է, որ Ղարաբաղի դեմ որեւէ ռազմական ոտնձգություն ոտնձգություն է Հայաստանի նկատմամբ։ Սա պետք է ամրապնդվի հստակ իրավական ձեւակերպումներով, որպեսզի միջազգային բոլոր ձեւաչափերում, որտեղ ընդգրկված ենք, ներկայանանք այդ տանդեմով։

Թուրք-ադրբեջանական տանդեմին այլ տանդեմ չունենք հակադրելու, քան Հայաստան-Լեռնային Ղարաբաղ տանդեմը, որ առ այսօր, ցավոք, միջազգայնորեն ֆիքսված չի եղել։ Ա՛յս խնդիրը պետք է լուծվի։

-Մինչ այդ, մեր ռազմավարական դաշնակիցը շարունակում է ամրապնդել Ադրբեջանի հարձակողական պոտենցիալը ռուսական արտադրության ժամանակակից տեխնիկայով։

-Դրա համար էլ ասում եմ՝ պետք է արագացնենք ռազմաքաղաքական դաշինքի դե յուրե ամրագրման գործընթացը եւ ի ցույց դնենք Ռուսաստանին, որ այդ զենքն օգտագործվում է ՀԱՊԿ անդամ երկրի դեմ։ Ի վերջո, ՀԱՊԿ-ի հիմնական նպատակը անդամ երկրի դեմ հարձակմանը համատեղ ուժերով դիմագրավելն է։ Դրա համար ձեւավորվել է արագ արձագանքման ուժերի համակարգ, բայց շատ բան մնացել է թղթի վրա։

Այսինքն՝ ստեղծվել է պայմանագրային որոշակի դաշտ, որը կա՛մ չի իրականացվում, կա՛մ թերի է՝ պետք են լրացուցիչ պայմանագրեր, որոնք կամբողջացնեն եւ ավելի գործուն կդարձնեն այդ համակարգը։ Այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տանենք, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանը Ղարաբաղից անջատ ինչ-որ ընթացքի մեջ է։ Այս վիճակը պիտի փոխվի։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

armworld.am

Տպել Տպել