Մեզ դուր գա թե ոչ՝ բալանսավորված կոչերը ԵՄ աշխատելաոճն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։

FotorCreated– Պարոն Դեմիրճյան, վերջին մի քանի օրերի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածության հետ կապված միջազգային մի շարք կազմակերպություններ և երկրներ հայտարարություններով էին հանդես գալիս։ Մասնավորպաես, եվրամիության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում՝ այն դեպքում, երբ իր հետ բանակցությունների մեջ գտնվող երկիրը նման իրավիճակում է հայտնվում։

– Ադրբեջանական վերջին ագրեսիան, հարձակվողական կեցվածքը մենք կապում ենք նաև թե՛ Եվրոպական միության և թե՛ միջազգային կառույցների բալանսավորված հայտարարությունների հետ։ Ամեն անգամ, ինչ էլ պատահի, ինչքան էլ Ադրբեջանը նախահարձակ լինի, միջազգային կառույցները, Մինսկի խումբը միշտ երկու կողմերին զսպվածության և հանդարտության կոչ են անում, ինչը քննադատելի է։ Եվ նաև սա բերեց-հասցրեց այն իրավիճակին, ինչ ունեցանք անցած շաբաթավերջին։

– Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում բարելավվում էին, մինչդեռ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները լարված էին Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղհասարակության նկատմամբ ճնշումների պատճառով։ Ի՞նչ պետք է անի ԵՄՆ-ն հետագայում, որպեսզի Հայաստանի համար էլ ավելի գրավիչ դառնա, որովհետև քաղաքական ու տնտեսական համագործակցությունից զատ մենք ունենք նաև անվտանգության խնդիր։

– Եվրամիությունն ընդհանրապես նոր հակամարտություններից խուսափում է, փորձում է ամեն ջանք թափել, որեպեսզի նոր պատերազմից խուսափի։ Իրենց հասկացողությամբ՝ երկու կողմերի միջև հավասարության նշան դնելով՝ կկանգնեցի դա, նոր պատերազմը կդադարի։ Չմոռանանք, որ Մոգերինին երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույց է ունեցել։ Մեզ դուր գա թե ոչ՝ դա Եվրամիության աշխատելաոճն է։ Պետք է հաշվի առնենք նաև տարածաշրջանային իրավիճակը, փախստականների հարցը։ Ես համամիտ եմ ձեզ հետ, որ եվրոպական միությունը պետք է էլ ավելի թիրախավորված, էլ ավելի հասցեական կոչ ուղեր Ադրբեջանին, ինչը, սակայն, չեղավ։

– Որո՞նք պետք է լինեին անելիքները հետագա աշխատանքներում նման իրավիճակ կրկին չունենալու համար։

– Պետք է էլ ավելի մեծ ջանքեր ներդնենք, պետք է հասկացնենք, որ Ադրբեջանն է նախահարձակ լինողը, որ դա բռնապետություն է։ Վերջին շրջանում լսել եք, հավանաբար, Ալիևի ընտանիքի մասին սկանդալները՝ պետք է դա բարձրացնել անընդհատ։ Միջազգային կառույցները միշտ պետք է փորձեն երկու կողմերից պահանջել, այդ պատճառով ամեն ինչ մեր՝ հայերի ձեռքերում է, ինչքան էլ մենք ուզենք, որ միջազգային կառույցները մեր ուզած դիրքերով հանդես գան՝ հասկանում ենք, որ միջազգային հանրությունը միշտ նման բալանսավորված մոտեցում է ցույց տալու, ուստի հույսներս պետք է մեզ վրա դնենք։

– Սփյուռքի, սփյուռքի կազմակերպությունների անելիքները որո՞նք պետք է լինեն, ըստ ձեզ, որպեսզի աշխարհն էլ իմանա իրողությունն ու ճշմարտությունը։

– Առաջին իսկ վայրկյանից սկսած՝ մենք, սփյուռքի մյուս կառույցները, հայ համայնքները ոտքի ենք հանել: Վստահ եմ՝ տեսել եք, որքան հնարավոր էր, թե՛ քաղաքական առումով, թե՛ բողոքի ցույցերով, հավաքներով, հանդիպումներով փորձել ենք բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել։ Օժանդակություն, կամավորներ ուղարկելով, փորձել ենք օգնել։ Հենց այսպիսի բաներն են, որ համախմբում են Հայաստանը, Արցախը և Սփյուռքը։

1in.am

Տպել Տպել