«Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ ինքնաթիռն է հասել Սիրիա

Երեկ ուշ երեկոյան «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ ինքնաթիռն է հասել Սիրիա: Այս անգամ թռիչքն իրականացվել է «Սիրական ավիաուղիների» օգնությամբ: Այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը, ի տարբերություն առաջինի, համեմատաբար քիչ է եղել: Այս անգամ բեռը կշռել է 1 տոննա 800 կիլոգրամ, մեծ խմբաքանակ են կազմել բավականին թանկարժեք դեղերը, որոնք տրամադրել էր «Արփիմեդ» ընկերությունը:

Ըստ պատգամավորի` նախորդ բեռը բաշխվել է ճիշտ այնպես, ինչպես նախատեսվում էր՝ արդարացիորեն: Նոր խմբաքանակը դեռեւս տեղաբաշխվում է, ինչը շատ դժվար է, քանի որ բավականին լարված է իրավիճակը:

«Տեղեկացանք, որ փոքր երեխաների համար կաթի անհրաժեշտություն կա, եւ այս անգամ մեծ քանակությամբ կաթի փոշի է ուղարկվել»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ օգնությունը բաժանվում է ինչպես սիրահայերին, այնպես էլ սիրացիներին. «Որքանով բարոյական է օգնություն տալ սիրիահային եւ չտալ նրա սիրիացի հարեւանին: Նման բան Հալեպի մեր հայ եկեղեցին ինքն իրեն թույլ չի տա, մեր եկեղեցին արդար է, եւ այդ օգնությունից օգտվում են թե’ սիրիացիները, թե’ հայերը»:

Պատգմավորը նշեց, որ երկրորդ ինքնաթիռը Թուրքիայի տարածքով չի անցել:

Տպել Տպել