Արա Նռանյանն արձագանքում է ԵՏՄ-ի հասցեին հնչող քննադատություններին

FotorCreatedԱնկախ իրավիճակից եւ հանգամանքներից, արեւմտյան հովերով տարված կամ գրանտներով սնվող քաղաքական գործիչները եւ հասարակության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում` հակառուսական հիսթերիա բարձրացնել ամեն պատեհ պահի: Ընդ որում` որպես կանոն, այս համատեքստում քննադատության ենթարկելով առաջին հերթին այն, թե Եվրասիական տնտեսական միությունը չի արդարացնում Հայաստանի սպասումները: l

Վերջին շրջանում թեման կրկին ակտիվացել է, ինչի վերաբերյալ առիթ ունեցանք զրուցել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանի հետ, ով, ի դեպ, բավական երկար ժամանակ զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական համաժողովի Կոլեգիայի անդամ-նախարարի պաշտոնը:

Ըստ նրա, ցավոք, մեր հասարակությունում եւ մեր լրատվական դաշտում ԵՏՄ-ի մասին տեղեկատվությունը շատ թերի է.

– Այնտեղ այս մեկ տարվա ընթացքում ուսումնասիրում էինք այդ ամբողջ վերլուծական նյութը, որ գնում էր: Ցավով նշեմ, որ այդ սխալ տեղեկությունները ստեղծում էին համապատասխան վատ մթնոլորտ, որը խանգարում էր աշխատել: Շատ ժամանակ մենք տեսնում էինք եզրահանգումներ, որոնք սխալ էին, եւ դրանք հերքելու համար բավական էր պարզապես բացել ԵՏՄ պայմանագրի առաջին իսկ էջը: Մենք պետք է սովորենք այդ ոլորտում, այդ կառույցում աշխատել: Այն ավելի շատ հնարավորությունների տեղ է, եւ ուղղակի, այդ կառույց մտնելը երկարաժամկետ դիվիդենտ դեռ չի կարող տալ, եթե դու չես աշխատում: Եթե աշխատես, դրանից օգուտներ կքաղես: Այսինքն` մեր սպասելիքները, որ մենք միացանք այդ կառույցին, եւ միանգամից տեսանելի պետք է լիներ արդյունքը, իրականում այդպես չէ:

– Իսկ առ այսօր ի՞նչ խնդիրներ է հաջողվել լուծել` լինելով այդ կառույցում:

– Մենք առաջին խնդիրը լուծեցինք այն առումով, որ մաքսատուրքի մասով հիմա ավելի շատ գումար ենք ստանում, քան մինչեւ ԵՏՄ անդամ լինելը: Այսինքն` գոնե մեր բյուջեի բեռի թեթեւացում ապահովեցինք: Իսկ եթե ուզում ենք երկարաժամկետ օգուտներ քաղել բիզնեսի տեսակետից, պետք է երկարաժամկետ աշխատել այդ ուղղությամբ: Օրինակ, գյուղմթերքի մասով անցած տարի միայն պաշտոնական տվյալներով 60 հազար տոննայից ավել արտահանում ունեցանք: Շատ ծանր կլիներ մեզ համար, եթե հանկարծ մեր նկատմամբ էլ կիրառվեին այն պատժամիջոցները, որոնք կիրառվեցին Վրաստանի կամ Ուկրաինայի, կամ էլ Եվրոպայի նկատմամբ: Այն պարզապես կբերեր նրան, որ մենք մեր բերքը չէինք կարողանա արտահանել:

Ինչեւէ, բնական են հնչող քննադատությունները, որովհետեւ մենք միշտ տեսնում ենք թերությունները, բայց առավելությունները համարում ենք, որ այդպես էլ պետք է լինի: Իսկ իրականում պետք է հասկանանք, որ ինչ-որ բաներից մենք օգտվել ենք եւ կարող ենք օգտվել: Բայց այս կառույցից երկարաժամկետ օգուտներ քաղելու համար պետք է սովորենք, թե ինչպես են աշխատում Բելառուսն ու Ղազախստանը: Իրենց փորձը ԵՏՄ-ում շատ ավելի մեծ է, եւ այն օգտակար կարող է լինել թե՛ կառավարության, թե՛ մեր գործարարների համար:

– Ի դեպ, երբեմն-երբեմն այս կառույցում հենց վրդովեցնում է գործընկերներ Բելառուսի ու Ղազախստանի պահվածքը…

– ԵՏՄ-ն մի միություն է, որտեղ մենք պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել, եւ գոնե Եվրասիական տնտեսական միությունում կամ հանձնաժողովում` որեւէ տնտեսական խնդիր լուծելու առումով, խոչընդոտներ չեմ տեսնում: Իսկ այն, որ ինչ-որ երկրներ կան, որոնք գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ, բնական է, եւ իրենք փորձում են ինչ-որ ձեւով իրենց ավագ եղբոր համար գուցե նաեւ որոշ դիվիդենտներ քաղել, բայց դա խոչընդոտ չէ բիզնես միջավայրի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

Տպել Տպել