Աղվան Վարդանյանը բացառում է միակողմանի զիջումները

FotorCreated«Այն իշխանությունը, որը կգնա միակողմանի զիջումների, ստիպված կլինի հրաժարական տալ», – հայտարարում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խորհրդարանական խմբկակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը բացառում է, որ ռուսաստանյան մամուլում վերջին օրերին շրջանառվող ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակն իրականություն դառնա:

Ռուսաստանյան մի քանի տպագիր լրատվամիջոցներ, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, գրել են, թե, ըստ այդ տարբերակի, այս փուլում Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղին հարող մի քանի շրջաններ, տեղակայվեն խաղաղապահ ուժեր, իրենց բնակավայրերը վերադառնան փախստականները․ դրանից հետո միայն հնարավոր կլինի քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը:

«Խոսել միակողմանի որևէ զիջման մասին ես բացառում եմ: Նաև կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները նման բանի երբեք չեն գնա՝ անկախ նրանից, թե ճնշումներ կլինեն․․․ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, թե Ռուսաստանից», – ասաց Աղվան Վարդանյանը՝ փաստարկելով․ – «Որովհետև այս խնդիրը առնչվում է մեր լինելիությանը, մեր ազգային, պետական շահերին, և միակողմանի ցանկացած զիջում իր հետևից կբերի զիջումների շղթա: Բնական է, որ որևէ մեկը նման պատասխանատվություն չի կարող վերցնել իր վրա»:

Նա գտնում է, որ խնդիրը պետք է կարգավորվի համապարփակ փաթեթով:

azatutyun.am

Տպել Տպել