Տարածք ինչի՞ դիմաց, բնաջնջմա՞ն

FotorCreated1994 թվականի զինադադարը, որը կնքվեց Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների միջև՝ ՌԴ-ի մասնակցությամբ, իրական գնահատական չտվեց՝ խաղաղությունը պարտադրվե՞լ է, թե՞ ոչ։ Այս կարծիքին է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Արցախում Yerkir.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ ապրիլի սկզբին և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին, ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման տարբերակներին, միջազգային հանրության որդեգրած քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի:

Ըստ ԼՂՀ փոխվարչապետի` խաղաղություն պարտադրողը լինում է կողմերից մեկը, և դա արել է հայկական կողմը, մասնավորապես՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը՝ ամբողջ հայ ժողովրդի աջակցությամբ:

«Ուժերի մեկտեղումով մենք Ադրբեջանին կարողացել ենք պարտադրել խաղաղություն: Այսինքն՝ երրորդ կողմը խաղաղություն չի ապահովել այս տարածաշրջանում: Ադրբեջանցիների հստակ ձևակերպումն է` Ղարաբաղն առանց ղարաբաղցիների, և նրանց պահվածքը, գործողությունների ընթացքը հենց այդպիսին են։ ՊԲ-ն մարտերը վարում էր՝ հիմքում ունենալով խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը և հակառակորդի ջախջախումը, և պատրաստ էր մարտը վարել այնքան ժամանակ, մինչև հակառակորդը հասկանա, որ ռազմական գործողություններով չի կարող լուծել իր խնդիրը, և ԼՂՀ-ն պատրաստ է ռազմական գործողություններով լուծել իր խնդիրը: Պետք է փաստենք, և միջազգային հանրությունը պետք է իմանա, որ Ղարաբաղին պարտադրված պատերազմում հաղթող է դուրս եկել ԼՂՀ-ն՝ բավարարվելով միայն հակառակորդին խաղաղություն պարտադրելով: Եռանախագահների հետագա միջնորդության հիմքում եղել է պարտադրված խաղաղությունը պահել այնքան ժամանակ, մինչև որ գտնվեն լուծումներ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար: Պետք է անկեղծ ասեմ, որ եռանախագահների գործունեության հենց առաջին փուլից միանգամից խոսք էր գնում փոխզիջումների մասին, և ցավում եմ, որ փոխզիջում ասվածը դիտարկվել էր միայն «տարածք» հասկացության մեջ. այլ զիջելու բան չկա, ընդամենը խոսք էր գնում տարածքի մասին: Սա կարգավորումը ինչ-որ տեղ մղել է փակուղի, և լուծումներ չեն գտնվում»,- ասաց Աղաբեկյանը եւ ընդգծեց, որ հայկական կողմը, դիվանագիտական գործառույթներով անընդհատ համաձայնություն տալով կամ չտալով, մեկ նպատակ է ունեցել, որ այս փխրուն խաղաղությունը մնա այնքան ժամանակ, մինչև ձեռք բերվի փոխադարձ համաձայնություն:

Ըստ նրա` իրականում ցանկացած կոնֆլիկտ, որն ավարտվում է ռազմական գործողություններով, միշտ դիտարկվում է մի տիրույթում. ցանկացած կոնֆլիկտի լուծում պահանջում է փոխադարձ զիջում, իսկ փոխադարձ զիջումից առաջ պետք է լինի փոխադարձ ընկալում։ Եթե առկա է փոխադարձ ընկալումը, փոխադարձ զիջումների տարբերակները լինում են շատ:

«Ադրբեջանը փորձ չի արել իր հասարակությանը պատրաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի իշխանություններն ապրիլի 2-ին փորձ արեցին ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը։ Ադրբեջանի իշխանությունները նորից համոզվեցին կամ, եթե դեռ չեն համոզվել, ապա շուտով կհամոզվեն, որ ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության խնդրի լուծումն անհնար է, որովհետև հայ ժողովուրդն այս հողի վրա, այս տարածքում, այս բարձրավանդակում ապրել և ապրելու է: Բոլոր սերունդները պետք է իմանան՝ ինչ չտրասֆորմացվող հարևանի հետ գործ ունենք, և պետք է այդ հարևանի հետ գործ ունենալու համար պատրաստ լինել ցանկացած պահի դարձյալ պարտադրել զինադադար»,- հայտարարեց Աղաբեկյանը:

Նա համոզված է` հակառակորդը պատրաստ չէ որևէ երկխոսության, չի հանդուրժում մեր լինելիությունը, սակայն Ադրբեջանը չի կարող անընդհատ ռազմական գործողություններ իրականացնել. ոչ մի երկիր անսպառ ռեսուրսներ չունի, այդ թվում` Ադրբեջանը:

«Բոլոր ռազմական գործողություններն ունենում են սկիզբ և ավարտ։ Վերսկսված ռազմական գործողությունների մասշտաբը բավականին մեծ էր և հատուկ պլանավորված, այն պետք է վերածվեր լայնամասշտաբ ռազմական գործողությունների, եթե հայկական կողմի գործողությունները չլինեին համապատասխան։ Հայկական կողմը պատրաստ է էլ ավելի մեծ մարտ վարել և հակառակորդին զսպել։ Մեկ հիմք պետք է ունենա մեր ժողովուրդը՝ պատրաստ բանակ։ Եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Եթե հայկական կողմը պատրաստ չլիներ, ադրբեջանական կողմը վաղուց էր հայտարարություններ արել, ապակողմնորոշել միջազգային հանրությանը։ Անգամ եթե մի պահ պատկերացնենք, որ Մադրիդյան, Կազանյան սկզբունքները կարող են կյանքի կոչվել, դրա շարունակությունը կլիներ այն, որ մեր հակառակորդը չի հանդուրժելու, որ ԼՂՀ-ն լինի անկախ, ունենա անկախ պաշտպանական համակարգ և կարողանա դիմակայել։ Այդ առումով՝ հիմա փոխզիջումների մասին խոսելը պարտվողական կեցվածք է»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

Խոսելով Արցախի անկախությունը ճանաչելու մասին ԱԺ երկու պատգամավորների օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մասին, համաձայն որի` ՀՀ-ն ցանկացած պահի, երբ Ադրբեջանը կրկին հարձակվի ԼՂՀ-ի վրա, կճանաչի Արցախի անկախությունը, Աղաբեկյանը կարծիք հայտնեց, որ դա «ուշացած իրադարձություն է»:

«1994 թվականին ամբողջ Հայաստանը, չխնայելով իր ռեսուրսները` թե՛ մարդկային, թե՛ նյութական, ուներ մեկ նպատակ՝ այնպես անել, որ ԼՂՀ-ում ապրող բնակչությունը չհայտնվի միայնակի կարգավիճակում այդպիսի հակառակորդի առաջ։ Հայաստանն ամեն նպաստ բերում էր` 1994 թվականից սկսած` արդեն ստորաբաժանումներով և զորամիավորումներով դեմ կանգնելով հակառակորդի ճնշմանը։ Ցավ եմ ապրում, որ հայկական կողմը փորձում էր դա անել քողարկված, երբ Արցախի ֆիզիկական բնաջնջման համար մարտահրավեր նետած Ադրբեջանի դեմ էր դուրս եկել։ Եթե այդ օրերին տեղի ունենար այդ մեծ իրադարձությունը, եթե այդ օրերին Հայաստանը ճանաչեր ԼՂՀ-ն և հանդես գար որպես անվտանգության երաշխավոր, հիմա կունենայինք այլ իրադրություն, այլ պայմաններ, արտաքին քաղաքական գործընթացները կընթանային այլ ուղիով, բայց, ցավոք, դա տեղի չի ունեցել։ Զինվորական գործչին հարցնում են ՝ օգնությունը պետք է ուղարկես ստորաբաժանմանը մարտը սկսելուց առա՞ջ, թե՞ հետո։ Հարցն ունի ընդամենը մեկ ճիշտ պատասխան՝ ճիշտ ժամանակին։ Մենք երբեք չենք խոստովանել, որ արդեն մեծ պատերազմի մեջ ենք, և այս զինադադարը երկու կողմին հնարավորություն է տալիս պատրաստվելու հաջորդ պատերազմին։ Ապրիլյան իրադարձությունների ընթացքում էլ կար մեծ համախմբում, կար մի նպատակ`․պետք է ճնշել հակառակորդին։ Եթե չլիներ համախմբումը, ՊԲ-ն չէր կարողանա դիմակայել այդ ճնշմանը»,- նշեց Աղաբեկյանը։

Միջազգային հանրության լոյալ կեցվածքը, ՌԴ-ի, Եվրոպայի, բոլոր պետությունների կեցվածքը, որոնք առաջնորդվում են իրենց քաղաքական շահերով ԼՂՀ փոխվարչապետի համար անընդունելի է:

Անդրադառնալով տարածքների զիջման մասին խոսակցություններին` Աղաբեկյանը հստակ հայտարարեց, որ տարածք տվողը, պահողը, ընդլայնողը, մեծացնողը ԼՂՀ-ն է և իր Սահմանադրությամբ ամրագրել է այն տարածքը, որի վրա ձևավորվել է Արցախի Հանրապետությունը։

«Զիջումներ կարող է անել միայն միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղը՝ իր իշխանություններով և իր ժողովրդով։ Պետք չէ ուշադրություն դարձնել մեսիջներին, որոնք ժամանակ առ ժամանակ հասնում են մեզ։ Այսինքն՝ տարածք ինչի՞ դիմաց, բնաջնջմա՞ն։ Բնաջնջման դիմաց մենք ունենք բավարար ուժ և բնաջնջման փորձ անողին էլ կարող ենք իր տեղը դնել։ Միջազգային հանրությունը, և եթե Ադրբեջանն էլ դրա մաս կազմի, երբ ճանաչի ԼՂՀ անկախությունը, դրանից հետո երկու պետությունները կսկսեն խոսել սահմանների մասին, հիմա այդ մեսիջներն ու պայմանները ընդունելի չեն, որովհետև հարևանիդ պահվածքն անընդունելի է։ Տարածքները ոչ թե զիջելու համար են, այլ կառուցելու։ Եթե անգամ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, տարածքների հանձնման հարցը կարող են որոշել ԼՂՀ-ն ու Ադրբեջանը՝ միայն»,- հայտարարեց ԼՂՀ փոխվարչապետը։

Արթուր Աղաբեկյանը խոսեց նաեւ ԼՂՀ կառավարություն կողմից իրականացվող հանգանականության մասին։

«Հակառակորդի ցուցադրած զենքը, զինամթերքը, հակառակորդի` մարտ վարելու տեխնոլոգիան մեզ ցույց տվեցին, որ բանակը կարիք ունի նոր սպառազինման, նոր հանդերձավորման։ ԼՂՀ կառավարության նախաձեռնությունը միտված է ոչ ստրատեգիական զենքերի գնմանը` ոչ հեռահար ռմբահարող, հակառակորդին զսպող։ Մենք այդ դրամահավաքը սկսել ենք, որ բարձրացենք մեր առաջնագծում կանգնած զինվորի` խոցելու կարողությունը, դրանով նվազեցնենք մեր խոցվելու հնարավորությունը՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, նոր հանդերձավորման, համակարգերի կամ նոր ինժեներական կառույցների միջոցովով։ Այս գործընթացն արդեն սկսված է և պահանջում է բավական մեծ ծախս, որովհետև նոր տեխնոլոգիաների, նոր սարքավորումների, նոր կարողությունների ներդրումն անհրաժեշտություն է։ ԼՂՀ նախագահի հանձնարարականով` այսօր Պաշտպանության բանակը մաս-մաս իրականացնում է այդ ծախսերը՝ կահավորելով առաջնագիծը։ Այսինքն՝ խոսքը միայն առաջնագծին է վերաբերում, միայն պաշտպանական նշանակության ծախսեր են դրանք, որոնք իրականացնողը բանակն է։ ԼՂՀ կառավարությունը շարունակելու է նոր ռեսուրսներ հայտնաբերել, որովհետև այդ գումարները շատ փոքր են այդ ծրագրերը կյանքի կոչելու համար։ Երեք միլիարդ ութ հարյուր միլիոն դրամի կարգի գումար ունենք և ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները դեռ կշարունակեն տրամադրել իրենց հնարավորությունները, ով ինչպես կարող է։ Պետք է գիտակցել, որ այն, ինչ մենք կորցրեցինք ապրիլի սկզբին, և այն զոհերը, որ ունեցանք, կարող էին ավելի քիչ լինել, եթե մենք ունենայինք այդպիսի կահավորում մեր առաջնագծում։ Կլասիկ պատերազմին պատրաստվելն այլ բան է ենթադրում, դա ՊԲ-ն իր բյուջետային միջոցներով մշտապես իրականացրել է, բայց նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը բերում է նոր ներդրումների անհրաժեշտություն»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

Նա նշեց նաեւ, որ օգնության մի մասը նաեւ պահեստավորում է, մի մասն էլ ուղղում են հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնմանը, վնասի փոխհատուցմանը։ ԼՂՀ կառավարությունն աշխատում է տարհանված բոլոր քաղաքացիների հետ կապ պահել. Արցախի սոցապ նախարարության ներկայացուցիչները եղել են Երևանում և հանդիպումներ ունեցել այնտեղ գտնվողների հետ։ Ըստ Աղաբեկյանի` միասին որոշակի լուծումներ են գտնում:

Հիմա, ըստ փոխվարչապետի, վաղ է խոսել Թալիշի կամ որոշ այլ բնակավայրեր վերադառնալու մասին։ «Այդտեղի բնակիչներին ուրիշ առաջարկ է արվել արդեն, և վերաբնակեցման շրջանակում մենք Կիլիկիա թաղամաս ենք պատրաստում, ունենք տարբեր համայնքներում կառուցվող բնակարաններ, որոնք փորձելու ենք տրամադրել մեր հայրենակիցներին։ Շտապել պետք չէ, ակնկալում ենք, որ հակառակորդի կեցվածքում փոփոխություն կլինի»,- ասաց նա:

Մայիսի 8-10-ը Ադրբեջանի կողմից կրկին գործողություն սանձազերծելու հավանականության մասին Արթուր Աղաբեկյանը կանխատեսումներ անել չի ցանկանում: «Ռազմական փորձագետներն անում են համապատասխան քայլերը: Պաշտպանության բանակը հնարավոր բոլոր անցքերը փակում է։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն բանի, քանի որ գործ ունենք ստոր թշնամու հետ։ Այդ պատրաստ լինելը չի ենթադրում 100 տոկոսանոց գործողություններ հակառակորդի կողմից։ Որպես փորձ ունեցող մարդ՝ բաց տեղեկություններին տիրապետելով` ես լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն չեմ տեսնում, որովհետև մեր հակառակորդը ուշքի չի եկել, և մեր հակառակորդի կեցվածքի մեջ ես տեսնում եմ, որ հոգեբանական առումով լուրջ խնդիր կա»,- վստահեցրեց նա:

Լուսինե Հակոբյան

Արցախ

yerkir.am

Տպել Տպել