Ադրբեջանում վայնասուն է

Արմեն Ռուստամյանը վերահաստատում է իր երեկվա խոսքերը

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությունը, թե հավատում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք», վայնասուն է առաջացրել ադրբեջանական կայքերում: Ավելին` ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ասել է. «Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը` միջուկային զենքի ու դրա չտարածման հետ կապված: Դուք գիտեք մեր մոտեցումը, և դա շատ պարզ է»:

Այսօր լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ իր հայտարարությունից առաջ միջուկային զենքի վերաբերյալ հայտարարություն արել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ապա հիշեցրեց երեկվա իր ասածները. «Ես ասել եմ, որ եթե վարչապետ աշխատած մարդը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա տիրապետում է բավական լուրջ ինֆորմացիայի, որը կարող էր հասանելի չլինել բոլորին, այդ առումով` հավատում եմ նրա խոսքերին: Հիմա եթե դրանից Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին»:

Ըստ պատգամավորի` Ադրբեջանն արդեն իսկ կիրառում է զանգվածային ոչնչացման զենքեր` դրանով սպառնալով Հայաստանին ու Արցախին և չունենալով դրա համար ո’չ հիմք, ո’չ արտոնություն ու հնարավորություն: Իսկ Հայաստանն ամեն պահի պետք է մտածի իր պաշտպանությունը ուժեղացնելու մասին և պետք է դա իրականացնի բոլոր հնարավոր միջոցներով:

«Հայաստանի առջև կանգնած է շատ լուրջ սպառնալիք, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ: Նույն ԵՄ ներկայացուցիչները փոխանակ իրենց կոչմանը համապատասխան արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ բոլորի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում՝ անընդհատ խոստանալով իր սպառազինություններն ավելացնել, ոչինչ չի ձեռնարկում, մինչդեռ որևէ հիմք չկա մտածելու, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ նոր ավանտյուրա չի սկսի, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանի կարծիքով` Հայաստանը եղել է միջուկային տերության մաս, և թե ինչպե՞ս է բաշխվել այդ ամենը, դեռևս դրա հետ կապված անհայտ պատմություններ կան:

Հարցին` վտանգավոր չի լինի՞ Հայաստանի համար, եթե պարզվի, որ Հայաստանն, իրոք, ունի միջուկային զենք, նա պատասխանեց. «Եթե նման բան պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա»:

Պատգամավորը խնդիր չի տեսնում, թող գան ու ստուգեն, բայց թող նաև ստուգեն զենքի բալանսը: «Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ բալանսը պահպանվի, այնպես որ` թող գան ու ստուգեն: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում` կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են` ըստ էության»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանին վարկային համաձայնագրով տրամադրվելիք զենքի ուշացմանը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեպանության աշխատակցի այն հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ռուսական զենքերը չեն կարող ուղարկվել Արցախ:

Պատգամավորը նշեց. «Վատ չէ, որ դեսպանության ներկայացուցիչը նման բան է ասում, որ` ճանաչեք, և կարելի է ռուսական զենքն ուղարկել: Կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը վատ նախադրյալ չի ստեղծում, բայցեւ Հայաստանը հստակ հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի հետ ռազմաքաղաքական փոխօգնության պայմանագիր կնքել, որն իրերը կկոչի իրենց անուններով: Դե ֆակտո ստեղծված իրավիճակը մենք պետք է ամրագրենք դե յուրե, որի մասին վաղուց էինք խոսում: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է և դրան համապատասխան քայլեր պետք է կատարի: Դա էլ ենթադրում է չեզոքացնել այն ռազմական սպառնալիքը, որ Ադրբեջանն է ներկայացնում Արցախի ժողովրդի համար: Ուրեմն այդ պայմանագիր կնքելը պետք է արագացվի, որ նման հարցեր չառաջանան, այսինքն` Հայաստանի ունեցած զենքը պետք է ծառայի Արցախի անվտանգությանը, սա ակնհայտ է»:

Հարցին, թե Ռուսաստանը թույլ կտա՞, որ Հայաստանին վաճառված զենքը կրակի Արցախում, Արմեն Ռուստամյանը հարցով պատասխանեց. «Իսկ հիմա ի՞նչ զենք է կրակում Արցախում` ձեր կարծիքով, Հայաստանից գնացած զենքն է, և այո, այն պետք է կրակի, բա ի՞նչ պետք է անի: Իսկ Հայաստանը չի ճանաչել Արցախը մի պարզ պատճառով, որ այդ ճանաչումը տեղի ունենա միջազգային գործընթացի միջով, Մինսկի խմբի միջոցով: Բայց եթե Ադրբեջանը բանակցություններ ասածը մտցնում է փակուղի և, ըստ էության, դադարեցնում է բանակցությունները, ուրիշ ելք չի մնում, քան ճանաչել Արցախը, որի մասին հանրապետության նախագահը հստակ հայտարարել է»:

Նա հավելեց, որ Արցախի ճանաչումը միշտ պետք է մնա օրակարգում, Արցախի հետ պետք է կնքվի այդ ռազմաքաղաքական պայմանագիրը, որում հստակ պետք է ամրագրվի, որ Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակում Հայաստանի վրա: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը միջազգային պատմության մեջ երբեք սպառնալիք չի հանդիսացել, Հայաստանից երբեք պատերազմ չի սկսել, հակառակը` Հայաստանին են միշտ պատերազմ պարտադրել: Ուրեմն` թող եվրոպական պաշտոնյաները տեսնեն, թե ով է իրական սպառնալիքը տարածաշրջանում` թուրք-ադրբեջանական տանդեմը, և նաև թող ստուգեն ու ասեն, թե այդ ի՞նչ թուրքական զորքեր են կուտակվում Նախիջևանում:

Արմեն Ռուստամյանը նույնպես համարում է, որ Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից պետք է լինի իր ժամանակին` Արցախի հետ համաձայնեցված:

Նրա կարծիքով` հասարակությունը չպետք է ծայրահեղացնի Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունները Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, որովհետև պետք է տեսնել այդ ամենի ենթաշերտերը: «Մենք չենք ասում` զենք մի’ վաճառի Ադրբեջանին, մենք ասում ենք, որ դա այնպես պետք է լինի, որ բալանսը չխախտվի: Այսօր Ադրբեջանը, բացի Ռուսաստանից, նաև այլ երկրներից է զենք գնում, իսկ Հայաստանը միայն Ռուսաստանից է զենք գնում: Ռուսաստանը զենք վաճառելիս էլ պետք է որոշի` բալանսը խախտվո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Ռուստամյանը:

Ըստ նրա` Հայաստանը կարող է այլ երկրներից գնել այն զինատեսակները, որոնք Ռուսաստանը չի ապահովում: Պատգամավորը թեև մանրամասն տեղեկացված չէ, թե ինչու է ուշանում վարկային համաձայնագրով նախատեսված ռուսական զենքը, սակայն դա մտահոգիչ է համարում, քանի որ զենքի տրամադրումը վաղուց պետք է իրականացվեր, տեխնիկական պատճառները չպետք է խոչընդոտ հանդիսանան:

«Այսօր Հայաստանի անվտանգության երաշխավորը հայ զինվորն է, ուրիշ երաշխիքներ մեզ` այդ բարձր խոսացող միջազգային կառույցները չեն տվել: Եթե մեր սահմանին հայ զինվորը չկանգնեցներ թշնամուն, ապա այսօր կունենայինք լուրջ խնդիրներ հենց մեր գոյությունը պահպանելու մասով: Այնպես որ` միջազգային հանրությունը թող սանձի թուրք-ադրբեջանական տանդեմին, որն ուզում է երկու կողմից մեզ մամլիչի տակ առնել, նոր կխոսենք նորմալ հարաբերությունների մասին: Բանը բանից անցել է, նոր հիշում են ինչ- որ պայմանավորվածություններ, միջազգային չափանիշներ: Հենց այդ երկակի ստանդարտներն են պատճառը, որ այսօր այս վիճակի ենք: Միջազգային կարգը, որը պետք է կանխեր պատերազմի սպառնալիքը, այսօր խաթարված է»,- ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի աղմկահարույց հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հենց այդ ակադեմիկոսներն այնպես պետք է անեն, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից զենք:

«Էդ ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին հենց էդ է՝ պաշտպանել իրենց երկիրը: Ռաֆայել Պատկանյանի խոսքերով ասած` եթե հայ ժողովուրդը ձեր գիտությունից օգուտ չունի, թքել եմ ձեզ վրա էլ, ձեր գիտության վրա էլ»,- ասաց Ռուստամյանը:

yerkir.am

Տպել Տպել