Ձեզնից շատերի երեխաները և եղբայրները խրամատում են

ԿԳ նախարարը կոչ է անում ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել

FotorCreatedԿրթության եւ գիտության նախարարությունը փորձելու է հնարավորինս պարզեցնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները:

Այս մասին Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում քննությունների մեկնարկին նշեց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Պիտի փորձենք հնարավորինս պարզեցնել գործընթացը: Այսինքն` մենք այս տարի չէինք հասցնի, բայց հաջորդ տարիներին այն տնօրենները, որոնք մեկ անգամ անցել են հավաստագրում եւ ունեն հավաստագիր, պարզապես զրույցի կհրավիրվեն: Եվ հանձնաժողովի կազմում զրույցին կմասնակցեն մեր հանրապետությունում հարգված մասնագետները: Պարզապես զրույց կլինի, եւ նրանք կստանան իրենց հավաստագիրը»,- նշել է նախարարարը:

Լեւոն Մկրտչյանը շեշտել է ` դրանք ավելի պարզ կդառնան նաեւ նրանց համար, ովքեր առաջին անգամ կփորձեն մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննություններին:

Հավաստագրի քննություններին մայիսի 11-ին մասնակցել է 116 մանկավարժ: Մասնակիցներին ներկայացվել է 60 առաջադրանք: Հանձնաժողովի անդամ Կարո Նասիբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ մասնակցել է թե’ դիմորդների ընդունելության, թե’ տնօրենների հավաստագրման քննություններին:

Կրթության եւ գիտության նախարարան անդրադարձել է նաեւ դպրոցական ավարտական երեկոներին: Նախարարը կոչ է արել հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը եւ ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել.

«9-րդ դասարաններում որոշել են, որ պետք է ավարտական երեկո կազմակերպեն: Բնականաբար, փորձում են ինչ-որ միջոցներ հավաքել: Սա հասարակության խնդիրն է: Ուզում եմ, առիթից օգտվելով, դիմել ոչ միայն դպրոցների տնօրինությանը եւ ուսուցիչներին, այլեւ մեր ծնողներին ու ասել` հաշվի առեք այսօրվա իրավիճակը: Հաշվի առեք, որ ձեր շատերի երեխաները, եղբայրները հիմա խրամատներում են: Ավելի համեստ անցկացրեք:

Ոչ ոք երեխաներից չի խլում նրանց միջոցառումը, ոչ ոք չի ասում, որ նրանք չհավաքվեն, չուրախանան, բայց ցուցադրական մեծ գումարներ հավաքելը, շքեղ ռեստորաններում հավաքույթները վնասում են նույն միջոցառման հիշատակին: Պիտի փորձենք նախ դրամահավաքը դպրոցից դուրս բերել: Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

yerkirmedia.am

Տպել Տպել