Արմատական փոփոխությունների գնալուն այլընտրանք չունենք

FotorCreatedՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել է, որ արագ փոփոխությունների համար պետք է պայքարել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ իշխանությունը պատրա՞ստ է կոտրել այն ճյուղը, որի վրա նստած է, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իշխանությունը ճնճղուկ է, որ ճյուղին նստած է, բայց որ երկրում առկա խնդիրները ակնհայտ են և պետք են արմատական փոփոխություններ՝ սա ևս պարզ է»:

Աղվան Վարդանյանը վստահ է, որ համակարգը պետք է որակական փոփոխությունների ենթարկվի: «Ցանկացած հարց լուծելու համար նախ պետք է խնդիրը ճիշտ ձևակերպել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդիրները ձևակերպված են:

ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ վարչապետի թվարկած բոլոր հարցերը իրենց օրակարգում են, և այդ ոլորտներում իսկապես կա հսկայական անելիք, ու հասարակությունը պետք է պահանջատեր լինի:

Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ մենաշնորհները պետք է օրենքով կարգավորվեն, որովհետև, օրինակ, Սամվել Ալեքսանյանին այսօր օրենքով է պատկանում շաքարավազի մենաշնորհը. «Կանենք դա՝ հանրությունը կզգա, չենք անի՝ իրավունք կունենաք ասելու, որ հերթական անգամ խոսքը չվերածվեց գործի և մնաց հայտարարությունների մակարդակում: Ես համոզված եմ, որ մենք՝ որպես պետություն, որակական փոփոխությունների գնալու այլընտրանք չունենք»:

1in.am

Տպել Տպել