Կոնսենսուսը պետք է, որպեսզի համապատասխան ֆինանսավորումը լինի

FotorCreatedՈրեւէ մեկը չի հայտարարում, որ Ընտրական օրնեսգրքի շուրջ տեղի չի ունեցել կոնսենսուս, տեղ են թողնում, մարդիկ անգամ հայտարարում են, որ կարող են արտահերթով դրան անդրադառնալ, ինչը նշանակում է՝ կա պրոցես, որը նպատակ ունի իսկապես հասնելու լիարժեք համաձայնության:

Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԸՕ-ի շուրջ բոլորի ուժերի հետ հնարավոր կոնսենսուսի հասնելու մասին:

«Կոնսենսուսով հնարավոր է դառնում ավելի խորքային համաձայնությունների հասնելով՝ ունենալ օրենսգիրք, որը վստահելի կլինի, եւ բոլորը պատրաստ են այդ խաղի կանոններով գնալ ընտրությունների, որ երբեք մենք չենք ունեցել: Այսինքն՝ ընտրությունների վստահության խնդիրը լուծելու համար կոնսենսուսը շատ կարեւոր է»,-ասել է Ռուստամյանը:

Նա շեշտել է, որ կոնսենսուսը նաեւ միջազգային հանրության վստահությանն արժանանալու համար է անհրաժեշտ, որպեսզի համապատասխան ֆինանսավորումը լինի:

«Երբ են գումարներ տալիս, տարբեր քայլեր կատարում, եթե ֆինանսների խնդիրը կա, երբ որ վստահելի գործընկեր ունեն ու գիտեն, որ այդ գումարները պիտի ծառայեն նպատակին: Մենք խոսել ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, ասել են՝ եթե համաձայնության գաք ինչ որ իքս գումար նշանակի այդ համաձայնության իրականացումը, այդ իքս գումարը պատրաստ են այդ կողմերը տրամադրել»,- նշել է Ռուստամյանը:

Կոնսենսուսի չհասնելու դեպքում դաշնակցական պատգամավորը առաջարկում է բաց տեքստով հայտարարել, թե որ քաղաքական ուժը խոչընդոտեց կոնսենսուսին՝ իր շահերից ելնելով, որպեսզի հանրությունը պարզ տեսնի՝ ինչու դա տեղի չի ունեցել:

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ շաբաթ օրը Հովիկ Աբրահամյանի և պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպմանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունից ինքն է մասնակցել հանդիպմանը:

«Այդ հանդիպման անունը դրեցին ուղեղային գրոհ. լսվեցին բոլոր տեսակետները: Հանդիպմանը ներկա էին ԱԺ գրեթե բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչները, բացառությամբ ՀԱԿ-ի այն մասի, որը բոյկոտում էր տարբեր առիթներով, բայց ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչներ կային: Եղավ քննարկում, և ամեն մեկն իր գնահատականը տվեց, առաջարկություններ արեց: Բավական լավ, խորքային քննարկում գնաց, և հուսով եմ, որ այդ ամենը կամփոփվի վարչապետի կողմից, որովհետև վարչապետն էր նախաձեռնողը, որ այդ հավաքը կայանար»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ կոնկրետ, իրական, հակակոռուպցիոն պայքար սկսելու մասին է խոսքը:

«Մենք խոսել ենք այն մեխանիզմների մասին, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն պայքարը դառնա վստահելի ու իրական, հասարակության կողմից վստահելի լինի: Մեխանիզմներ ամրագրելու մասին է խոսքը: Պետք է պատասխան տան բոլոր այն պաշտոնյաները, որոնք ունեն շահերի բախում` իրենց ոլորտների ղեկավարման առումով: Այսինքն` նա չի կարող մի ոլորտ ղեկավարել, որտեղ ունի բիզնես շահ, և բնական է, դա պետք է ծառայեցնի իր բիզնես շահերին: Սրանք լուծելու մեխանիզմների մասին է եղել խոսքը»,- ընդգծեց դաշնակցական պատգամավորը:

Տպել Տպել