Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների մասին

2009թ. օգոստոսի 31-ին պաշտօնապէս հրապարակուեց Հայաստանի Հանրապե-տութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացմանն ուղղուած փաստաթղթերի փաթեթը:

Հայաստանն ու հայութիւնը մտան մի նոր շրջափուլ, որը յղի է բազմաթիւ վտանգներով:

Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցութիւնը, երբ քաղաքական այս գործընթացի հէնց սկզբից պարբերաբար արտայայտում էր իր սկզբունքային հետեւեալ դիրքորոշումները.

ա. Իբրեւ հարեւան պետութիւններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջոյ պէտք է քայլեր ձեռնարկեն յարաբերութիւնների բնականոնացման ուղղութեամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական յարաբերութիւններ կարող են հաստատուել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների յարաբերութիւնների հաստատման առաջարկն արդէն իսկ մեծագոյն զիջում է:

գ. Անընդունելի է Թուրքիայի հետ յարաբերութիւնների բնականոնացումը մեր պետութեան ինքնիշխան եւ կենսունակ լինելիութեան ու սերունդների` ազգային-պետական իրաւունքների հաշուին:

Այս սկզբունքներից մեկնելով` ՀՅ Դաշնակցութիւնը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում (Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահարցում ադրբեջանամէտ արդիւնքների ապահովում) եւ Հայաստանի Հանրապետութեան հետ խօսում է բացայայտ ու քօղարկուած նախապայմաններով:

Այժմ արդէն ակնյայտ է, որ հրապարակուած փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի յայտնի նախապայմանները: Այն է` Հայոց ցեղասպանութեան փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքները ի չիք դարձնել: Առաւել, յիշեալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապէս յետոյ Թուրքիան պաշտօնական յայտարարութեամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը` որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կը հակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանաւորել Ղարաբաղեան խնդրով:

ՀՅ Դաշնակցութիւնը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականութիւնը շեղուել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ելնելով այս ամէնից` ՀՅ Դաշնակցութիւնը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու է փաստաթղթերում առկայ վտանգները բացայայտելու եւ չէզոքացնելու նպատակով:

Մենք կոչ ենք անում հայ հանրութեանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական յարաբերութիւնների ընթացքը, հնարաւոր բացասական արդիւնքները եւ առաւելագոյն համախմբուածութեամբ բացառել անշրջելի կորուստների հաւանականութիւնը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
01 սեպտեմբերի 2009թ.
ք. Երեւան

Տպել Տպել