Առճակատվելու ենք ցանկացած անձի կամ պաշտոնյայի հետ, միայն թե ապահովենք հավասար վերաբերմունք ու պայմաններ

FotorCreatedԱյսօր էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր սեմինար շվեյցարական «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» GSP արտոնյալ ռեժիմի և հայ-շվեյցարական առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարի նպատակն էր ներկայացնել Շվեյցարիայի կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգը` GSP արտոնյալ ռեժիմը, որպեսզի հայ գործարարները, որոնք արտահանում են կազմակերպում դեպի Շվեյցարիա, տեղեկանան գործող ընթացակարգի, տրամադրվող արտոնությունների մասին: Բացի Շվեյցարիայից, Հայաստանին GSP արտոնյալ ռեժիմ են տրամադրել նաև ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ թե’ ՀՀ նախագահը, թե’ կառավարությունը որդեգրել են արտաքին առևտրի խթանման, Հայաստանի ապրանքներն և ծառայությունները արտաքին շուկաներում լայնորեն ներկայացնելու, արտաքին շուկաներում դրանց իրացման ծավալները մեծացնելու քաղաքականություն:

Նա անդրադարձավ վերջին օրերին ամենատարածված թեմաներից մեկին` հակամենաշնորհային քաղաքականությանը, ասելով, որ կառավարությունը որդեգրել է ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն:

«Այս առումով, բնականաբար, էկոնոմիկայի նախարարությունից ակնկալիքները մեծ են, և մենք ապահովելու ենք Հայաստանում մրցակցային հավասար պայմաններ, ընդհուպ` չենք խորշելու, առճակատվելու ենք ցանկացած խմբի, անձի, առանձին պաշտոնյաների հետ, միայն թե ապահովենք երկրում հավասար վերաբերմունք և հավասար պայմաններ: Սա լինելու է մեր տնտեսական քաղաքականության հիմնական ուղղվածությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով`առաջին փուլում հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն է իրականացվելու այն հիմնական ապրանքատեսակների գծով, որոնք հանրության շրջանում հաճախ ընկալվում են որպես մենաշնորհային կամ ոչ մրցակցային պայմաններ ունեցող: Հետագայում, հակամենաշնորհային քաղաքականության համատեքստում, ընդլայնվելու են ապրանքնատեսակների կազմն ու ցանկը:

Նախարարը վստահեցրեց, որ հակամենաշնորհային քաղաքականության արդյունքում օտարերկյա ներկրողներն ու արտադրողները ավելի մեծ վստահությամբ ներդրումներ կկատարեն Հայաստանում, քանի որ կառավարությունը որդեգրել է նեդրումային քաղաքականության խթանում:

«Ինձ համար, որպես էկոնոմիկայի նախարարի, տարբերություն չպետք է լինի` օտարերկրյա՞ է ներդրումը, թե՞ տեղական: Ինձ համար կարևոր է երկու սկզբունքների պահպանումը` ցանկացած ներդրող պետք է ունենա բացարձակ պաշտպանություն, ցանկացած ներդրող պետք է վստահ լինի, որ իր սեփականության իրավունքը երաշխավորված ու պաշտպանված է Հայաստանում: Դա հնարավորություն կտա թե’ տեղական և թե’ օտարերկյա ներդրողներին մեծածավալ հոսք ապահովելու Հայաստանի տնտեսական կյանքում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել