Նոյեմբերյանն այսուհետ կօգտվի պետական աջակցության ծրագրից

FotorCreatedԱյսօր կառավարության նիստում տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց պետական սոցիալական աջակցություն տրամադրելու մասին մի հարց, մասնավորապես` Նոյեմբերյան համայնքը դուրս էր մնացել սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկից, և կառավարության այս որոշմամբ Նոյեմբերյանը ընդգրկվում է այդ ցանկում` դառնալով 34-րդ բնակավայրը:

«Նոյեմբերյանը այսուհետ ստանալու է այն նույն սոցիալական աջակցությունը, ինչից նախկինում հաստատված ցանկով օգտվում էին մնացած 33 բնակավայրերը: Ընդհանուր աջակցության գումարը մեկ տարվա համար կազմում է 92 միլիոն դրամ, մասնավորապես` 1650 ընտանիք կստանան էլեկտրաէներգիայի, 1551 ընտանիք գազի համար գումար՝ 50 տոկոսի չափով: Կես տարվա մասը կկազմի 48 միլիոն դրամ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս հարցը քննարկվել է վարչապետի ու համայնքի բնակիչների միջև հանդիպման ժամանակ:

Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Լոռու և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

«Հարգելի’ վարչապետ, այս խնդիրը կապված է Լոռի ու Տավուշի մարզ Ձեր կատարած այցի հետ, որի ժամանակ տեսանք այն դժվարին իրավիճակը, որ գոյություն ուներ տվյալ համայնքներում: Կառավարության այսօրվա որոշմամբ գումար է հատկացվում` 23.5 միլիոն դրամ` Լոռու մարզին, որ Թումանյան բնակավայրի մանկապարտեզի այրված շենքը վերանորոգվի և բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման հարցը լուծվի: Տավուշի մարզին հատկացվելու է 31,2 միլիոն դրամ, որը պայմանավորված է Ջուջևան համայնքում ջրագծի շինարարությունն ավարտելու համար. համայնքը ջուր չուներ, և այս ֆինանսական միջոով հարցը լուծվում է: Սահմանամերձ Ոսկեվան համայնքում ճանապարհի վերակառուցման խնդիրն է, որին հատկացվում է 20 միլիոն դրամ: Եվ կարևոր խնդիր, այն է՝ Զորական համայնքում դպրոցի վթարային շենքի վերակառուցում, որ համայնքն ունենա դպրոցի նոր շենք»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Դավիթ Լոքյանը հայտնեց, որ Զորական համայնքում արդեն սկսվել է զոհված զինվորի ընտանիքին բնակարանով ապահովելու գործը. տան հիմքի շինարարությունը սկսվել է, տեղափոխել են քար, ցեմենտ, մետաղ, և հունիսի վերջին շենքի շինարարությունը ավարտին կհասցնեն:

Վարչապետը հավելեց, որ զոհված զինվորի ընտանիքի համար բնակարանի շինարարությունն իրականացվում է ոչ թե բյուջեի, այլ գործարարների միջոցներով::

Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Արագածոտնի մարզպետարանին գումար հատկացնելու հարցը: Նախարարը նշեց, որ շուրջ 6 միլիոն դրամ կհատկացվի Եղնիկ համայնքի խմելու ջրագծի աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով:

«Այդ գյուղը երկար տարիներ զրկված էր խմելու ջրից, և այս գումարով ավարտին կհասցվի ջրագծի կառուցումը. գյուղը խմելու ջուր կունենա»,- ասաց նախարարը:

Տպել Տպել