Համատեղ հայտարարություն Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող ուժերի հավաքի

2010թ. ապրիլի 22-ին հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հավաքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:

Թուրքական նախապայմանների բավարարմանը ծառայող հայտնի արձանագրությունների շուրջ ծավալվող գործընթացներն ինքնին նպաստել են, որ.

– Հայոց ցեղասպանության խնդիրը վերածելով երկկողմանի հարաբերություններում քննարկման ենթակա հարցի` խոչընդոտվի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը,

– Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների միաժամանակյա ակտիվացման եւ դրանց շուտափույթ հանգուցալուծման հարցում միջազգային կառույցների եւ այլ երկրների շահագրգռության պայմաններում օրեցօր ավելացվեն ճնշումները Հայաստանի նկատմամբ, իսկ դրան հակառակ մեծանա Թուրքիայի միջազգային դերակատարությունը այս հարցերում, եւ Ադրբեջանի հայտարարությունները դառնան ավելի կոշտ, ռազմատենչ ու սանձարձակ:

Բացի Հայաստանի իշխանություններից՝ գրեթե բոլորն այսօր բացեիբաց խոսում են ստորագրված արձանագրություններում առկա՝ մեզ համար վտանգավոր իրական նպատակների մասին եւ հորդորում են կողմերին չշեղվել դրանցից:

Մենք՝ վերոհիշյալ արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերս, փաստում ենք, որ.

– ՀՀ Սահմանադրական դատարանը, անհամապատասխանության բոլոր հիմքերն ունենալով հանդերձ, Հայաստանի կողմից արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները, ցավոք, ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Այդուհանդերձ, մինչ օրս մեր կողմից արտահայտված մտահոգությունների հիմնական մասն ամփոփվեց ՍԴ իրավական դիրքորոշումների մեջ: Ավելին՝ պարտադրվեց, որ «Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներինե,

– Ըստ էության, ՀՀ նախագահը, անտեսելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, արձանագրությունները ներկայացրեց Ազգային ժողովի վավերացմանը: Մինչդեռ ՀՀ նախագահը պարտավոր էր սահմանել վերապահումներ` ապահովելու համար ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված նվազագույն պահանջները:

– Իր հերթին, ՀՀ Ազգային ժողովը մերժեց «Միջազգային պայմանագրերի մասինե օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկը, որով բարձրագույն օրենսդիր մարմինը փաստորեն կորցրեց իրավիճակը շտկելու հնարավորությունը:

Այդուհանդերձ, հայության արմատական շահերը վտանգող արձանագրությունների դեմ համահայկական պայքարը քայլ առ քայլ տալիս է շոշափելի արդյունքներ: Վերահաստատում ենք, որ մեր պայքարի նպատակը մնում է անփոփոխ.

– չվավերացնել արձանագրությունները այս տեսքով,

– վավերացնել միմիայն հետեւյալ վերապահումները՝ որպես արձանագրությունների անքակտելի մաս, դրանց կցելու դեպքում.
«Հայաստանի Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում եւ հայտարարում է.

1. «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասինե եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասինե արձանագրություններով Հայաստանի Հանրապետության հանձնառությունները Հայաստանի Հանարապետության կողմից ենթակա են կատարման բացառապես երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների առկայության եւ միաժամանակ` գործող սահմանի բաց լինելու դեպքում: Ընդ որում, արձանագրություններով ստանձնած պարտավորությունները Թուրքիայի Հանրապետության կողմից խախտելը, այդ թվում` դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելը, գործող սահմանը չբացելը կամ արգելափակելը կամ արձանագրությունների առարկայի եւ նպատակների հետ անհամատեղելի գործունեություն իրականացնելը, նախապայմաններ առաջադրելը, արձանագրություններում նշված ողջամիտ ժամկետները չարաշահելը հիմք է նշված երկու արձանագրությունների գործողության` Հայաստանի Հանարապետության կողմից միակողմանիորեն եւ միաժամանակյա դադարեցման համար:

2. Արձանագրություններն ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ ու չեն կարող վերաբերվել եւ տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ սույն արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին: Այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է:
3. Արձանագրությունները չեն կարող մեկնաբանվել եւ կիրառվել այն ձեւով, որով ուղղակի կամ անուղղակի կերպով քննարկման առարկա կարող է դառնալ Հայոց Ցեղասպանության եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը, ինչպես նաեւ խոչընդոտվել Հայոց Ցեղասպանության (Գենոցիդի)` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության, միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման հարցերում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի կողմից միջազգային իրավունքին համապատասխան ձեռնարկվող գործողությունները:

4. Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ընդհանուր սահմանի բացման արձանագրություններով ամրագրված հանձնառությունը Հայաստանի Հանրապետությանը վերաբերելի է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական ու կառուցակարգային խնդիրները լուծելու մասով: Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն` երկու երկրների միջեւ կնքվելիք միջպետական պայմանագրովե:

Ելնելով վերոհիշյալ հաստատումներից.

– ՀՀ նախագահից պահանջում ենք դադարեցնել արձանագրությունների կնքման գործընթացը` ետ կանչելով հայկական կողմի ստորագրությունները:
– Հակառակ դեպքում ՀՀ նախագահից եւ ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք ՀՀ Սահմանադրությանը համապատասխան իրականացնել Սահմանադրական դատարանի որոշումը եւ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնել առանց սույն հայտարարության մեջ նշված վերապահումների:

– Միաժամանակ ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից պահանջում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ բացասական դիրքորոշումը:

– ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք ընդունել Հայոց Ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը:
Ներկայացված պահանջները չկատարելու դեպքում մենք` արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերս, պատրաստակամություն ենք հայտնում ազգային շահերին սպառնացող ստեղծված վտանգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու մինչեւ ստեղծված վտանգների լիակատար վերացումը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր, գիտակցելով անհրաժեշտությունը, ամիսներ շարունակ մեզ հետ միասին պայքարել են դրված նպատակի` ՈՉ-ի այս պայքարը իր հաղթական ավարտին հասցնելու համար:

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ այն բազմահազար քաղաքացիներին, ովքեր իրենց ստորագրությամբ ժխտում են այս տեսքով ներկա արձանագրությունների վավերացումը եւ նույնը պահանջում են մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով իրենց կողմից ընտրված պատգամավորներից:

2010թ. ապրիլի 22
Երեւան

Տպել Տպել