Մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ

FotorCreatedՀՀ օրենսդրությունն օրենքով սահմանված մենաշնորհ չունի, սակայն, մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ. այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը: «Մեր տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունն ավելի շատ ուղված է գերիշխող դիրքի չարաշահմանը, այլ ոչ թե մրցակցային մենաշնորհի վերացմանը: Սա օրենսդրական առանձնահատկություն է, որը պետք է նկատել»,- ասաց Նռանյանը:

Հարցին, թե մենաշնորհի օրինականացումը, օրինակ` շաքարավազի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դիզվառելիքի մասով որքանո՞վ է մեր տնտեսկան հարաբերություններում կարևորում, Նռանյանը պատասխանեց. «Երկու մոտեցում կա, և դա միշտ էլ ԱԺ-ում քննարկվել է: Եթե մենաշնորհ լինի, մենք կապահովենք ցածր գներ, կա այլ տեսակետ, որը կարող է ոչ պոպուլյար լինել, բայց օրինակ ես այդ համոզումն ունեմ, որ ավելի լավ է լինի մրցակցություն: Ոչինչ, մասշտաբի էֆեկտը թող չլինի, և արդյունքում այդ նույն տնտեսվարողը մի քիչ ավելի թանկ ներկրի, ավելի շատ ծախս կատարի՝ այդ նույն գործունեությունը ծավալելու համար, սակայն, դա կբերի տնտեսական գործունեության ապակենտրոնացմանը, դա կհանգեցնի եկամուտների վերաբաշխմանը: Ես ունեմ իմ անձնական համոզումը, որ Հայաստանի ճանապարհը՝ որպես փոքր երկիր, որը մարդկային պոտենցիալի առումով բավականին մեծ ներուժ ունի, իր ճանապարհը բոլորովին էլ ցածրարժեք արտադրանքի, ծառայությունների կամ ապրանքի թողարկումը չէ: Հայաստանում թող գները լինեն բարձր, բայց աշխատավարձն էլ լինի բարձր»:

Տպել Տպել