Եթե տրվենք ֆինանսական կառույցների ճնշմանը, վաղն այդ ճնշումներն ավելի խիստ կդառնան

FotorCreated281-600x296Եթե տրվենք ֆինանսական կառույցների ճնշմանը, վաղն այդ ճնշումներն ավելի խիստ կդառնան. Աղվան Վարդանյան
ՀՅԴ-ն այսօր ձեռնպահ քվեարկեց Հարկային նոր օրենսգրքին՝ ասելով, որ իրենք առաջարկությունների փաթեթ են պատրաստում:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առայժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, փորձագետներ են աշխատում, և առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կունենան ամբողջական փաթեթը:

Դիտարկմանը՝ կա տեսակետ, որ սա այն «կմախքը» չէ, որի վրա հնարավոր է հավաքել այն, ինչ պետք է մեր տնտեսությանը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մեկ բան է ԱԺ-ում ելույթ ունենալը, քննադատելը, միանշանակ գնահատականներ տալը, մեկ այլ բան` փաստաթղթի հետ աշխատելը: Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հիմնավորված, փաստարկված աշխատանքով կարողացել ենք էապես ազդել նման նախաձեռնությունների վրա: Համոզված ենք` այս դեպքում նույնպես այդպես կլինի»:

Հարցին՝ էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարարը տեսել է, որ այս օրենսգիրքը գործարարների համար վատն է, այդ պատճառո՞վ են նոր առաջարկներ ներկայացնում, նա պատասխանեց. «Հարկային օրենսգիրքը 700 էջանոց կարևոր փաստաթուղթ է, որում կան և’ մի շարք խնդիրներ, որոնք կարող են ազդել տնտեսվարողների վրա, որոնք ունեն առաջնային նպատակ՝ ֆիսկալ խնդիրներ լուծել, և՛ էական խնդիրներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին տրվող նոր լիազորություններին, որոնք կարող են կամայականորեն օգտագործվել` ոչ ի շահ տնտեսվարողների: Կա նաև մեկ այլ խնդիր՝ ի վերջո, ակնհայտ է, որ այստեղ դերակատարում ունեն նաև միջազգային ֆինանսական կառույցները: Ենթադրում եմ, որ այլապես օրենսգիրքը, որը պետք է ուժի մեջ մտնի 2018-ի հունվարի 1-ից, այսպես` արտահերթ նիստով չէր գա: Բայց մենք ունենք նաև մեր այսօրվա խնդիրը, իրավիճակը: Եթե առաջիկա տարիներին մենք խնդիր ունենք` մեր արտաքին պարտքի սպասարկման հետ կապված, և այս հարցն ինչ-որ առումով առնչվում է դրան, ունենք նաև խնդիր մեր անընդհատ ավելացվող արտաքին պարտքի հետ: Մենք ամեն քառօրյայի նոր վարկային համաձայնագիր ենք ստորագրում: Եթե մենք տրվենք ֆինանսական կառույցների ուղղակի ճնշմանը, այդ ճնշումները վաղը կարող է ավելի խիստ լինեն, եթե մեր արտաքին պարտքը մեծանա»:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև հարկային նոր օրենսգրքի հետ կապված` իրենց մտահոգություններին: «Հարկային բեռն ավելանում է, և խնդիրներ կան, որոնք առնչվում են մեր տնտեսական համակարգին»,- ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց նաև, որ կողմնակից չէ ամբողջ հարկային օրենսգիրքը գրչի մեկ հարվածով ջնջելուն: «Բնական է, որ հսկայական գործ է կատարվել, կան նաև այլ բաներ, որոնք, մեր կարծիքով, վնասելու են մեր տնտեսությանը: Մենք ասել ենք ու ասում ենք` որը լավն է, թող մնա, որը` ոչ, թող քննարկման առարկա դառնա»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր առաջարկությամբ և պահանջով էր, որ շրջանառության հարկը 58 միլիոնից դարձավ 115 միլիոն, հիմա նորից` 40 միլիոն: Պետք է հասկանանք՝ ինչ մեխանիզմներ կան, որոնք այստեղ թույլ կտան արդյունավետ աշխատել, խոշորներին չմասնատել, ինչ երաշխիքներ կան` աշխատավարձերի հետ կապված, եկամտահարկի հետ կապված… Մեր լրջագույն պրոբլեմներից մեկը մասնավոր հատվածում աշխատավարձերի ստվերայնությունն է»:

Վարդանյանը հայտնեց նաև, որ ցանկացած առանցքային հարց, որը վերաբերում է տնտեսությանը և ներքին անվտանգությանը, քննարկվում է ՀՀԿ-ՀՅԴ համակարգող խորհրդում: «Այդպիսի հարցերը մենք քննարկելու ենք համակարգող խորհրդում: Երբ մեր առաջարկները պատրաստ լինեն, բնականաբար, սա այն ֆորմատն է, որտեղ այդ հարցերը քննարկվելու են»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ եթե իշխանություններն այդ առաջարկները չընդունե՞ն, Վարդանյանը պատասխանեց. «Մեր բարձրացրած բոլոր տրամաբանական առաջարկները իշխանությունները ընդունել են»:

yerkir.am

Տպել Տպել