Շատ կարևոր է հայի տեսակի առաքելության խնդիրը

FotorCreatedՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ` այսօր տեղի է ունեցել «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը սփյուռքահայ երիտասարդներին կոչ է արել դիմակայել 21-րդ դարի նոր մարտահրավերներին:

«Ներկայում շատ կարևոր է հայի տեսակի առաքելության խնդիրը, որը պետք է լուծեն հենց անկախության սերնդի երիտասարդները: Աշխարհն այսօր գտնվում է որոնումների մեջ, որտեղ հստակ դասակարգվում են ժողովուրդները՝ երկու կարևոր չափանիշներով: Առաջին՝ արդյոք ունակ է տվյալ ժողովուրդն ապացուցել իր քաղաքակրթական տեսակը, մասնավորապես, իր աշխարհընկալմամբ և արժեքներով ներկայանալ աշխարհում՝ որպես տեսակ: Երկրորդ կարևոր չափանիշը հայկական ցանցի առկայությունն է: Աշխարհն այսօր ոչ միայն տեխնոլոգիաներով, այլև քաղաքականության, մտածողության և քաղաքակրթական փոխհարաբերություններում անցնում է ցանցային տարբերակի: Հայկական ցանցը ձևավորվել է դեռևս միջնադարում, իսկ ցեղասպանությունից հետո, երբ ձևավորվեց Սփյուռքը, ցանցային կառույցները, մասնավորապես, հայկական հայտնի եռանկյունին` եկեղեցի, հայկենտրոն և դպրոց, մեզ արդեն մեծ առավելություն է տալիս: Ցանցային գաղափարախոսությունը ենթադրում է տարածվածություն և ընդգրկվածություն: Տարածվածությունն արդեն առկա է՝ համարյա բոլոր երկրներում ունենք հայկական համայնքներ, սակայն նույնիսկ այսօրվա կազմակերպված Սփյուռքի պայմաններում հայության բացարձակ մեծամասնությունը դեռևս ընդգրկված չէ հայկական ցանցում: Հետևաբար, հայրենիքի շուրջ համախմբված հայությունը քայլ առ քայլ պետք է գնա ընդգրկվածության մեծացման ճանապարհով»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը պետք է միավորվի մի քանի նպատակի շուրջ: «Առաջին նպատակը՝ Հայաստանի ուժեղացումն է և նրա վստահ քայլը աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում: Երկրորդ՝ մենք պետք է հասնենք Արցախի ազատամարտի հաղթական ավարտին: Երրորդ նպատակը Սփյուռքի ուժեղացումն է՝ արմատների գիտակցումը, պատմական արդարության վերականգնումը և պահանջատիրության հաստատումը»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հավաքներն ավելի հաճախակի կլինեն:

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ գիտնականներին, աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողներին՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ քննարկելու և մշակելու գործակցության նոր մոտեցումներ, առաջարկելու համագործակցության ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

Աշխատանքները կանցկացվեն «Բժշկություն և առողջապահություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հայկական շահերի պաշտպանություն և մամուլ» աշխատանքային խմբերում:

Հավաքին կմասնակցեն 80 երիտասարդ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Մոլդովայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Լիբանանից:

ՀՀ ԿԳՆ

Տպել Տպել