Կիրո Մանոյան. «Էրդողանը ավելի ուժեղացած դուրս կգա»

Kiro«Թուրքիայում ինչ-որ չափով ավանդույթ են դարձել զինվորական հեղաշրջումները»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին, ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա համարում է, որ հեղաշրջման փորձը փախողվեց, քանի որ բանակը միասնական չէր. «Այդ ամենը եղավ, որովհետև հեղաշրջման փորձ անողները դա պատճառաբանում էին իրենց մտահոգությամբ` երկրի իսլամացման, ավտորիտար ռեժիմի ձևավորման ուղղությամբ: Ճիշտ է իշխանությունները խոսում են Գյուլենի, գյուլենականների մասին, ճիշտ է գործողությունները կատարողների մեջ կան գյուլենականներ, այդտեղ կարող է շահերի նույնացում եղած լինի, բայց հիմանական առիթը, պատճառը կարծում եմ՝ այդ դժգոհությունն էր, որը ձեւավորվել է երկրում: Այս վիճակի անմիջական արդյունքը կլինի այն, որ Էրդողանը ավելի ուժեղացած դուրս կգա։ Չնայած այս ռազմական հեղաշրջման փորձի պատճառով Էրդողանի ավտորիտար ռեժիմի գործելաոճը էլ ավելի կխորանա, բայց նաև կխորանա հասարակության պառակտումն ու բևեռացումը, ինչը Թուրքիայի համար լավ բան չի խոստանում, հետագայում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը չի բացառվում»: Նրա խոսքով` կարելի է արձանագրել, որ Թուրքիայում կառավարման ճգնաժամ է սկսվել, որը էլ ավելի է խորանալու, որովհետև Էրդողանի վարած քաղաքականության արդյունքում հասարակության պառակտումը չի դադարելու:

Կիրո Մանոյանը նշեց, որ կատարվածը ազդելու է նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, հնարավոր է, որ նրանց սխալները ավելանան. «Այս պատմության մեջ ամենաուրախը Սիրիայի իշխանամետ շրջանակներն են, որոնք ըստ երեւույթին, բավականին արագ՝ պետք եղածից շուտ սկսել են հաջողություն տոնել: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այն, որ Էրդողանի մոտ 15 տարվա իշխանության ընթացքում ինչպիսի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականություն է վարել, կարծում եմ կդառնա ավելի հախուռն»:

Անդրադառնալով Հայաստանին՝ Կիրո Մանոյանը ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու առումով որեւէ դրական տեղաշարժ չի եղել. «Մինչեւ երեկ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Էրդողանի համար առաջնահերթություն չէր, հիմա էլ առավել եւս: Կարող է ինչ-որ տեղ Ադրբեջանը փորձի օգտվել այս իրավիճակից եւ դիմի Թուրքիային՝ այլ քայլեր ձեռնարկելու համար Ղարաբաղի հարցով»:

«ԱՌԱՎՈՏ»/«ԵՐԿԻՐ»

Տպել Տպել