Հաստատվեց 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը

FotorCreatedԱյսօր կառավարության կողմից հաստատվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի կողմից ներկայացրած` 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը:

Դավիթ Լոքյանը նշեց, որ ռազմավարության փաստաթուղթը մինչև կառավարությանը ներկայացնելը մի քանի փուլերով քննարկման է անցել նախարարության հասարակական խորհրդում, այնուհետ Հանրային խորհրդում, քննարկմանը մասնակցել են ԵՄ դեսպանները և համապատասխան ոլորտի մասնագետները:

2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը ներառում է տարածքների մրցունակության բարձրացման խնդիրը:

«Մեր երկիրը իր բնակչությամբ կենտրոնացած է Երևանում, և Երևանի ու մարզերի միջև զարգացման անհամաչափությունը մեծանում է տարեցտարի, մեկ շնչի հաշվարկով Երևանում ՀՆԱ-ն կազմում է 140 միավոր, իսկ մարզեր ունենք, որտեղ այն հասնում է 40-ի: Այս անհամաչափությունը վերացնելու համար, ռազմավարությունը դնում է հիմնական սկզբունքներ, որոնք պետք է բարձրացնեն տարածքների մրցունակությունը, որպեսզի մասնավոր բիզնեսը կարողանա գնալ դեպի մարզեր, և որպեսզի սոցիալական, կենցաղային ենթակառուցվածքները զարգանան մարզերում»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Նախարարը նշեց, որ ռազմավարությունը վերցրել են ԵՄ որոշ երկրների փորձից, որոնք իրենց բնակչության թվով չեն գերազանցում 6 միլիոնը, տարածքի չափով էլ չեն գերազանցում 90 հազար քառակուսի կիլոմետրը, և համարվում են բարձր լեռնային տարածքներ: Այդպիսի երկրներ են Մակեդոնիան, Խորվաթիան, Ալբանիան, որոնց փորձը դրված է ռազմավարական փաստաթղթի հիմքում:

Ռազմավարության նպատակն է` վերացնել անհամաչափությունը տարածքների միջև :

«Մինչև 2025թ. պետք է կարողանանք մոտ 10 տոկոսով ավելացնել ոչ ֆորմալ գյուղատնտեսությամբ զբաղվող աշխատատեղերի թիվը, 50-60 հազար նոր աշխատատեղեր պետք է լինեն մարզերում: ՀՆԱ-ի տարբերությունը պետք է նվազի Երևանի ու մարզերի միջև: 2017 թ-ին մարզերը պետք է ունենան տարածքների գործառնական զարգացման ծրագիր, որը պետք է հաստատվի վարչապետի գլխավորությամբ հատուկ խորհրդի կողմից: Ներդրումային գործընթացները պետք է սկսվեն այդ տարածքներում` նպատակ ունենալով պահպանել համաչափությունը Երևանի ու մարզերի միջև, դրան կնպաստի տարածքային զարգացման ներդրումային հիմնադրամը»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Վարչապետը հավելեց, որ իսկապես բավական աշխատանք է կատարվել այդ ռազմավարության վրա: «Կարծում եմ` ճիշտ ուղու վրա ենք, պետք է գնանք առաջ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Տպել Տպել