Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակի առիթով «Արցախթայմսը» զրուցել է 1992-1993 թթ. Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանի հետ արժևորել 25-ամյաանկախությունը։
-Ինչպե՞ս կարժևորեիք քառորդ դար անց Արցախի անկախությունը:
-Հարցին պետք է անդրադառնալ երկու կտրվածքով, հղում անելով ոչ վաղ անցյալին: 1991 թվական` սեպտեմբերի 2, դրանից 2-3 օր առաջ Ադրբեջանն իրեն հայտարարեց, որպես մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդ: Մինչ այդ, մարտի 17-ին կայացավ հանրաքվե, որը պետք է պատասխաներ Խորհրդային Միության կազմի մեջ մնալ – չմնալու հարցին: Չորս պետություն չմասնակցեցին այդ հանրաքվեին. Հայաստանը Արցախի հետ միասին և Մերձբալթյան երկրները, դրանով իսկ կողմ հայտարարելով անկախությանը: Ադրբեջանը, որը մոտ 99 տոկոսով կողմ էր արտահայտվել խորհրդային միության կազմում մնալուն, մի քանի ամիս անց՝ նույն 99 տոկոսով իրեն անկախ հռչակեց: Սա նշանակում է, որ մեծ գործընթացներ էին ընթանում` սառը պատերազմ, խորհրդային միության փլուզում, կապ չունի ներսից էր դա, թե դրսից, համակարգի կազմալուծում: Եվ այդ կազմալուծման արդյունքում ցանկացած ժողովուրդ հնարավորություն էր ստանում ինքնադրսևորվելու: Այդ տեսակետից հարց է առաջանում, Ղրղզստանը ի՞նչ կապ ունի անկախության հետ, կամ Բելոռուսիան, Ղազախստանը և այս շարքը կարելի է շարունակել: Այս երկներից և ոչ մեկը չի պայքարել իր անկախության համար, իսկ մենք մեր անկախության համար մեծ ու լուրջ գին ենք վճարել, որովհետև դա մեր որոշումն էր, մեր ցանկությունն էր: Ժամանակի գործող օրենքների դաշտում մենք կարողացել ենք մեր կամքն արտահայտել, և դա շատ խորքային է:
Դեկտեմբերի 10-ի հանրաքվեով մեր ժողովուրդը ընտրեց անկախության ճանապարհը, որի գաղափարը առանձին երևույթների, պետական մնացորդների ձևով պահպանվել էր: 1985 թվականի գորբաչովյան վերակառուցումը հնարավորություն էր տվել փոփոխվել, և յուրաքանչյուր երկիր սկսեց այդ փոփոխություններն ինքն իր ներսում: Ճիշտ է, մենք մեր գործընթացը սկսել ենք միացման գաղափարով, սակայն 1991 թվականի հրամայականը անկախությունն էր, երբ մեկն իրեն հռչակել է անկախ, իսկ մյուսը սկսել էր իրագործել այդ գաղափարը: Այստեղից սկսվեց պատերազմը, ուշադրություն դարձրեք, պատմության մեջ այդ քանի՞ ժողովուրդ են, որ կարողացել են միաժամանակ և իշխանություն վերականգնել, և բանակ ու պետություն ստեղծել, պատերազմել ու ապրել: Անցել ենք և լավ և վատ ճանապարհով, մեծ ցավով ու հպարտությամբ ու հաղթել ենք կյանքով: Դա է արժեքը, ու մեր արձանը՝ մեր պետականությունն է:
-Արդարացվա՞ծ է երկու հայկական պետականությունունենալը և ո՞րն է հեռանկարը:
Ես չեմ կարծում, որ արաբները կարող են ունենալ մեկ տասնյակից ավելի պետություն, իսկ հայերը՝ ոչ: Իրադարձություններն այնքան արագ են փոփոխվում, ժամանակը կարծես թե սեղմվել է: Միակ բանը հեռանկարի իմաստով, ամեն ինչ անել, որ մեր ներսի կրակը վառ մնա: Եթե մարեց, դրանով կվերջանանք, իսկ կրակը կարող է վառ պահել ազգային էլիտան, որը կապ չունի կրթության, դիրքի ու պաշտոնի հետ:
Ղարաբաղը կամրապնդի իր անկախությունը, գալիք սերունդներն իրենք կորոշեն միանալ Հայաստանի Հանրապետությանը, թե պահել երկու հայկական պետությունների մոդելը: Միացման հարցը իմ սերնդի խնդիրը չէ: Ես ուզում եմ, որ Ղարաբաղը լինի ինքնուրույն, ազատ անկախ ու հզոր միավոր: Իսկ ինչ վերաբերվում է ճանաչմանը, որպեսզի քեզ ճանաչեն, նախ պետք է դու լինես: Իսկ մենք կանք, դրա համար այսօր աշխարհի մեծերի մեծ քաղաքականությունը պտտվում է մեր շուրջը: Ժամանակին Գորբաչովն էր լավ ձևակերպել. Ղարաբաղը և նրա շուրջը /Карабах и вокруг него/: Ամեն մեկն իր ծրագիրն է փորձում իրացնել, բայց մենք ունենք բնական իրավունք այս հողի վրա և ո՞վ կարող է այդ իրավունքը վերցնել ինձնից, եթե ես ինքս դա չցանկանամ:
Մեր երկիրն այսօր հիվանդ է, թույլ է, բայց այն կենդանի օրգանիզմ է և այդ կենդանի օրգանիզմը ապրելու հայտ է ներկայացրել:
artsakhtimes.am







