Գյուղական տուրիզմ

Բացի գյուղատնտեսությունից, գյուղական համայնքները եկամտի այլ աղբյուր կունենան

Գյուղական համայնքները զարգացնելու և գյուղերում աղքատության մակարդակը նվազեցնելու համար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, Հայաստանի 60 համայնքներում կիրականացնի տեղում տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագիր: Այսօր հայտարարվեց «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի կառավարությունը: Ծրագրի բյուջեն 3 միլիոն դոլար է:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ իրականում Հայաստանի գյուղական համայնքների համար շատ լուրջ ծրագիր է սա, որը հեռանկարային է և հնարավորություն է ընձեռելու գյուղական համայնքներին եկամտի այլընտրանքային աղբյուր ունենալ:1473238832-6507

«Մեզ մոտ գյուղական համայնքների եկամտի աղբյուրը տարիներով և դարերով միայն գյուղատնտեսությունն է, որը, ինչպես տեսնում ենք, չի բավարարում գյուղացուն` իր կարիքները հոգալու համար, և այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ բացը: Աշխարհն ունի նման փորձ, և սա համայնքների հզորացման և ուժեղացման հիմնական օղակ է: ՀՀ գյուղական վայրերի մեծ մասն ունի տուրիզմի օբյեկտներ, սակայն դրանք բացահայտված չեն, ուստի ծրագիրը հնարավորություն կտա նաև բացահայտելու դրանք»,- ասաց Լոքյանը:

Նա նշեց նաև, որ փորձելու են գյուղական վայրերում ստեղծել նաև փոքր արտադրական հզորություններ ու ապահովել տարածքների հավասարաչափ զարգացումը: Լոքյանը տեղեկացրեց նաև, որ ՄԱԿ-ի միջոցով ծրագրին են միացել մի շարք դոնորներ, օրինակ` Գերմանիայի ազգային բանկը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն էլ նշեց, որ գյուղական համայնքներում տուրիզմի զարգացումը կկարողանա թեթևացնել տեղի բնակիչների սոցիալական բեռը, և ծրագիրը պետք է այնպես կյանքի կոչեն, որ համայնքները կարողանան օգուտ ստանալ սրանից: «Գյուղական տուրիզմը շուկա է, որը լավ զարգացած չէ Հայաստանում, բայց եթե զարգանա, կխթանի նաև տնտեսության զարգացում: Հայաստանի գյուղական համայնքներում մենք տեսնում ենք ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, և մեզ մնում է միայն գնահատել համայնքների կարիքներն ու ստեղծել մատակարարման տեղական կառույցներ, որոնք հնարավորություն կտան պահելու տուրիզմից ստացված օգուտները հենց տեղում»,- ասաց Բուզետտոն:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանը տեղեկացրեց, որ Հայաստան եկող տուրիստները, ճիշտ է, այցելում են մարզեր, սակայն նրանց 84 տոկոսն ապրում է Երևանում, և միայն 26 տոկոսն է գիշերակացն անցկացնում շրջաններում: Սակայն այս 26 տոկոսից, ըստ Մելքոնյանի, չնչին տոկոսն է գիշերում հենց գյուղերում: «Մեր հիմնական նպատակն է ուղղել տուրիստական հոսքերը դեպի գյուղական համայնք, և դրա համար պետք է գնանք գյուղեր ու փորձենք զարգացնել այն հնարավորությունները, որոնք կան գյուղերում և որոնք կհետաքրքրեն տուրիստներին: Նախ` կայցելենք գյուղեր, կճշտենք, թե ինչ պատմական վայրեր կան կամ գուցե չգործող սրճարան, որոնք կհետաքրքրեն տուրիստներին, հետո արդեն մեր փորձագետները կսկսեն աշխատել տեղում, և բիզնես պլանների միջոցով կփորձենք տեղում տուրիզմի զարգացման նախադրյալներ ստեղծել»,- պարզաբանեց նա:

Տպել Տպել