Ի՞նչ էր բացահայտում ԼՂ հարցով ՀՅԴ հայտարարությունը

Արցախի անկախության 25-ամյակին ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը մնաց կուսակցության կողմից սեպտեմբերի 2-ին կազմակերպված տոնական միջոցառման ստվերում: Այդ հայտարարությամբ ՀՅԴ-ն ձևակերպեց ոչ միայն ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացից իր ակնկալիքները, այլև իր համար բանակցություններում հայկական կողմի հնարավոր զիջումների սահմանները: Ըստ այդմ՝ «Արցախյան հարցի կարգավորման որևէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին և կամ առնվազն` Արցախի անկախությունը, Արցախի սահմանները ճշտելիս պետք է առաջնորդվել պատմական իրավունքի և Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով, բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության և 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամաարտահայտությամբ»։FotorCreated

Որպես այս հիմնանպատակներին հասնելու միջոց՝ կուսակցությունն առաջադրեց մի քանի սկզբունքային պայմաններ: Այն անընդունելի է համարում «ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված առաջնահերթ լուծում չպարունակող որևէ կարգավորում», դեմ է «վերոնշյալ պահանջն անտեսող որևէ «փուլային» լուծման տարբերակի և միակողմանի կամ ապագա լուծումների ակնկալիքով որևէ զիջման»: Իսկ զիջումները ՀՅԴ-ն պատկերացնում է փոխադարձության, համարժեքության, միաժամանակության և փաթեթային լուծման շրջանակներում: Բացի դրանից` այն դնում է ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, ինչպես նաև, բանակցություններին զուգահեռ, ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչմանը հետամուտ լինելու խնդիրներ: Եվ, թերևս, ամենակարևոր ու սկզբունքային պահանջը՝ ՀՅԴ-ն փաստացի դնում է բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի դեպքում ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Թե’ ինքնին այս պահին հայտարարությամբ հանդես գալու քայլը և թե’ հայտարարության բովանդակությունը քաղաքական երկու լուրջ ենթատեքստեր են պարունակում, որոնց հարկ է անդրադառնալ:

Նախ՝ հայտարարությունն արվեց ԼՂ հարցով քաղաքական-դիվանագիտական ակտիվացման նոր շրջափուլի նախօրեին: Հայտնի է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հարցով խորհրդակցություն կանցկացնեն ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ, որին, ըստ ամենայնի, կհաջորդի սեպտեմբերի վերջին ՄԱԿ-­ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Չի բացառվում, որ դրանից հետո դրվի նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր՝ այս տարվա ընթացքում արդեն երրորդ հադիպումն անցկացնելու և ԼՂ հարցում որևէ կերպ ճեղքում ապահովելու խնդիր: ԼՂ բանակցային գործընթացի նոր ակտիվացմանն ընդառաջ` ՀՅԴ-ի նման հայտարարությունը հնարավոր պարտադրվող լուծումներին ի սկզբանե հակադրվելու, նման մոտեցմանը հայաստանյան հասարակության սկզբունքային անհամաձայնության անուղղակի դրսևորում կարելի է համարել: Ավելին` այս հայտարարությունը մի կողմից փորձ է բանակցային գործընթացը «տարածքային զիջումներ` խաղաղության դիմաց»՝ հայկական կողմի վզին փաթաթվող լուծման հարթությունից դեպի «զիջումներ` ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի ճանաչման դիմաց» բանաձևի դաշտ տեղափոխելու, իսկ մյուս կողմից` հստակ ուղերձ է առ այն, որ եթե փորձ է արվում հայկական կողմին կանգենցնել միակողմանի զիջումների և պատերազի միջև երկընտրանքի առջև, ապա հասարակությունն ընտրելու է երկրորդ տարբերակը, քանի որ զիջումներին գնալը բացարձակապես չի նվազեցնելու նոր պատերազմի վերսկսման հնարավորությունը:

Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությանը և հատկապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու Մոսկվային ուղղված այս ուղերձը հնչում է Հայաստանի իշխանության ներսից, թեկուզ` դրա մի թևից: Այս իմաստով թերևս պատահական չէր, որ, փաստացի ի պատասխան ՀՅԴ-ի հայտարարության, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրն արդեն պատրաստ է: Դա ուղղակի ակնարկ էր, որ հայկական կողմի համար բանակցությունների ոչ ցանկալի ընթացքի, Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախապատրաստման դեպքում Հայաստանը գնալու է ԼՂՀ-ն ճանաչելու քայլին, քանի որ Ստեփանակերտի հետ նման համաձայնագրի ստորագրումն ինքնին նրա ինքնիշխանության իրավական ճանաչման ակտ է: Պետք է նշել, որ եթե Երևանից այսպիսի ակնարկներ ու հայտարարություններ են հնչում, ապա բանակցային նոր ակտիվացումից հայկական կողմը դրական սպասելիքներ չունի:

Բայց ՀՅԴ-ի հայտարարությունը նաև ներքին լսարանին ուղղված ենթատեքստային շեշտադրումներ ունի: Այն ուղղված է նաև բանակցություններում ներգրավված երկրի բարձրագույն ղեկավարությանը և պարունակում է ԼՂ հարցում այս սկզբունքային մոտեցումները ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափերից վեր դասելու և անհրաժեշտության դեպքում դրանց առաջնահերթություն տալու թաքնված ակնարկներ: Այս իմաստով հատկանշական է երկու փաստ: Առաջին՝ ՀՅԴ-ն առաջ է քաշում «բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի 1991թ. անկախության և 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամաարտահայտությամբ առաջնորդվելու» հարցն այն դեպքում, երբ ակնհայտ է, որ մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող բանակցությունները մեծ հաշվով շրջանցում են արդեն կայացած կամաարտահայտության այդ ակտերը և դնում անորոշ հեռանկարում կարգավիճակի որոշման նոր հանրաքվե կամ պլեբիսցիտ անցկացնելու տարբերակը: Այստեղ կա ռազմավարական որոշակի տարբերություն և պարզ ակնարկ է պաշտոնական Երևանին` կոշտացնել դիրքորոշումը, ավելին՝ տարածքների զիջման տրամաբանությունից անցում կատարել ներկայիս ստատուս քվոն իրավականացնելու և ներկայիս սահմաններով ԼՂՀ-ի պահպանման տրամաբանությանը: «Պետք է ունենալ այն մշտական համոզումը, որ ավելի լավ է լինել շրջափակված, բայց պահպանել ներկայիս 42000 քառ. կմ տարածքները հայկական, քան ունենալ բաց սահմաններ, բայց զրկվել կենսական նշանակության մեր տարածքներից»,- Արցախի անկախության 25-ամյակի տոնական միջոցառման ժամանակ ելույթ ունենալով` ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Եվ երկրորդ՝ վերոնշյալ ելույթում Ռուստամյանը նաև հայտարարեց. «…Մեր ժողովուրդը ժամանակին վճռականորեն մերժեց «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքով հակամարտությունը կարգավորելու` օրվա իշխանությունների պարտվողական քաղաքականությունը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նույն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կփորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահռչակ սկզբունքը»: Սա ակնհայտ ակնարկ է, որ ՀՅԴ-ն չունի անցնելիք ճանապարհ այն ուժերի հետ, որոնք կարող են առաջնորդվել «տարածքներ՝ խաղաղության դիմաց»՝ ինքնասպանության տանող սկզբունքով: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատճառով ՀՅԴ-ն արդեն մեկ անգամ դուրս է եկել իշխանական կոալիցիայից: Եվ դա ուժեղ փաստարկ է, որ ազգային նշանակության սկզբունքային հարցերում ՀՅԴ-ն չի վարանում կտրուկ որոշումներ կայացնել:

Գևորգ Դարբինյան

yerkir.am

Տպել Տպել