Ֆրանսիայում աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ժխտման քրեականցումն ամբողջացնող օրենքի շուրջ

fotorcreatedՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարեւորել է պատվիրակության՝ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու դեպքում էլ Հայաստանը մշտապես ստացել է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում:

Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով Փարիզում եւ Նիսում, ինչպես նաեւ մինչ այդ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները, վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է:

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, կարեւորել է դրանց ղեկավարների մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները բարեկամական են եւ իրենք ուրախ են Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին այստեղ գտնվելու համար: Պատվիրակության ղեկավարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, նշել է, որ արվում է ամենը՝ ընդունելու օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:

Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ իրենք անհանգստացած են Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչի ապացույցն էր նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը դարձավ բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ: Նա նշել է, որ իրենք անցյալ տարի եղել են շփման գծում եւ ծանոթացել բնակիչների խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնել օգնելու արցախցի երիտասարդներին: Ըստ նրա՝ այսօր այդ ծրագրերն իրականություն են դառնում:

Հանդիպմանը կարեւորվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների առավել սերտացումը, անդրադարձ է կատարվել մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին:

Պատվիրակությանը մաս էին կազմում Շարլ Փափազյան՝ ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, եւ Հարութ Մարտիրոսյան՝ Հայ Դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախագահ։ Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

Տպել Տպել