Կառավարությունը հավատափորձության տեղ չէ

FotorCreatedԱյսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին դիտողություն անելու մասին լրագրողների հարցին, թե արդյո՞ք կարող են դաշնակցական նախարարների փոփոխություններ լինել:

Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ ՀՅԴ-ն պաշտպանել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում` լիահույս լինելով, որ նա կկարողանա երկրի առջև ծառացած խնդիրները լուծել, որովհետև ունի այդ կարողությունը, բայց, նախորդ վարչապետերի փորձը նկատի առնելով, պարզապես կոնկրետ քայլեր պետք է իրականացնի:

«Զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխանող տպավորություն ստեղծող քայլերից, որովհետև, կարծես, նման բաները կարճ կյանք կարող են ունենալ: Ինչ վերաբերում է չհավատալուն, գիտեք` կառավարությունն այն տեղը չէ, որ պետք է հավատալ կամ չհավատալ, որովհետև եթե կա մի բան, որ տեսնում ես, ուրեմն պետք է ստուգել, դրա հավատալ-չհավատալը ո՞րն է: Դա հավատափորձության տեղ չէ, դա կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պետք է կատարվեն: Կոնկրետ գործերը կա’մ կան, կա’մ չկան»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ վարչապետը պետք է ծանոթանար մինչև հիմա բոլոր ոլորտներում կատարված-չկատարված աշխատանքներին, և հավատի միջոցով այդտեղ քննարկումներ ծավալելը ճիշտ մոտեցում չէ:

Պատգամավորի կարծիքով` երկրում այնքան լրջագույն պրոբլեմներ են կուտակված, որ օր առաջ պետք է սկսել լուծել դրանք: Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն ամբողջությամբ վստահում է Արծվիկ Մինասյանին, նա լավ գիտի իր ոլորտը, և եթե վարչապետը չի հավատում, որ Արծվիկ Մինասյանը լավ գիտի իր ոլորտը, ուրեմն թող համոզվի:

Ինչ վերաբերում է նախարարների փոփոխությանը, Արմեն Ռուստամյանը նշեց. «Չեմ կարծում, որ փոփոխություն կլինի: Միևնույն ժամանակ, ողբերգություն չենք տեսնում նրանում, եթե մեր նախարարը որևէ հայեցակարգ առաջարկի, ու այն չհամապատասխանի վարչապետի պատկերացումներին, բայց հայեցակարգերի միջև պետք է լինի քննարկում, և եթե վարչապետը չընդունի այդ հայեցակարգը, ուրեմն պետք է առաջարկի այլընտրանք: Բայց անհատական, անձնական հավակնություններով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ: Թող լինի բանավեճ, և եթե նման բաց քննարկումներ են գնում, ապա այդ բաց քննարկումները տեսնենք` նաև այլ ոլորտների հետ կապված: Պետք է լիազորությունների ու պատասխանատվության տարանջատում լինի, ինչը, ի դեպ, այսօր կառավարությունում գոյություն չունի: Բազմաթիվ հարցեր կան, որոնք շփոթ են առաջացնում, թե ով ինչի համար է պատասխանատու: Հարցեր կան, օրինակ, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է կատարի, բայց, չգիտես` ինչու, առնչվում է այլ նախարարությունների, այսինքն` կորչում է պատասխանատվությունը»:

Հարցին, թե համաձայն չէ՞ վարչապետի նկատողության հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նրա փոխարեն ես զերծ կմնայի նման բառապաշար օգտագործելուց, բայց դա մեզ չի հուսահատեցնում, որովհետև մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, որովհետև պատասխանատվություն ենք կիսում կառավարության գործունեության համար»:

Պատգամավորը նաև նշեց, որ ուրախ է, որ Կարեն Կարապետյանն ինքնուրույն, անկախ գործիչ է, որովհետև քաջալերում են միանձնյա կառավարումից ազատվելու բոլոր մոտեցումները:

Պատասխանելով հարցին, թե, ՀՅԴ-ի կարծիքով, ՀՀԿ անդամ չհանդիսացող նոր վարչապետն ի՞նչ ծրագրով է աշխատելու` Սերժ Սարգսյանի նախընտրակա՞ն, ՀՀԿ-ի նախընտրակա՞ն, թե՞ իր սեփական ծրագրով, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը դատարկ տեղ չի եկել և չի կարող անտեսել եղած ծրագրերը: Կա կոալիցիոն հուշագիր, որն անդրադառնում է ներքին կյանքի գրեթե բոլոր բնագավառներին, սահմանված են հստակ քայլեր ու ուղղություններ: Եվ այդ ամենը կարող է հիմք հանդիսանալ կառավարության նոր ծրագրի համար: Վարչապետը չի կարող այդ ամենը մի կողմ դնել ու գրել ծրագիր, որը կապ չունի այդ կոալիցիոն հուշագրի հետ»:

Ըստ նրա` ՀՅԴ-ն պահանջկոտությունից չի վախենում, ընդհակառակը` քաջալերում է, բայց ուզում է, որր դա տեղի ունենա անընդհատ: «Եթե վարչապետը պահանջկոտ է, դա միայն ողջունելի է: Մենք մեր նախարարներին չենք ասում, որ` դուք գնալու եք կառավարություն ու պաշտպանված եք, քանի որ դաշնակցական եք: Մեր նախարարները առաջին հերթին պաշտպանված պետք է լինեն իրենց գործով ու պրոֆեսիոնալ կարողություններով: Պահանջկոտությունը ողջունում ենք, բայց դա չպետք է դուրս գա ռազմավարության ընդհանուր տրամաբանությունից: Եվ ուրեմն` կոչ եմ անում բոլորին ու վարչապետին, որ մենք իրար հետ խոսենք հայեցակարգված, ռազմավարության ու մարտավարության հստակ դրույթների շուրջ: Սուբյեկտիվ մասն ինձ չի հետաքրքրում, ով ում դուր է գալիս կամ դուր չի գալիս, քանի որ դա կապ չունի մեր ընդհանուր պետական խնդիրների հետ»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից ազատորեն կադրային քաղաքականություն վարելու իրավունքին, նա կարծիք հայտնեց, որ ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է և չի կարող լինել սանձարձակություն, այլ նախօրոք ձեռք բերված համաձայնությունների մեջ տեղավորվելու կարողություն` այս դեպքում:

Հարցին` արդյո՞ք ՀՅԴ-ն կադրերի պակաս չունի, որովհետև նոր վարչապետը հայտարարել է, որ ամենուր գոյություն ունի կադրերի պակաս, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն ամբողջ կաբինետի համար էլ կադրեր ունի»:

Ինչ վերաբերում է վարչապետի մեկ այլ հայտարարությանը, որ կախարդական փայտիկ չկա, նա ասաց. «Բայց կախարդական փայտիկ կա՞: Եթե մենք ապրեինք հեքիաթների աշխարհում, այո’, ոչ մի խնդիր էլ չէինք ունենա, բայց իրական կյանքը ուրիշ է: Կախարդական փայտիկ մի’ ուզեք այն պարզ պատճառով, որ այն գոյություն չունի: Վարչապետը ճիշտ է ասում, ազնիվ է ասում, քանի որ գիտակցում է խնդիրների ծավալը: Ես գնահատում եմ նրա այդ հայտարարությունը, որ տնտեսության վիճակը շատ ծանր է»:

yerkir.am

Տպել Տպել