Յայտարարութիւն

Թուրք-Հայկական Հաշտութեան Յանձնաժողով անուան տակ գործող տխրահռչակ խմբի հայ անդամների ստորագրութեամբ հրապարակուած 11 Դեկտեմբերի յայտարարութիւնը՝ յանձնաժողովի աշխատանքները դադրեցնելու առնչութեամբ, յապաղած խոստովանութիւն է յանձնաժողովի հայ մասնակիցների կողմից հռչակուած նպատակների ձախողման վերաբերեալ:

Յանձնաժողովի հայ անդամները եւ նրանց հովանաւորող` ԱՄՆ-ում գործող ՙԱրմինիըն Ասեմպլի՚ն, պարտաւոր էին ի սկզբանէ տեսնել այն իրողութիւնը, որ այդ յանձնաժողովն օգտագործուելու է շրջանցելու համար Հայկական Ցեղասպանութեան Թուրքիայի կողմից ճանաչման հարցը, խոչնդոտելու նրա միջազգային ճանաչման թափը եւ հայկական պահանջատիրութիւնը: Յանձնաժողովի բացայայտ գոյութեան հինգ ամիսների ընթացքում եւ որպէս անմիջական հետեւանք նրա գործունէութեան` մեծ չափերով աւեր է գործուել եւ ԱՄՆ-ի ու Եւրոպայի քաղաքական բեմերում Ցեղասպանութեան ճանաչման գործը ենթարկուել է լուրջ խոչընդոտների: Հայ քաղաքական պայքարի ճակատում տարուած արկածախնդրական այս գործունէութեան համար պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին եւ սատարեցին այս Յանձնաժողովի աշխատանքներին. նրանց գործունէութեան բացասական հետեւանքները դեռ շարունակուելու են:

Այս առթիւ յայտարարում ենք.

ա.- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտութիւնը չի կարող իրականանալ առանց պատմական ճշմարտութիւնը ընդունելու: Հայ-թուրքական որեւէ երկխօսութիւն կþարդիւնաւորուի միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի կողմից ճանաչուի Հայկական Ցեղասպանութեան փաստը, որ սակարկութեան առարկայ չէ:

բ.- Ընդունելով հանդերձ երկու գերիշխան երկրների միջեւ առողջ երկխօսութեան անհրաժեշտութիւնը, այդուամենայնիւ, չի կարելի Հայկական Ցեղասպանութեան մէջ Թուրքիայի պատասխանատուութեան ճանաչման խնդիրը անջատել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների ոլորտից£ Հետեւաբար, այդ խնդիրը անխուսափելիօրէն մաս է կազմում Հայաստանի արտաքին քաղաքականութեան:

գ.- Միջազգային ատեաններում Հայկական Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքները շարունակուելու են նոր թափով եւ միջազգային հասարակական կարծիքից ու քաղաքական շրջանակներից ակնկալւելու է նպաստել այդ աշխատանքներին, ի տես ճշմարտութիւնը եւ արդարութիւնը վերականգնելու հայ ժողովրդի վճռակամութեան:

ՀՅԴ ԲԻՒՐՕ
12 Դեկտեմբեր, 2001 ք. Երեւան

Տպել Տպել