ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:
Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն արդեն իսկ լավ ազդակ են համագործակցության հետագա զարգացման:

Նա տեղեկացրել է, որ անցած շաբաթ քննարկումներ են եղել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ, որոնց ժամանակ քննարկվել են Հայաստանին անհրաժեշտ աջակցության ուղղությունները: fotorcreated

«Որպես ԵՄ դեսպան Հայաստանում՝ վստահ եմ, որ տարածքային զարգացման ռեֆորմները պիտի առաջնահերթություն լինեն: Պետք է ավելի ուղիղ ու ավելի հաճախ սերտ համագործակցենք մարզերի վարչական կենտրոնների հետ»,- ասել է դեսպանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքների հնգամյա զարգացման ռազմավարությունների կազմման հարցը, ինչպես նաև տարածքային զարգացման խնդիրները, գործիքակազմը և իրականացման մեթոդները: Քննարկվել են նաև Եվրամիության տրամադրած դրամաշնորհների մշտադիտարկման խնդիրները և պետական վերահսկողությունը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրամիության` զարգացմանն ուղղած աջակցության տարածքային տեղայնացմանը վերաբերող հարցերին: Խոսելով աջակցության հնարավոր նոր գործիքների կիրառման մասին` Դավիթ Լոքյանը նշել է, որ «Միջհամայնքային միավորումների մասին ՀՀ օրենքի» ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ստեղծել կառույցներ, որոնք կկարողանան ընդհանուր գործառույթներ իրականացնել:

«Հեռավոր թույլ շրջանների համար այս միավորումներով կարելի է աշխատել , որոնք կարող են ի սկզբանե ներառվել ներդրումային ծրագրերի պատրաստման, ինչպես նաև տարածքային ռազմավարությունների հնգամյա ծրագիրը մշակելու գործընթացում: Շատ կարևոր է, որ կարողանանք այս ծրագրերի իրականացման համար նաև հասարակական միավորներին ակտիվացնել Հայաստանում»,- իր խոսքում նշել է նախարարը:

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա հանդիպումներում քննարկելիք հարցերի, ՀՀ մարզերի զարգացման ոլորտում Հայաստան- ԵՄ բազմակողմանի համագործակցության շուրջ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Տպել Տպել