Տեղի ունեցաւ Հրանտ Դինքի անւան միջազգային մրցանակաբաշխումը

5978f1a477792590a6e46a21d218d4b1_xlՀինգշաբթի, սեպտ. 22-ի երեկոյեան, Ստամբուլի «Լութֆի քըրդար միջազգային համագումարների ու ցուցահանդէսների կենտրոն»-ում տեղի ունեցաւ 2016 թւականի «Հրանտ Դինք»-ի անւան միջազգային մրցանակաբաշխութիւնը:

Այս տարւայ (2016) մրցանակները շնորհւեցին տկն. Թերեզա Քաչինդամոթոյին՝ Աֆրիկայի Մալաւի երկրից եւ Թուրքիայի Դիարբեքր քաղաքի իրաւաբանների կենտրոնին (کانون وکلا), որի ներկայացուցիչն էր իրաւաբան Ահմեթ Օզմանը:

* «Հրանտ Դինք» միջազգային մրցանակը տրւում է Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս այն անհատներին կամ կազմակերպութիւններին, ովքեր աշխատում են խտրականութիւնից, ցեղապաշտութիւնից եւ բռնութիւնից զերծ, ազատ ու արդար աշխարհ ստեղծելու համար, անհատներ եւ կազմակերպութիւններ, որոնք զոհողութիւններ են կատարում իրենց ճանապարհին եւ պայքարում են խորտակել տիրող բացասական կանխակարծիքները եւ խրախուսում են հասարակութեանը իրենց նպատակների ձեռքբերման համար յանուն արդարութեան եւ խաղաղութեան:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

«Հրանտ Դինք» կազմակերպութիւնը, կազմակերպելով տարեկան այս մրցանակաբաշխութիւնը, փորձում է զօրավիգ հանդիսանալ այս կարգի անհատներին ու կազմակերպութիւններին, յիշեցնել տալ թէ նրանք նկատւում են եւ գնահատւում է նրանց գործն ու նւիրումը:

* Այս տարւայ մրցանակ շահող տկն. Քաչինդամոթօն իր ջանքերի շնորհիւ յաջողել է Մալաւիում պաշտպանել երեխաների մարդու իրաւունքները՝ ստեղծելով մի հիմնադրամ՝ աղջիկ երեխաների ուսման շարունակութեան համար: Մալաւիում շատ ընտանիքներ նիւթական դժւարութիւնների պատճառով իրենց աղջիկ երեխաներին ամուսնացնում են շատ փոքր տարիքում եւ նրանց ուսում ստանալուց զրկում:

Երկրորդ մրցանակը շնորհւեց Թուրքիայի Դիարբերքր քաղաքի իրաւաբանների կենտրոնին (کانون وکلا), իր օրինակելի ընթացքի, արդար դատողութիւնների եւ անաչառ ստուգումների ու վճիռների համար՝ պաշտպանելով ճնշւածներին ու զրկւածներին: Նշելի է, որ Դիարբեքր քաղաքը մեծամասնաբար քուրդ բնակչութիւն ունի:160925a03a

* «Հրանտ Դինք»-ի անւան մրցանակաբաշխութիւնը տեղի է ունենում ամէն տարի՝ վառ պահելով սպանւած հայ լրագրող Հրանտ Դինքի յիշատակը: Մրցանակաբաշխումը տեղի է ունենում հանգուցեալի ծննդեան օրը՝ սեպտ. 15-ին, այս տարի Իսլամական «Ղորբան» տօնի արձակուրդներին ու տօնակատարութիւններին զուգադիպելով, մրցանակաբաշխութիւնը տեղի ունեցաւ սեպտ. 22-ին:

* Նշելի է, որ «Հրանտ Դինք» կազմակերպութեան նախագահն է Դինքի կինը՝ տկն. Ռաքէլ Դինքը, իսկ մրցանակաբաշխութեան կազմակերպիչ յանձնախմբի նախագահն է թուրք անւանի մտաւորական, լրագրող եւ համալսարանի դասախօս Ահմեթ Ինսէլը (որը ծրագրի սկզբում ունեցաւ իր ելոյթն ու ողջոյնի խօսքը): Ահմեթ Ինսէլը այն մտաւորականներից է Թուրքիայում որ ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը եւ հաւատացած է, որ ներողութիւն պիտի խնդրել հայ ժողովրդից կատարւած ցեղասպանութեան պատճառով:

* 2016 թւականի «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխութեան ներկայ էին տկն. Ռաքէլ Դինքը, Ահմեթ Ինսէլը, բազմաթիւ թուրք մտաւորականներ, լրագրողներ եւ պոլսահայ համայնքի անդամներ:

Մրցանակաբաշխութեան իրաւարար կազմի անդամ է հայ ազգի կինոռեժիսոր Ատոմ Եգոյեանը:

Ստամբուլ (Պոլիս) – ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

Տպել Տպել