Մենք դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար

FotorCreated«Դաշնակցություն» կուսակցությունը, ըստ էության, պահպանեց իր երեք պորտֆելները կառավարությունում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ բավականին կոշտ գնահատական էր տվել Կարեն Կարապետյանի առաջին նիստը վարելուց հետո և նշել՝ թող շոուներ տեղի չունենան:

Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո ՀՅԴ- ՀՀԿ և Կարեն Կարապետյան հարաբերություններում, խնդիրները հարթվե՞լ են: Այս հարցին ի պատասխան՝ Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Խնդիր չկար, որ հարթվեր, մի քիչ շատ են ցանկացել դրամատիկացնել այն, ինչ տեղի է ունեցել, շատ պարզ խոսակցություն է եղել թե՛ մեր կողմից, թե՛ վարչապետի կողմից: Լրագրողների հետ հանդիպումից հետո մենք հանդիպել ենք նաև վարչապետի հետ, բազմակողմանի քննարկել ենք նրա ծրագրերը, մոտեցումները, աշխատանքի ուղղությունները:

Եվ մեզ մոտ ամրապնդվել է այն համոզումը, որ ի սկզբանե գոյություն ուներ, այն է՝ իսկապես վարչապետը եկել է արմատական փոփոխություններ իրականացնելու, եկել է նոր խաղի կանոններ սահմանելու: Մենք ի սկզբանե ասում էինք, որ միայն մարդկանց փոփոխությունը շատ բան չի տա, եթե չեն փոխվում նաև ներիշխանական հարաբերությունները, որոնք պետք է համապատասխանեն այն ծրագրերին ու նպատակներին, որոնք այսօր պարտավոր ենք իրականացնել երկրի զարգացմանն արագ տեպ հաղորդելու համար»:

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանին Բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց. «Մենք խնդիր չունենք վարչապետի որդեգրած մարտավարության հետ կապված։ Պատրաստ ենք ամեն ինչով աջակցել, որպեսզի նա հաջողի։ Դա է եղել մեր պատրաստակամությունը, ինչը արտահայտել ենք նաև նրա հետ հանդիպման ժամանակ։

Եթե վարչապետն առաջարկել է, որ Արծվիկ Մինասյանի կարողությունները օգտագործվի այս ոլորտում, ինչո՞ւ պիտի դա մերժենք։ Վարչապետն առաջարկել է, մենք էլ մեր թիմով աջակցելու ենք, որ վարչապետի դրված խնդիրները լուծվեն։ Այսօր մենք դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար, որպեսզի նա իր առջև դրված լուրջ բարեփոխումներն իրականացվեն արագ, որովհետև դա բխում է բոլորիս շահերից»:

Տպել Տպել