Նորովի է արժևորում անկախ և հաղթանակած պետականության եռագույնի ներքո ապրելու մեր հաստատակամությունը

Արտակ Սարգսյանի ելույթը` Նոր Ջուղայում Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարության ժամանակ

1475651486-7496Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնությամբ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Նոր Ջուղայի «Արարատ» մարզամշակութային միությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում, նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Տոնակատարությանը ներկա էին Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերապատիվ Տ. Սիփան ծայրագույն վարդապետ Քէչէճեանը, քահանայից դասը, օրվա բանախոս պատմաբան, Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոնի նախագահ Արտակ Սարգսյանը, թեմի ազգային մարմինների և Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներն ու հայ համայնքի անդամները:

Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք Արտակ Սարգսյանի ելույթը:

Գերապատի՛վ հայր սուրբ,

Արժանապատի՛վ քահանա հայրեր,

Հարգարժա՛ն ազգային մարմինների ներկայացուցիչներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Երջանիկ եմ, որ գտնվում եմ հռչակավոր Նոր Ջուղայում, վայր, որը հայոց մշակույթի, արհեստների և արվեստների մեծագույն կենտրոններից է, վայր, որը հայոց պատմության մեջ գրել է փառավոր էջեր, թողել հարուստ ժառանգություն: Նոր Ջուղան ես պատիվ ունեմ ճանաչելու իմ ջուղայեցի լավ ընկերների միջոցով, այսօր առիթ ունեմ այն ճանաչելու անմիջականորեն՝ ձե՛ր միջոցով: Եվ, առիթը օգտագործելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայոց մշակույթի այս չնաշխարհիկ օջախը պատշաճ պահպանելու, զարգացնելու և սերունդներին փոխանցելու համար:

Երջանիկ եմ նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության 25-ամյակների առիթով ձեզ խոսք հղելու այս հնարավորության համար։

Անկախությունը մեր փա՛ռքն է, Արցախը՝ մեր հպարտությու՛նը։ Եվ մայր հողից շնորհավորանքներ եմ բերել՝ 5-հազարամյա հայոց պետականության ավանդույթները վերակերտելու տոնի և հայոց հավերժական երթը արժանապատիվ շարունակելու նոր հնարավորությունների առիթով։

88-ի սերունդը պատվով իր ձեռքը վերցրեց Հայոց ազատամարտի ջահը, խիզախորեն հնչեցնելով Արցախի ազատագրության և հայոց անկախության շեփորը։ Եվ Սարդարապատում կերտված հայոց հանրապետությունը 1991-ի սեպտեմբերին թևակոխեց անկախության իր նոր շրջափուլը։ Հայոց համար սկսվեց հավերժացման մի նոր խիզախումի ժամանակաշրջան, որի քառորդդարյա հորձանուտը մեզ ամփոփել է նաև այս դահլիճում՝ անկախության ձեռքբերումները արժևորելու, բացթողումներն իմաստավորելու և ավելի լավ ապագա կերտելու հաստատակամությունը փաստելու նպատակով։

Անկախության 25 տարիները մեզ ուսուցանեցին, թե ինչպե՛ս պետք է ապրել՝ վեհորեն գլուխը վեր պարզած և հաղթանակած ոգով, սակայն, ցավոք սրտի, ցուցանեցին նաև, թե ինչպես չպե՛տք է ապրել… Ազատության կողքին ունեցանք անարդարություն, զարգացման կողքին՝ աղքատություն, աշխատանքի կողքին՝ գործազրկություն, ներգաղթին զուգահեռ՝ արտագաղթ, նվաճումների կողքին՝ փոխձիջումների տրամադրություններ․․․ Երկվության այս երևույթները վերջին երկուս ու կես տասնամյակներում, ցավոք, բնութագրում են այն առանցքները, որոնց շուրջ պտտվել են հայոց հասարակական-քաղաքական վայրիվերումները։

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները մեկ անգամ ևս եկան հաստատելու, որ մեր պարզ և փառավոր զավակները պատրաստ են սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու համար զոհելու իրենց կյանքը։ Սա, թերևս, փաստում է, որ անկախության այս շրջափուլի անուրանալի և անփոխարինելի նվաճումն անկախության սերունդն է, որ մտածում է ազատ, գործում՝ խիզախ և յուրովի նայում ապագային։

Փա՛ռք մեր հերոսներին:

Անկախության քառորդդարյա արդյունքները ամփոփելիս, հայոց առջև ծառացած օրվա հրամայականները կարելի է շրջագծել հետևյալ հրատապ անելիքների շուրջ.

կերտե՛լ արդար հասարակություն, որի պայմաններում յուրաքանչյուր հայորդի պետք է կարողանա սեփական վաստակով արժանապատվորեն ապրել հայոց պետականության ներքո,
ստեղծե՛լ պետական արդյունավետ համակարգ, որի պայմաններում արդար ընտրությունների միջոցով հնարավոր կլինի ձևավորել օրվա իշխանություններին՝ սահմանադրական նոր կարգը հասցնելով իր տրամաբանական արդյունքներին,
վե՛րջ դնել օլիգարխիկ տնտեսությանը՝ ապահովելով գործարարության համար հավասար հնարավորություններ՝ սանձելով սոցիալական բևեռացվածությունը,
հետամու՛տ լինել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և անկախության միջազգային ճանաչման գործընթացներին,
շարունակե՛լ արդիականացնել հայոց բանակն ու ռազմական ողջ համակարգը,
ժամանակակից պահանջների մակարդակի բարձրացնել ազգային կրթության ոլորտը, այն դարձնելով նոր մտքի կերտման և ազգային արժեքների հղկման դարբնոց,
նո՛ր որակ հաղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ արժանապատվորեն, սեփական շահերի հստակ գիտակցումով և կամային նոր դրսևորումներով հանդես գալով միջազգային հարթակում՝ ազգային անվտանգության ապահովման համար վարելով հավասարակշռված քաղաքականություն,
կասեցնե՛լ արտագաղթը, խրախուսելով ներգաղթն ու ազատագրված և սահմանամերձ տարածքների վերաբնակեցումը,
շարունակե՛լ Հայաստան-Սփյուռք փոխհամագործակցության խորացումն ու արդյունավետ նոր համակարգերի գործարկումը՝ Սփյուռքը դիտելով հայոց պետականության հիմնական խարիսխներից մեկը,
շարունակե՛լ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Հայ դատի արդարացի լուծման պայքարը։
Նման ներկայի և ապագայի հեռանկարով է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը կնքել են քաղաքական համագործակցության հուշագիր՝ լծվելով Սահմանադրական նոր կարգի հաստատմանը։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 25-ամյակի խորհուրդը նաև մի նո՛ր սկիզբ է, միտված արդարության, միասնության, համերաշխության և ապագայի նկատմամբ վստահության վերականգնմանը։

Հարգարժա՛ն ներկաներ,

Այսօր Հայաստանի և Արցախի ներքին կյանքն ու արտաքին հարաբերությունները ընթանում են որոշակիորեն նոր իրողությունների պայմաններում։

Ապրիլյան ռազմական գործողությունները փաստեցին, որ՝

Ադրբեջանը չի՛ կարող ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը՝ հակառակ իր ամենօրյա հոխորտանքներին,
Հայոց բանակը մարտունակ է և ի վիճակի՝ պաշտպանելու Հայաստանի և Արցախի անկախությունը,

Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միասնական են և վճռական՝ հայությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու հարցում,
որևէ փոխզիջում չի կարող երաշխավորել Հայաստանի և Արցախի համար առավել մեծ անվտանգության աստիճան, քան այն իրողությունները, որ առկա են այսօր։ Հայաստանն ու Արցախը պետք է զարգանան՝ չզիջելով: Պետ է մեկ ընդմիշտ փաստել՝ որքան մեծ է հայկական շերտը թյուրքական աշխարհների միջև, այնքան հավե՛րժ է Հայաստանը,

որևէ քաղաքական իշխանություն և ուժ չի՛ կարող կայացնել որոշումներ, առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի արտահայտած կամքը. այն է՝ ապրե՛լ ազատ և անկախ՝ այսօր փաստացի ազատագրված տարածքների ներքո: Այս նպատակով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան և պատերազմ սանձազերծած և պարտված Ադրբեջանի հետ՝ հաղթածի իավունքով վարի բանակցություններ,

միջազգային անվտանգության համակարգերը չեն կարող արդյունավետորեն կանխել Հայաստանին սպառնացող վտանգները, և հայ զինվորն ու հայ ժողովրդի միասնականությունն են այն երաշխիքը, որ թշնամին հենց հայոց սահմանի մատույցներում հետ կշպրտվի և կմուրա նոր զինադադար,

7. պետք է մեր միջից արմատախիլ անել պարտվողականությունը և կրկին փաստել՝ անկախությունն ու խախաղությունը չեն մուրում, այլ պարտադրու՛մ են:

Սահմանադրական փոփոխությունները հայոց պետականության համար ստեղծում են նոր պայմաններ՝ խորհրդարանական համակարգի անցման, արդյունավետ կառավարման և անկախ դատական համակարգի ստեղծման, քաղաքական դաշտի առողջացման համար։ 25-ամյա փորձառությունը հանգեցրեց այն համոզմունքին, որ նման սպառնալիքներով տարածաշրջանում հայոց պետական համակարգը չպետք է փաստացի կառավարվի մեկ անձի կողմից։ Չափազանց կարևոր է նաև ընդդիմության ինստիտուտի արժվորման հարցը. ակնհայտ է, որ հայոց պետականությունների առջև ծառացած դժվարությունները հնարավոր չէ հաղթահարել միանձնյա, առանց ուժերի մեկտեղման և առողջ քաղաքական բանավեճի ու մրցակցության։ Եվ քաղաքական համակարգի առողջացման թիվ մեկ պայմանը արդար ընտրություններն են, որի առաջին դրական հիմքերը այսօր առկա են. հասարակության, ընդդիմության և իշխանության քաղաքական երկխոսությունն ընտրական նոր օրենսդրության ներդրման ուղղությամբ ունեցավ իր դրական արդյունքը։

Ոստիկական գնդի գրավման հուլիսյան դեպքերը եկան մեկ անգամ ևս փաստելու, որ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, և երկրում առկա է դժգոհության մեծ ալիք, որը կարող է ստանալ նաև անկանխատեսելի դրսևորումներ՝ մեծ հարված հասցնելով հայոց պետականությանն ու միջազգային հեղինակությանը: Ակնհայտ է, որ փոփոխությունները պետք է ընթանան ոչ թե բաժանարար գծերը խորացնելու, բարիկադներ կառուցելու և ներքաղաքական խնդիրները սուր առճակատումներով լուծելու, այլ երկխոսությունն առավել կառուցողական դարձնելու և նոր կամուրջներ կառուցելու ուղիով:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանում ներկայում ընթացքող նոր կառավարության ձևավորման գործընթացները ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագրի տրամաբանության շրջանակում են և դրական ու շոշափելի փոփոխություններ արձանագրելու նոր հույս են արթնացրել հանրության մեջ: Հուսանք, որ այդ ակնկալիքները կարդարանան և հերթական անգամ չենք ունենա խնդիրներ՝ բազմակի հարցականներով:

Հայաստանի արտաքին հարաբերություններում չափազանց կարևոր է դիվերսիֆիկացված քաղաքականությունը, որի պայմաններում որևէ ուժային կնտրոնի չպետք է հնարավորություն ընձեռել բացարձակ թելադրողի դեր ստանձնել տարածաշրջանում: Հարավային Կովկասում ուժերը հավասարակշռելու հարցում չափազանց կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարությունը: Իրանի հետ բարեկամությունն ու փոխգործակցությունը Հայաստանի միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն իրողություններից են. Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն զարգանելու մեծ ներուժ և այդ հարցում մեծ դերակատարություն ունի ստանձնելու նաև իրանահայ համայնքը:

Մեծարգո՛ պարոնայք և տիկնայք,

Հարգարժա՛ն հոգևոր հայրեր.

Ամփոփելով խոսքս, կրկին շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակների առիթով։ Հետևելով անկախության 25-ամյակի զորահանդեսին, ակնածանքով մի պահ կարծես քայլում էինք հրապարակով և նորովի արժևորում անկախ և հաղթանակած պետականության եռագույնի ներքո ապրելու մեր հաստատակամությունը:

Հայոց հողի 1/7 անկախ հատվածը այն հենակետն է, որտեղից պետք է հառնի մեր նոր խիզախումը՝ վերականգնելով Հայաստանի ամբողջականությունը։

Եվ հայտնի խոսք է՝ երջանիկ ապագայի լավագույն երաշխիքը լավագույն ներկան է։

Եվ թող բոլորիս հոգիները, մտքերն ու բազուկները կրկին մեկտեղվեն՝ կերտելու մե՛ր երազած Հայաստանը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայկական Սփյուռքը:

Կեցցե՛ հայ ժողովրդի եռամիասնությունը:

Արտակ Սարգսյան,

պատմաբան

Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոնի նախագահ,

ՀՅԴ ՀԳՄ կազմակերպական լիազոր մարմնի անդամ

Տպել Տպել