Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք

FotorCreatedԱյսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչը ստիպեց իշխանություններին գնալ կտրուկ փոփոխությունների, ասաց, որ այսօր բոլորին ակնհայտ է, թե ինչը պետք է փոխվի, և որքան էլ նախորդ կառավարությունները փորձել են ինչ-որ բան անել, սակայն չեն կարողացել այն տեմպով լուծել խնդիրները, ինչ արագությամբ դրանք կուտակվում էին:

«Խնդիրները մեծ արագությամբ են կուտակվում, ուստի համակարգային փոփոխություններ են պետք, ներիշխանական խաղի կանոնների փոփոխություն է պետք, և դուք տեսնում եք, թե ինչ աշխույժ փոփոխություններ են տեղի ունենում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ նոր վարչապետը բավական լուրջ, ոչ մի տաբուներով չկաշկանդված լրջագույն գործընթաց է սկսել, և այդ փոփոխությունները պետք է լինեն հստակ տրամաբանված ու նպատակային՝ բոլոր խնդիրներն արձանագրելով, թե որ ոլորտում ինչ խնդիր կա, ինչպես են լուծելու դրանք և ինչ ժամկետներում:

Հարցին, թե արդյո՞ք առաջիկա խորհրդարանական ընտրությունները ստիպեցին գնալ կտրուկ փոփոխությունների, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ փոփոխությունների գնալ ստիպեց այն փաստը, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Երկրում կուտակվել էին լրջագույն մարտահրավերներ, որոնք դանդաղ էին լուծում ստանում կամ լուծում չէին ստանում: Ահա, թե ինչու Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հեռանում է, որ դուռ բացվի փոփոխությունների համար: Պատգամավորի խոսքով` եկել է վարչապետ, ով հստակ սահմանել է, թե ելակետն ինչպիսին պետք է լինի՝ հայտարարելով, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է:

Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ ՀՅԴ-ն դժգոհ է Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, որովհետև ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն ցածր արդյունքներ ունեցավ, ասաց, որ նախևառաջ մարզպետի գործառույթը ձայներ ապահովելը չէ:

«Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք,, կամ նա պետք է գնար ձայներ հավաքեր: Մարզպետի խնդիրը այն է, որ նա կարողանա տվյալ մարզում առաջացած խնդիրներին ժամանակին լուծում տա՝ հայեցակարգված ձևով, և դրանով նվաճեր բնակչության հարգանքը: Արդյունքում կշահեր այն կուսակցությունը, որը ներկայացնում է ինքը:

Մարզպետի ուղղակի դերակատարում ընտրություններում մենք չենք դիտարկել, չենք էլ գնա դրան, որովհետև մենք ուզում ենք հենց դրանից ազատենք երկիրը, որ ընտրություններում չկիրառվեն տարբեր վարչական լծակներ: Որ կիրառող լիներ, երևի այլ արդյունքներ կլինեին, ինչպես դա տխուր ավանդույթի միջոցով տեսնում ենք այլ տեղերում»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Միաժամանակ նա նշեց, որ ՀՅԴ-ն հայտարարել է ՏԻՄ ընտրություններից իրենց դժգոհության մասին: Ռուստամյանի կարծիքով այս ՏԻՄ ընտրությունները մրցակցային էին, կայացած, կա դրական տենդենց:

«Հիմա մենք քննություն ենք նշանակել ՏԻՄ ընտրություններում մեր արդյունքները վերլուծելու համար, և այդ պատկերի հետ կապված մենք կկայացնենք մեր որոշումը, որը կվերաբերվի ամեն մեկի ունեցած դերին, հաշվետվություն պետք է ներկայացնեն բոլոր օղակները»,- ասաց Ռուստամյանը:

Առհասարակ, նրա կարծիքով, քաղաքական պայքարում պարտությունը նորմալ երևույթ է, այն կարող է ունենալ դրական արդյունք լուրջ քաղաքական ուժի համար, որովհետև պարտությունը չի թողնում, որ քաղաքական ուժը մեծամտանա, հոխորտացող հայտարարություններ կատարի, և ստիպում է, որ սխալներդ դիտես բաց աչքով:

ՀՅԴ-ի համար այս ՏԻՄ ընտրությունները կարևոր էին, այն ստուգատես էր առաջին հերթին, մինչև հաջորդ ԱԺ ընտրություններ: Սակայն ՀՅԴ-ն չի ընդունում մյուս ծայրահեղությունը, թե այս ՏԻՄ ընտրությունները արտացոլելու են հաջորդ ԱԺ ընտրությունների արդյունքների պատկերը: ՀՅԴ-ն գտնում է, որ ՏԻՄ ընտրություններում իրենց ներկայացվածությունը աճել է, ուստի այդ համեմատությամբ ՀՅԴ արդյունքները ձախողում համարել չի կարելի:

«Ազնիվ, անկեղծ կվերլուծենք արդյունքները, և կկայացնենք մեր որոշումները: Ինչ վերաբերում է հրաժարականներին, , դա ինքնագլուխ չի արվում, դա ԳՄ որոշումներով է լինելու»,- ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես` Վանաձորում ու Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին:

Հարցին, թե պատկերացնո՞ւմ է ՀՀԿ-ին Վանաձորում ընդդիմադիրի կարգավիճակում, նա պատասխանեց, որ եթե բոլորը միանան, ապա ՀՀԿ-ն ընդդիմադիրի կարգավիճակ ձեռք կբերի:

«Բոլոր խաղաքարտերն այսօր ընդդիմադիր դաշտի ձեռքում են: Այդ առումով էլ դրական եմ համարում, որ առաջին անգամ երրորդ քաղաքում արձանագրվել է մի արդյունք, երբ ոչ իշխանական ուժերն ունեն հնարավորություն կոնկրետ քաղաքում իշխանափոխություն կատարելու: Եվ ի՞նչը պետք է խանգարի նրանց դա անել: Գիտեմ, որ ինչ-որ համաձայնություններ արդեն կան, բայց ես, դառը փորձ ունենալով, չէի շտապի դա վերածել 17 ձայնի: Քվեարկությունը փակ, գաղտնի է լինելու: Կբացվեն տուփերը, կտեսնենք արդյունքները: Ես իսկապես ուզում եմ, որ այդտեղ լինի 18 ձայն, ինչը կնշանակի, որ իշխանությունն անցնում է ընդդիմությանը: Հրաշալի է, բա մենք դա էինք ուզում, որ հակակշռման և զսպման մեխանիզմներ լինեն ոչ միայն ԱԺ-ում, այլև ներքևից վերև: Շատ լավ իրավիճակ է, ես սա համարում եմ լավ նախադեպ, բայց լավ կլինի, որ այդ նախադեպն ինչ-որ ինտրիգներով չձախողվի: Անկեղծորեն եմ դա ասում»,- ասաց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Դաշնակցության վարքագիծը չի փոխվել` անկախ այն բանից` իշխանություն է, թե` ընդդիմություն: ՀՅԴ-ն ունի իր հստակ ծրագրերը, որոնցով էլ առաջ է գնում՝ արձանագրելով հաջողություններ:

«Ովքեր մի ժամանակ դեմ էին սահմանադրական փոփոխություններին, հենց նրանք կարող են վայելել սահմանադրական փոփոխությունների արդյունքները, սակայն չեն ամաչելու, որ Դաշնակցությանը քարկոծել են: Նույնը՝ Վանաձորում ու Գյումրիում ստեղծված իրավիճակն է, որովհետև եթե չլինեին սահմանադրական փոփոխությունները, այդ փոփոխությունների հնարավորությունը չէր լինի, երբ ընդդիմությունը միավորվում է և կոնկրետ քաղաքում իշխանությունն իր ձեռքն է վերցնում: Եվ նույնը կարող է լինել խորհրդարանում»,- ասաց Ռուստամյանը:

Տպել Տպել