Զրույց ընթերցողի հետ

dsc_1079Հարգելի պատճառներից ելնելով` «Ապառաժ» թերթը մեկ ամիս ուշացումով է լույս տեսնում: «Ապառաժ»-ի նախկին խմբագիր Հերմինե Ավագյանն ունեցավ զույգ արու զավակ, որի համար շնորհավորում ենք իրենց ընտանիքին: Սեպտեմբեր ամսից խմբագիր նշանակվեցի ես: Պետք է ավելացնեմ նաեւ, որ մեր թղթակից Արմինե Նարինյանը եւ պատասխանատու քարտուղար Անուշ Աթամալյանն այս ընթացքում ամուսնացել են: Արմինե Նարինյանը թողել է թղթակցային աշխատանքը, իսկ մեր մյուս թղթակից Լուսինե Թեւոսյանը, ով շուրջ մի տարի աշխատել էր թերթի հետ, այժմ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության Արցախի թղթակիցն է: «Ապառաժ»-ի խմբագրությանն է միացել նախկին «Տասներորդ նահանգ» թերթի թղթակից Լիլիա Բաղրյանը, Տաթեւիկ Աղաջանյանն էլ որպես լրագրող կհամագործակցի մեզ հետ:

Ես լրագրողական աշխատանքս սկսել եմ 1988 թվականից, Թեհրանում տպագրվող «Ալիք» օրաթերթում, որն ի դեպ, մի ամիս առաջ տոնեց իր 85-ամյակը: Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ իմ ընկերներին եւ գործընկերներին եւ շնորհակալություն հայտնում 85-ամյակի տոնակատարությանը մասնակցելուն հրավիրելու համար: Դժբախտաբար, ինձնից անկախ պատճառներով չկարողացա մասնակցել տոնակատարությանը: 2006-ից համագործակցել եմ «Ապառաժ»-ին:

Ընթերցողների հետ հաղորդակցվելու համար հանձնարարեցի թերթի լրագրողներին՝ երկուական հարցով դիմեն խմբագրին, որը, որպես զրույց ընթերցողի հետ, հրապարակում ենք այս համարում:

Խմբագիր Արա Պուլուզյան

Լուսինե Թեւոսյան

-«Ապառաժ» թերթը գործում է 1991 թվականից: Ըստ Ձեզ՝ ո՞րն է թերթի այսքան տարիներ գործելու գրավականը, եւ ինչպե՞ս եք պատրաստվում պահպանել հետաքրքրությունը թերթի նկատմամբ:

-Նախ եւ առաջ՝ պետք է նշեմ, որ «Ապառաժ» թերթը 1991 թվականից աշխատել է որպես ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ պաշտոնաթերթ: Այդ իմաստով թերթն ունի իր հատուկ առաքելությունը՝ Դաշնակցության խոսքը դարձնել ժողովրդի սեփականությունը: 25 տարվա աշխատանքի ընթացքում ՀՅԴ Արցախի ԿԿ-ն միշտ էլ կարեւորել է թերթի դերը: Այսօր կարող եմ ասել, որ Արցախում ամենաշատ տպաքանակով տպվող թերթն է «Ապառաժ»-ը: Տպաքանակը 1000 օիրնակ է, որը բաժանվում է 300 համայնքներում, 800 օրինակը «Արցախփոստ»-ի միջոցով ցրվում է շրջաններում: Դա մեր թերթի գլխավոր առավելություն է: Թերթը պիտի զբաղվի նաեւ շրջանների հարցերով, մտահոգությունները պետք է բարձրաձայնվեն, եւ որպես 4-րդ իշխանություն՝ թերթն առաքելություն ունի հասարակության ձայնը լսելի դարձնել իշխանավորին:

-Այսօր Արցախում ընդդիմադիր մամուլ չկա: «Ապառաժ»-ը հանդիսանալով ՀՅԴ Արցախի ԿԿ պաշտոնաթերթ՝ արդյո՞ք իր նյութերում անդրադառնալու է երկրի կառավարման խնդիրներին, հասարակությանը հուզող հարցերին:

-Պարտադիր չէ ընդդիմադիր մամուլ լինել, որ երկրի կառավարման մտահոգող հարցերին անդրադառնալ: «Ապառաժ»-ը նաեւ այդ առաքելությունը պիտի իր վրա վերցնի: Թեեւ Դաշնակցությունն իշխանության մաս է, իշխանության տարբեր օղակներում պատասխանատու դաշնակցական ընկերներ կան, սակայն, թերթը, որպես խոսափող պիտի այդ մտահոգությունները մեր պետական շրջանակի, մեր ընկերների, գործընկերների սեփականությունը դարձնի: Թող չնեղանան թե մեր ընկերները, թե պետական պաշտոնյանները եւ թե յուրաքանչյուր քաղաքացի, ում հասցեին քննադատություն է հնչում: Վստահեցնում եմ՝ դա կառուցողական քննադատություն է լինելու եւ բարձրացված հարցերի ու խնդիրների լուծմանն է ծառայելու:

Առաջիկայում սպասվում է ԼՂՀ Սահմանադրության փոփոխություն: Դաշնակցությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել է հայեցակարգի կապակցությամբ, որը հիմնականում տարբերվում է մյուս քաղաքական ուժերի տեսակետներից: «Ապառաժ»-ը մեծ դեր կստանձնի՝ շրջաններին հասցնելու մեր կուսակցության խոսքը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ: Ի դեպ, հենց այս համարից սկսում ենք նաեւ հրապարակել Դաշնակցության տեսակետը Սահմանադրության հայեցակարգի վերաբերյալ:

Տաթեւիկ Աղաջանյան

-Ինչպե՞ս եք պատկերացնում «Ապառաժ»-ի դերը Արցախի տեղեկատվական դաշտում` հաշվի առնելով թերթի երկշաբաթյա հրատարակությունն ու համացանցի հնարավորությունները:

– Յուրաքանչյուր թերթ, լրատվական միջոց ունի իր առաքելությունը, և ըստ այդմ էլ որոշում է իր ուղղությունը` քաղաքական, տնտեսական, վերլուծական և այլն: Որպես կուսակցական թերթ՝ «Ապառաժ»-ի հիմնական ուղղությունը հասկանալի է, որ պետք է լինի քաղաքական: Որպես տպագիր մամուլ, ինչպես վերը նշեցի՝ շրջաններ առաքվող թերթ, մեր քաղաքականությունը պետք է փոխանցվի շրջանների մեր ընթերցողներին: Իսկ կայքէջն այլ առաքելություն ունի: Կայքէջը կարող է նաեւ լինել լուր փոխանցող միջոց, լրատվամիջոց: Կայքէջը, ճիշտ է, վերջին հաշվով ներկայացնում է Դաշնակցության տեսակետները, բայց ավելի ազատ է՝ այլ տեսակետներ ներկայացնելու:

– Ձեր գնահատականը՝ Արցախում գործող ԶԼՄ-ների կատարած աշխատանքի վերաբերյալ, և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ խոչընդոտներ կան Արցախի ձայնը միջազգային տեղեկատվական ասպարեզում լսելի դարձնելու ճանապարհին:

-Բավականին լուրջ աշխատանք կա կատարելու Արցախի լրատվական դաշտում: ԶԼՄ-ները պետք է տարբեր կարծիքների փոխանակության, բախման ու բյուրեղացման համար որպես հարթակ ծառայեն: Այդ առումով շատ բացեր ունենք Արցախի լրատվամիջոցներում: Թեեւ «Արցախթայմս»-ը փորձում է ինչ-որ տեղ այդ ուղղությամբ աշխատանք տանել: Հույս ունեմ, որ «Ապառաժ»-ը կկարողանա այդ ասպարեզում առաջատար դեր ստանձնել: Առիթից օգտվելով՝ հայտարարում եմ, որ «Ապառաժ»-ը բաց է տարբեր կարծիքների արտահայտման և բանավեճի համար՝ իհարկե խուսափելով ծայրահեղություններից և ինտրիգներից, որն այսօր համատարած է հայաստանյան լրատվամիջոցներում:

Իսկ հարցի երկրորդ մասով կարող եմ ասել, որ համարյա չունենք օտարալեզու լրատվություն: Ռադիոյով ունենք ռուսերեն, ադրբեջաներեն լեզուներով թողարկման ժամեր, հեռուստատեսությամբ՝ ռուսերեն լրատվություն, իսկ կայքերի առումով՝ բավականին աշխատանք կա կատարելու: Պատճառներից մեկն էլ դա է, որ Արցախից լուրերը միջազգային տեղեկատվական ասպարեզում աննշան տեղ են գրավում: Կառաջարկեի պետական օժանդակությամբ Արցախի լրատվական կենտրոն ստեղծել, որի հիմնական ուղղվածությունը կլինի տարբեր լեզուներով Արցախը աշխարհին ներկայացնելը: Դա իհարկե, «Ապառաժ» թերթի և կայքէջի առաքելությունը չէ, բայց դա անհրաժեշտություն է: Լրատվական կենտրոնի կարիքը զգացվեց մանավանդ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ Արցախի պաշտոնական տեսակետը ներկայացվեց միայն երկրորդ օրը, այնինչ՝ հենց առաջին օրից իրավիճակի պատկերն աշխարհի սեփականությունը պիտի լիներ: Պետք է պահեստային կապի ցանց ունենալ, որ նման իրավիճակներում լրատվությունը հնարավորինս կարճ ժամկետներում առավելագույնն արդյունավետությամբ համատարած դառնա:

Լիլիա Բաղրյան

-Ինչո՞վ կցանկանայիք, որ տարբերվեր «Ապառաժ»-ը արցախյան մյուս լրատվամիջոցներից:

– Շատ կցանկանայի, որ ամենաշատ լրագրողական մեկնաբանություններն ու տեսակետները արծարծվեին մեր թերթում, բանավեճի հարթակներ ստեղծեինք տարբեր տեսակետների բախման համար, որով և կաշխուժացնեինք թե թերթի էջերը, թե կայքէջը: Դա պատճառ կհանդիսանա, որ ինչ-որ առումով հետաքրքրություն առաջանա նաև քաղաքական իմաստով հարցերը վերլուծելու, հարկ եղած եզրակացությունների հանգելու համար:

-Որպես թերթի նոր խմբագիր՝ ի՞նչ քաղաքականություն եք վարելու ներսում:

-Թերթը, լինելով Դաշնակցության Արցախի ԿԿ պաշտոնաթերթ, մեծ ուշադրություն է դարձնելու դաշնակցական մամուլում հրապարակվող կուսակցական տեսակետներին, հատկապես՝ Արցախին վերաբերվող: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Ապառաժ» կայքէջը հանդիսանում է կուսակցական մամուլի մասնիկ, կարող է իր վրա ստանձնել նաեւ Արցախի խոսնակի դերը, սկզբնաղբյուրը՝ Արցախում կատարվող բոլոր իրադարձությունները լուսաբանելու և արտերկրի մեր ընթերցողներին թարմ տեղեկատվություն հաղորդելու համար: Ներքին իմաստով՝ «Ապառաժ»-ը բաց է լինելու բոլորի համար, ովքեր ուզում են հոդված հրապարակել, տեսակետ արտահայտել, որի նպատակը «հակա»-ն չէ, այլ «հանուն»-ը, այսինքն՝ կառուցողական դիրքորոշում արտահայտելը:

aparaj.am

Տպել Տպել