Այսօր Շւէյցարիայի Լօզան քաղաքում կայանալու է ինչքան էլ տարօրինակ, բայց յատուկ ձեւաչափով բանակցային հանդիպում, որտեղ սիրիական հակամարտութեան մասին իրենց դիրքորոշումներն ու մօտեցումները փորձելու են «արդարացնել» մէկ կողմից՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ ԴԱԷՇ-ամէտ Թուրքիան ու Ս. Արաբիան եւ միւս կողմից՝ Սիրիայում հակատեռորիստական ուղղութիւն որդեգրած Ռուսաստանն ու Իրանը: Այս վերջինները, սակայն, հակառակ Թուրքիային ու Ս. Արաբիային, այսպէս ասած՝ անկոչ հիւրեր չեն եղել Սիրիայում եւ ուղղակիօրէն ներգրաււել են հնգամեայ ճգնաժամում սիրիական օրինական իշխանութիւնների առաջարկով: Այս փաստացի իրողութիւնը, սակայն, չի խանգարել ԴԱԷՇ-ամէտներին, որպէսզի Իրանին միջամտողականութեան մէջ ամբաստանեն…: Այսպէս՝ Լօզանեան սոյն հանդիպման նախօրեակին իսկ, Թուրքիայի եւ Ս. Արաբիայի արտգործնախարարները համատեղ մի յայտարարութիւն հրապարակելով՝ Իրանին մեղադրել են տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտել-խառնւելու մէջ, երեւի Լօզանում վերջնիս դիրքերը թուլացնելու սին մտադրութեամբ: Զաւեշտն ու յատկապէս անբարոյութիւնը, ինչպէս նկատում է ընթերցողը, կայանում է նրանում, որ միջամտութեան մեղադրանք են հնչեցնում Եմէնի ժողովրդին կոտորող օդային ու ցամաքային ամենօրեայ ռմբակոծումների հեղինակ Ս. Արաբիան եւ արդէն ամիսներից ի վեր Իրաքի հիւսիսային շրջաններ ներխուժած ու զօրամիաւորումներ կուտակած Թուրքիան…:
Ինչեւէ, սիրիական հնգամեայ ճգնաժամի բարւոք լուծման Լօզանեան հանդիպումը, առանձնապէս ոչ մի յոյս էլ չի ներշնչելու, քանի դեռ նման ձեւաչափի բանակցային գործընթացներում մասնակից են ԴԱԷՇ-ի կնքահայրերն ու սպառազինողները, ի դէմս Թուրքիայի ու Ս. Արաբիայի եւ սրանց նկատմամբ մշտապէս վերապահ ու ներողամիտ ԱՄՆ-ի…:
Դ. Մ.
alikonline.ir







