Ընդդիմությունը որոշել էր իշխանության հետ ոտք մեկնել ընտրական տակտիկական հնարքներում եւ պարտվեց

armen-rustamyan
Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեցին պատգամավորների ելույթները ԸՕ փոփոխությունների նախագծի վերաբերյալ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ շատ ելույթներ պարունակում են բազմաթիվ զեղումներ, որոնք կապված չեն ԸՕ փոփոխությունների հետ:

«Դիալեկտիկան հետաքրքիր կատեգորիա ունի՝ հնարավորություն և իրականություն: Օրենքներով ստեղծում ենք հնարավորություն, բայց այն իրականություն դառնում է մարդկանցով: Այնպես որ` ԸՕ-ն չի կարող ինքն իրենով ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բացարձակ խնդիր չլինի: Բազմիցս ասել ենք, որ եթե քաղաքական որևէ ուժ ներկա չէ տեղամասերում, ապա ինչ էլ գրես ԸՕ-ում, միևնույն է, եթե գալիս ենք հանցավոր համագործակցության տեղամասում, ապա կարող են ամեն ինչ էլ անել»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով՝ ԸՕ-ով ստեղծվում են հնարավորություններ, ավելանում են գործիքները, որպեսզի ովքեր դա կարող են օգտագործել, նախ հասկանան` դա ինչպես պետք է օգտագործվի, և սկսեն այդ գործիքները կիրառել ընտրությունների ժամանակ: Պատգամավորը կարծում է, որ այդ գործիքները և հնարավորություններն ավելացել են ԸՕ փոփոխությունների նախագծով:

Անդրադառնալով պատգամավորների բարձրացրած մտահոգությանը՝ կապված սուտ հայտարարության քրեականացման հետ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա ուշադրության արժանի երևույթ է, և որ կառավարության ներկայացուցիչը պետք է անդրադառնա այդ երևույթի իրավաչափությանը ու հայտարարությունների դիտավորությանը: «Դա պետք է ամրագրվի ու հստակեցվի, որ այդպես հեշտությամբ մարդիկ չդատապարտվեն, այն էլ՝ երկուսից հինգ տարի»,- ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի այն մտահոգությանը, թե ե՞րբ է համարվելու, որ ընտրությունների արդյունքներն անվավեր են: Ռուստամյանի խոսքով՝ այդ գնահատողները պետք է լինեն հանձնաժողովները, որոնք անաչառություն ու անկախություն պետք է ունենան` օրինականությունը պաշտպանելու և ասելու համար, որ անճշտություններն ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

Արմեն Ռուստամյանը համամիտ չէր այն ելույթ ունեցողների հետ, որոնք ասում են, որ բոլորը մեղավոր են, Սահմանադրությունը մեղավոր է՝ իրենցից բացի: Պատգամավորի համոզմամբ՝ այդ մտածելակերպով քաղաքական ուժերը որևէ տեղ չեն հասնի:

«Միգուցե Սահմանադրությանը մեղադրելուց բացի, փորձենք պարզ հարցի պատասխանել` այդ ինչպե՞ս եղավ, որ ընդդիմությունը, մեծամասնություն ունենալով, չդարձավ ընդդիմադիր ավագանիների մեծամասնություն: Գյումրիի հետ կապված` համաձայն եմ, որ բոնուսային համակարգն է թույլ տվել, որ այդպես լինի: Բոնուսը պետք է վերացվի, ես դրան դեմ եմ եղել, դա ապագայի հարց է, և կարելի է դա փոխել: Բայց եթե համեմատության մեջ ենք դնում նախորդ ընտրությունները և ընտրակարգը, ապա մարդը կարող էր 10 տոկոս ձայներով անցնել ու դառնալ քաղաքապետ, մինչդեռ հիմա հնարավորություն կա սահմանադրական փոփոխություններով գումարել ընդդիմադիր ձայները և ունենալ մեծամասնություն»,- ասաց Ռուստամյանը:

Նա շեշտեց, որ նոր ընտրակարգով առաջին անգամ իշխանությունը չէր կարողանում մեծամասնություն դառնալ, ինչն անցյալում չի եղել, և դա չի կարող համարվել հետընթաց: «Էն, ինչը որ դրական է, գոնե դա եկեք պահենք, փայփայենք: Ես համարում եմ, որ Սահմանադրության առաջին քննությունը դրական արդյունք է արձանագրել, որովհետև ընդդիմությունը իշխանափոխության հնարավորություն է ունեցել Վանաձորում: Բայց թե ինչպես եղավ, որ ընդդիմությունն այդ փոփոխությունից չօգտվեց, տարբեր պատճառներ կան: Կարող է ընդդիմությունն իր ցուցակում «տրոյական ձիեր» է ունեցել: 18 ձայնը դարձավ 14: Հեշտ է ասել՝ իշխանություններն են արել: Բայց իշխանությունը հա էլ դա է անելու: Մտել եք խաղադաշտ ու պարտվել, սա է իրականությունը»,- ասաց Ռուստամյանը:

yerkir.am

Տպել Տպել